Սույն թվականի մարտի 2-ին 1999թ. հոկտեմբերի 27-ի մեղադրյալների պաշտպաններ Ռուբեն Սահակյանը եւ Ռուբեն Ռշտունին իրենց մտահոգությունները հայտնեցին նախաքննության մարմնի անօրինականությունների վերաբերյալ՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը։ Հաջորդ օրը չհապաղեց հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներով շրջապատված զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատասխանը, որով տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ զինդատախազությունը կատարում է քաղաքական պատվեր։ Փորձ է արվում ուժի ցուցադրումով ահաբեկել փաստաբաններին։ Օգտվելով գործի նկատմամբ հասարակության վերաբերմունքից, զինվորական դատախազը բարոյական ճնշում է գործադրում նախաքննության ընթացքի մասին ցանկացած այլ տեսակետ արտահայտողների նկատմամբ՝ միայն իրեն վերապահելով գործին գնահատական տալու իրավունքը։
Մտահոգիչ է նաեւ սպառնալիքները Ազգային հեռուստատեսության նկատմամբ։ Հարկ է նշել, որ պետական հեռուստատեսություն չի նշանակում իշխանության կամ նրա որեւէ թեւի կամքը կատարող հեռուստատեսություն եւ պարտավոր է լուսաբանել հանրապետությունում կատարվող բոլոր իրադարձությունները՝ այդ թվում նաեւ փաստաբանների ասուլիսը։ Հայաստանի հելսինկյան կոմիտեն գտնում է, որ ցանկացած քրեական գործի քննություն, անկախ նրա բնույթից, պետք է կատարվի օրենքի խստիվ պահպանմամբ, դատապարտում է զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ գրաքննություն մտցնելու ցանկացած փորձ եւ պահանջում դադարեցնել սպառնալիքները փաստաբանների նկատմամբ։
Հայաստանի հելսինկյան կոմիտե
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, հայտնելով իր խոր մտահոգությունը Հայաստանի քաղաքական կյանքի հերթական շիկացման առնչությամբ, վերահաստատելով իր շահագրգռությունը «Հոկտեմբերի 27-ի գործի» լիարժեք եւ ամբողջական բացահայտման հարցում, արձանագրելով, որ
Կարդացեք նաև
– ցանկացած իրավաբանական վեճի ժամանակ քաղաքական շրջանակները իրավունք չունեն դատավորի կեցվածքով հանդես գալ,
– «Հոկտեմբերի 27-ի գործով» հարցի պարբերական քաղաքականացումը սպառնում է վերջնականապես կաթվածահար վիճակի հասցնել պետական համակարգի գործունեությունը,
– Հայաստանում խոսքի, քաղաքական հայացքների եւ մամուլի ազատությունը հիմնարար սկզբունք է եւ անթույլատրելի է այդ ազատությունների սահմանափակման ցանկացած փորձ կամ գործողություն,
Հայաստանի համար այս ծանր պայմաններում, երբ
– քաղաքական շրջանակների միջեւ համերաշխության ու համագործակցության համաձայնությունները կասկածի տակ են դրվում հերթական հակամարտության հրապարակ գալով,
– Արցախի խնդրով Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշումները նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում մեր ժողովրդին ու իշխանություններին,
– տնտեսական վիճակի օրավուր վատթարացումը եւ սոցիալական բեւեռացումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը,
– տնտեսական ու ընկերային ծանր վիճակի, հուսալքության, օրինականության ոտնահարումների հետեւանքով նոր թափ է ստացել համազգային աղետի վերածված արտագաղթը,
Հայտարարում է՝
անընդունելի են ճգնաժամային այս պահին Հայաստանի պետական հաստատությունների միջեւ նոր սկիզբ առնող հակամարտությունները եւ վերջնագրերը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ