«Երիտասարդ ջան, երիտասարդ Դեմիրճյանի նման ես, հորդ նման ես, պաշտոնդ, գործդ շնորհավոր լինի»,- այս խոսքերով եւ աղուհացով դիմավորեցին Սպիտակի շրջանի Ջրառատ գյուղի բնակիչները ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանին, ու մի տեսակ Կարեն Սերոբիչի կարոտն առնելու պես էին նայում նրան։
Ժողովուրդն իրոք տրամադրված էր հոր հանդեպ եղած սերն ու վստահությունը փոխանցել որդուն։ «Դժվար բեռի տակ է մտել» Ստեփան Դեմիրճյանը, կկարողանա՞ տակից դուրս գալ։ Թերեւս, քանի որ գյուղացիների հետ զրույցներում ինքն էլ չթաքցրեց, որ հասկանում է պատասխանատվությունը։ ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար դառնալուց հետո, Ստեփան Դեմիրճյանը աշխատանքային այցերով արդեն եղել է հանրապետության բազմաթիվ շրջաններում։ Շաբաթ օրը ՀԺԿ նախագահի պաշտոնակատարը, նրան ուղեկցող պատգամավորներ, ՀԺԿ վարչության անդամներ այցելեցին Սպիտակ եւ Վանաձոր։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո հուսահատված եւ հիասթափված ժողովուրդը կարծես նոր հույսի ակնկալիքով դուրս էր եկել Կարեն Դեմիրճյանի որդուն դիմավորելու։ Օրհնելուց եւ փառաբանելուց բացի, մեր ժողովուրդը կարողանում է նաեւ իր պակաս-պռատ բաներից խոսել, իսկ դրանք՝ որքան ուզես։ Օրինակ՝ սերմացու չունեն, ջուր չունեն, կաղամբ ունեն՝ գնորդ չկա։ Սպիտակի քաղաքապետարանում ՀԺԿ տարածքային կազմակերպության անդամները աշխատանքային առաջին հանդիպումն ունեցան ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի հետ։ ՀԺԿ Սպիտակի տարածքային կազմակերպության քարտուղար Ռաֆիկ Այվազյանը ներկայացնելով կուսակցության պատմությունը, ասաց, թե հոկտեմբերի 27-ից հետո կուսակցությունն ակտիվ գործունեություն չի ծավալել, բայց. «Երբ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը, ոգեւորությունը համակեց մեզնից յուրաքանչյուրին, ժողովրդի հույսի ճրագը պետք է բոցկլտա»։ Խոսակցությունը հիմնականում չունենք ու չկայի շրջանակներում էր։ Ելույթ ունեցողները Սպիտակի խնդիրները ներկայացնելիս խիստ անհույս էին. «Եթե այսպես շարունակվի, 10 տարի հետո այս ժողովուրդն իսկապես կմահանա»։
Սպիտակցիների խնդիրներն առանձնահատուկ են առաջին հերթին այն պատճառով, որ սպիտակցիները սովորական ծածկի պրոբլեմն ունեն, բնակչության մեծ մասն ապրում է վագոն-տնակներում։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը ելույթ ունենալով ՀԺԿ Սպիտակի տարածքային կազմակերպության ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այն կանխատեսումները, թե ժողովրդական կուսակցությունը կքայքայվի, կտրոհվի՝ չիրականացան եւ չեն էլ իրականանա։ Բազմահազարանոց կուսակցություն է, բայց մենք ոչ մի դեպքում արհեստական քանակի հարց չենք դնում, մեզ պետք են իրոք նվիրյալ մարդիկ եւ այս առումով շատ կարեւոր է կուսակցության տոմսերի հանձնումը։ Տոմս պետք է ստանան այն մարդիկ, որոնք իրապես նվիրված են կուսակցությանը, կուսակցության գաղափարներին։ ՀԺԿ-ի անդամ լինելը առավելություն չի, պատասխանատվություն է»։
Կարդացեք նաև
Ի դեպ, պատասխանատվության մասին պարոն Դեմիրճյանը նկատեց. «Այսօր շատ է խոսվում պատասխանատվության մասին, կարծես թե շատերի մտքներին պատասխանատվությունը սրա-նրա վրա գցելն է։ Եթե այսօր կա մի ուժ, որը ընդհանրապես կապ չունի երկրի այս վիճակի համար, դա ՀԺԿ-ն է։ ՀԺԿ-ն էլ մտածում է ժողովրդին այս վիճակից դուրս բերելու մասին։ Երկիրը ձեռքից գնացել է, անընդհատ ինչ-որ խաղերի մեջ են՝ ես պատասխանատու չեմ, դու պատասխանատու ես։ Իհարկե, այս մոտեցումներով առաջ չենք գնա։ Եվ այս պրոբլեմներն այսօր չեն ստեղծվել, հոկտեմբերի 27-ից հետո չեն ստեղծվել։ Դրանից առաջ էլ ծանրագույն վիճակ էր երկրում։ Էլ ավելի խորացավ այդ փոսը, որի մասին հիմա բոլորը խոսում են։ Բայց մինչեւ հոկտեմբերի 27-ը ժողովուրդը վստահ էր, որ կան մարդիկ, լիդերներ, որոնք ունեն համապատասխան կամք եւ իմաստություն ժողովրդին այս վիճակից հանելու համար։ Հիմա ՀԺԿ-ն էլ, «Միասնությունն» էլ պատասխանատվությունից չեն վախենում եւ ամեն ինչ կանեն երկիրը այս վիճակից հանելու համար։ Այս լարված վիճակում գործ պետք է անել եւ ոչ թե զբաղվել քաղաքական դեմագոգիայով, ինտրիգներով եւ դիտորդությամբ»։
Նախաքննության վերաբերյալ հարցերը չէին կարող շրջանցվել։ Մարդկանց այս հարցերին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Մենք հիմք չունենք չվստահել նախաքննությանը։ Նախաքննությունը պետք է գնա բնականոն ընթացքով, խոչընդոտներ պետք է չլինեն։ Ամենաշահագրգիռը ես եմ, որ դա շուտ արվի, բայց հասկանում ենք, որ բարդ գործ է, պետք է սպասենք»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ