«Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կհետեւեն «Միասնություն» դաշինքի հայտարարությանը»,- այս հարցն էինք ուղղում խորհրդարանական կազմավորումների ներկայացուցիչներին։
Հարցման պահին դեռ հայտնի չէր, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ բավարարել «Միասնության» պահանջներից եւ ոչ մեկը։ Կարելի էր սակայն ենթադրելի համարել հետեւյալ հնարավոր տարբերակները.
ա) նախագահը բավարարում է «Միասնության» պահանջները։ Այդ դեպքում, որեւէ հենարան եւ անգամ քարոզչական լծակներ չունեցող նախագահը ճիշտ կաներ, որ ինքն էլ հրաժարական տար։
բ) Նախագահը չի կատարում «Միասնության» պահանջներից եւ ոչ մեկը։ Եթե «Միասնությունը» չհաշտվի այս իրողության հետ եւ հետեւողական լինի իր պահանջներում՝ Ռոբերտ Քոչարյանը ստիպված պիտի լինի կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Թերեւս որպես պատասխան քայլ կարող է, ասենք, պաշտոնանկ անել վարչապետին։ Խորհրդարանն առայժմ չի կարող լուծարել, ուստի, բացառված չէ, որ այդ դեպքում ԱԺ-ի մեծամասնությունն էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնազրկման գործընթաց սկսի։
Կարդացեք նաև
գ) Նախագահը դեռ այժմ էլ կարող է բավարարել պահանջներից գոնե մեկը, ասենք, ի վերջո, միայն ՀԱՀ-ի տնօրենին հեռացնել զուտ ձեւականորեն գործող բաժնետերերի խորհրդի միջոցով։ Սակայն, այնուամենայնիվ, հարց է, թե արդյոք «Միասնությունը» կհամաձայնի՞ քչով գոհանալ։
Համենայն դեպս, հայտարարության ոճը՝ իր «անհապաղ ապահովել» եւ «անհապաղ ազատել» ձեւակերպումներով, տեղ չէր թողնում ենթադրելու, որ «Միասնությունը» կարող է նաեւ հետքայլ անել, փոխզիջման գնալ։ Իրենք՝ դաշինքի ներկայացուցիչները, բավական խելոք էին, որ ժամանակից շուտ խաղաթղթերը չբացահայտեին, չհրապարակեին, թե ինչ են պատրաստվում անել այս տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում։ Ուստի եւ, երբ «Միասնություն» դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանին հարցրի, թե իր կանխատեսմամբ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, շուրթերի անկյունները ներքեւ իջեցրեց, եւ ամբողջ դեմքը մի մե՜ծ հարցական նշան դարձավ։
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նույն հարցիս ի պատասխան բավական ծիծաղեց։ Հետո ասաց, թե կանխատեսումներով չի զբաղվում։ Իսկ վերլուծությա՞մբ՝ «Իհարկե։ Սեփական կարիքների համար»։ Ի դեպ, լուրեր կան, թե «Միասնության» հաջորդ քայլը մասնավորապես զինդատախազի մարտի 10-ի ասուլիսում նախատեսվող բացահայտումներն են լինելու։ Ինչեւէ։ ԱԺ մյուս կազմավորումները, որոնցից մեկի ներկայացուցիչն իրենց համեմատեց ցլամարտի հանդիսատեսների հետ, առավել խոսքաշատ էին։ Զուսպ էր միայն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը. «Ես չեմ ուզում տեսական խոսակցություններով զբաղվել։ Բազմաթիվ սցենարներ են հնարավոր։ Բայց ոչ մեկն էլ, չեմ տեսնում, թե մի լավ բանի կբերի»։ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը (նրա կանխատեսումն առայժմ ի դերեւ ելավ) հնարավոր էր համարում երկկողմանի փոխզիջումները։
Ի դեպ, նա վստահ էր, թե «Միասնությունը» լուրջ փաստարկներ ունի այս հրաժարականները պահանջելու համար, բայց ինքը դրանց տեղյակ չէր։ Պետք է հույս հայտնենք, որ այդ փաստարկները հնարավորինս շուտ կներկայացվեն հանրությանը, այլապես, մեղմ ասած, խիստ խոցելի է ասուլիս լուսաբանելու պատճառով տեղեկատվական ճնշման եւ քննչական խմբի օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին խոսելը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Միասնության» պահանջներն իրավիճակին «ոչ համարժեք» անվանեց. «Եթե կան պատճառներ՝ դրանք քննենք։ Եթե կա հակամարտություն՝ այն վերացնելու համար պիտի դրա էությունը, պատճառները մինչեւ վերջ բացահայտվեն։ Մեկընդմիշտ լուծվի այդ խնդիրը եւ ոչ թե այս կամ այն առիթն օգտագործելով անընդհատ թեժացվի եւ շիկացվի հանրապետության մթնոլորտը»։ Սակայն, Արմեն Ռուստամյանը լավատես չէր փոխզիջումների հնարավորության առումով. «Եթե տառացիորեն հետեւեն տեքստի տրամաբանությանը, ուրեմն հետքայլի տեղ, ըստ էության, չի մնացել»։
Արմեն Ռուստամյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ կհետեւի հրաժարականների պահանջի անտեսմանը. «Իսկ եթե անհապաղ չարվի դա, ապա ի՞նչ։ Հենց այդ «ապա ինչն» է, որ մեզ շատ անհանգստացնում է։ Մանավանդ որ Սահմանադրության եւ օրենսդրական բոլոր հնարավորություններից ելնելով՝ նման պահանջի իրավունք չունի «Միասնությունը»։ Նախագահը, եթե անգամ քաղաքական մեծամասնության անհապաղ պահանջը կատարի՝ ուրեմն նա իր տեղում չէ, իր լիազորություններն ամբողջությամբ չի իրականացնում եւ պատշաճ ձեւով չի տիրապետում իրավիճակին»։ Կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն առայժմ արդարացնում է ՀՅԴ սպասելիքները։ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը համարում էր, թե կուսակցությունները դատավորի դերում են հանդես գալիս իշխանական վերնախավի այս հակամարտության մեջ, որի կողմեր նա նշեց նախագահին եւ երկրապահներին. «Եթե այս հունով ընթանա հակամարտությունը, ապա քիչ նշանակություն ունի՝ երկրապահակա՞ն թեւը կհաղթի, թե՞ նախագահական։ Քանի որ լարումն այնպիսին է, որ երկու հակառակ ճամբարներում էլ գրեթե համոզված են, թե մեկի հաղթանակի դեպքում մյուսը պիտի պատժվի բոլոր մեղքերի համար»։ Այնուամենայնիվ, պրն Խաչատրյանն ընդհանուր միտումները նկատի առնելով համարում էր. «Մի փոքր հնարավորություն ունենք դրական գործընթացների ականատես լինելու»։
Հայկոմկուսի Երեւանի քաղկոմի քարտուղար Յուրի Մանուկյանի մեկնաբանությամբ, կտրուկ գործելաոճը պիտի բացառվի, եթե կողմերին մտահոգողը երկրի եւ ժողովրդի ապագան է. «Պիտի հասկանան, որ նույնիսկ փխրուն կայունությունը նախընտրելի է առճակատումից։ Չի կարելի այդպես առաջ գնալ՝ դա լավագույն դեպքում տեղում դոփել կլինի, կամ էլ հետընթաց։ Մենք մոռացել ենք, որ կրակի հետ ենք խաղ անում. ժողովուրդը մի օր կարող է ասել, թե ոչ մի իշխանություն էլ իրեն պետք չի»։ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, թե պատրաստվում են հանդես գալ հանդուրժողականության կոչով. «Քանզի առճակատումը ոչ մի լավ բան չի տալու. ավելի է խորացնելու այն տխուր վիճակը, որ ունենք տնտեսության մեջ եւ լրացուցիչ անվստահություն է առաջացնելու այս երկրի նկատմամբ»։ Նրան հարցրինք՝ մի՞թե ներիշխանական այս էլ քանի ամիս շարունակվող ճգնաժամը նախընտրելի է համարում դրա հանգուցալուծումից։ «Մենք նախընտրելի ենք համարում քաղաքական հանդուրժողականության հետագա խորացումը,- ասաց Արթուր Բաղդասարյանը։- Բայց մի քանի ամիս առաջ արդեն հայտնել ենք՝ եթե ներիշխանական ճգնաժամը գնալով ավելի պիտի խորանա, վիճակն ավելի վատանա, ապա ելքը նախագահական եւ խորհրդարանական նոր ընտրություններն են։ Բայց մինչ այդ՝ պիտի փորձենք ամեն ինչ անել, որ երկիրը բնականոն հունով զարգանա, քանի որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն նոր ցնցումներ է ենթադրում։ Եվ այս երկրում թերեւս դժվար է երաշխավորել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»։ Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ ցնցումների միջոցով նաեւ բուժում են՝ ուշքի են բերում արդեն անկենդան թվացող մարմինը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ