Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի դեմ սրած բիզը

Մարտ 07,2000 16:09
robert qocharyan

Հայաստանի իշխանության երկբեւեռությունը իր հերթական արտացոլումը գտավ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ կուսակցությունների փորձի պակասը, հայտարարության հապճեպությունը եւ հուզականությունը այն տպավորությունը ստեղծեցին, որ «Միասնությունը» դժգոհ է «Հայլուրով» փաստաբանների ասուլիսի լուսաբանումից եւ այդ պատճառով պահանջում է նախագահից Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Նաղդալյանի հրաժարականը։

Մինչդեռ խնդիրն իրականում կա՝ Ազգային հեռուստատեսությունն իսկապես հանդես է գալիս որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական զենք եւ որոշ դեպքերում հակադրվում է իշխանության մյուս՝ վարչապետա-երկրապահական թեւին։ Մեղադրել Տիգրան Նաղդալյանին, որ նա նախագահի կողմնակիցն է, անիմաստ է։ Պահանջել նախագահից պետական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հրաժարականը՝ պարզապես անհեթեթ է: Խնդրի լավագույն լուծումը կլինի ընդունել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը խորհրդարանում, որտեղ «Միասնությունը» մեծամասնություն ունի։ /Ընդ որում, մեր կարծիքով, այստեղ պետք է ոչ թե «ազգայինը» վերանվանել «հանրային», թողնելով նույն «պետական» էությունը, այլ շատ ավելի արմատական լուծում տալ՝ մասնավորեցնել այդ հեռուստատեսությունը, բաց բաժնետիրական ընկերություն դարձնելով/։ «Միասնությունը» կարող էր նաեւ առաջարկել իրեն համախոհ կառավարությանը՝ իր նիստում փոխել Ազգային հեռուստատեսության բաժնետերերի կազմը։

Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա նախագահի աշխատակազմի ղեկավարը չի կարող այլ բան անել, քան անցկացնել նախագահի քաղաքականությունը՝ այդ ամբողջ աշխատակազմը ընդամենը օժանդակ  գործիր  է  երկրի  ղեկավարի ձեռքին։

Հետեւաբար, եթե փորձենք տրամաբանություն որոնել «Միասնություն» դաշինքի հայտարարության մեջ, ապա, հավանաբար, խորհրդարանական մեծամասնությունը դժգոհ է նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից, բայց «երկրի կայունությունը պահպանելու» եւ «լարվածություն չստեղծելու» նկատառումներով իրենց դժգոհությունը սահմանափակում են երկրորդական պաշտոնյաներին գործից հանելու կոչով: Սակայն վաղ թե ուշ քաղաքական փորձ ձեռք բերելուն եւ ավելորդ հուզականությունից ազատվելուն զուգահեռ՝ ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն, ըստ երեւույթին, կաշխատեն ավելի հստակ եւ հասցեագրված կազմակերպել իրենց դժգոհություններն ու պահանջները։ Եթե, իհարկե, նրանք պատրաստվում են մնալ քաղաքական դաշտում եւ սահմանադրական պայքարի ոլորտում։

Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա հերթական հեղաշրջումը, ապա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված կլինեն հիշել ժողովրդական փոքր-ինչ կոպիտ իմաստնությունն այն մասին, թե որտեղ է ի վերջո հայտնվում ուրիշի դեմ սրած բիզը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031