Նախկին վարչապետ, նախկին նախարար Արմեն Դարբինյանը լրագրողներին գրեթե խոստացավ վարչապետ այլեւս չդառնալ, լիարժեքորեն խոստացավ շատ ակտիվ հասարակական, պակաս ակտիվ քաղաքական գործիչ լինել։ Որոշ կրճատումներով տպագրում ենք նրա պատասխանները «Առավոտի» եւ այլ լրատվամիջոցների հարցերին։
– Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ներկայիս կառուցվածքին։
– Կարեւորը կառավարության արդյունավետ գործունեությունն է։ Եթե վարչապետը համարում է, որ այս կառուցվածքն է… Ես ցանկացել եմ հաջողություններ եւ ասել, որ ես պատրաստ եմ օժանդակելու խորհուրդներով, մասնակցությամբ՝ նաեւ որպես հասարակական եւ քաղաքական գործիչ։
-Նոր կառավարությունում ո՞վ է աշխատելու միջազգային կառույցների հետ։
Կարդացեք նաև
– Օ՜օ՜։ Վարչապետին հարցրեք։ Դա իմ խնդիրը չէ։ Ընդհանրապես որեւէ մոնոպոլիա պետք չէ այստեղ դիտարկել, այս կամ այն անձի մոնոպոլ դիրք կառավարությունում, այդ թվում՝ Դարբինյանի։ Կառավարությունը թիմային աշխատանք է, եւ համոզված եղեք, որ թե ինձ, թե Բարխուդարյանին որեւէ բան չէր հաջողվելու, եթե չլիներ կառավարության թիմային աշխատանքը։
– Ինչպե՞ս եք վերաբերվում լիբերալ կառավարության կազմի մեջ կոմունիստ նախարարի հանգամանքին։
– Ը-ը-ը։ Ես շատ մեծ նշանակություն չէի տա այդ հանգամանքին։ Ես կփորձեի նայել կառավարությանը, կրկնում եմ, որպես թիմ։
«Առավոտ»– Կարելի՞ է այդ դեպքում թիմը համեմատել ֆուտբոլային թիմի հետ, երբ խաղացողները չեն հերիքում եւ հակառակորդ թիմից դարպասապահ են վերցնում։
– Չեմ կարծում, որ դա էր պատճառը։ Այլապես «Միասնություն» դաշինքը չէր վերցնի պատասխանատվությունը։
«Առավոտ»– Ինչո՞վ եք բացատրում եւ ինչպե՞ս եք վերաբերվում, որ որպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար ընտրվեց Լեւոն Բարխուդարյանը։
– Շատ դրական։
«Առավոտ»– Ինչո՞վ եք բացատրում։
– Բացատրում եմ հետեւյալ հանգամանքով. ընդհանրապես շատ դժվար է նախկին վարչապետին որեւէ այլ կառավարությունում աշխատել։ Իմ համաձայնությունը Վազգեն Սարգսյանի հետ տեղի էր ունեցել իմ վարչապետությունից դուրս գալու հաջորդ օրը, եւ ես անկեղծորեն համաձայնել էի աշխատելու եւ օգնելու Վազգեն Սարգսյանին։ Դա թիմային աշխատանք էր, եւ ես շատ ուրախ եմ այդ ժամանակահատվածի համար։ Արամ Սարգսյանի կառավարությունում ես փորձել եմ անել առավելագույնը՝ օգնելու, կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու համար, եւ պատրաստ եմ նաեւ հիմա իմ օգնությունը ցուցաբերել։
«Առավոտ»– Այսինքն, Ձեր օգնության կարիքը չզգացի՞ն այս անգամ։
– Չեմ կարծում, թե չզգացին։ Մարդուն կարող են ընդգրկել կամ ոչ՝ ելնելով տվյալ պահի քաղաքական, տնտեսական իրավիճակից եւ տվյալ պահի պահանջից։ Տվյալ պահի պահանջը չէր, որ ես կազմեի կառավարության մասը։ (Էդ էինք էլի ասում- Ա. Գ.)։
«Առավոտ»– Իսկ «Արժանապատիվ ապագա՞ն»։
– Իմ կուսակցական ընկերները երջանիկ են, որ ես դուրս եմ եկել կառավարությունից։ Որովհետեւ իմ գտնվելը կառավարությունում որոշ չափով սահմանափակում էր իմ կուսակցական ընկերների հնարավորությունները՝ արտահայտվելու, որոշակի վերլուծություն կատարելու։ Նրանք այժմ ունեն այդ հնարավորությունը։ Այդ իմաստով նրանք երջանիկ են։
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները նորից միացան մի քանի անգամ միանալ-բաժանվելուց հետո։
– Դա կախված է տվյալ պահից, վարչապետի պատկերացումներից՝ ինչպես է այդ կառավարությունը գործելու ավելի արդյունավետ եւ, իհարկե, տվյալ քաղաքական ուժի կամ վարչապետի կադրային ռեսուրսից։ Այն հարցին, թե որտեղ է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Դարբինյանը, սեփականաշնորհման մեծն ջատագով Արմեն Դարբինյանը պատասխանեց՝ «Անի» հյուրանոց։ Մոռանալով, որ սեփականաշնորհումից հետո այն դարձել է «Անի պլազա»։
Գրի առավ
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ