ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ եւ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի երեկ ստորագրած «Միասնություն» դաշինքի հայտարարության մեջ պահանջվում էր անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության քարտուղար Սերժ Սարգսյանին եւ ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ Պրն Սարգսյանին ուշ երեկոյան գտնել չկարողացանք, սակայն զրուցեցինք ՀԱՀ տնօրենի հետ։ Պրն Նաղդալյանը հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ իր պաշտոնանկության պահանջի մասին ասաց հետեւյալը. «Պաշտոնանկության պահանջը, մեղմ ասած, ճիշտ հասցեով չի ուղղված։ Ազգային հեռուստատեսության տնօրենին իրավունք ունի ազատել «ԱՀ» ՊՓԲԸ-ի լիազորած հանձնաժողովը։ Հայտարարության մեջ, ցավում եմ, ոչ գրագետ ձեւակերպումներ կան։ Մասնավորապես, «նախագահի աշխատակազմի ղեկավարության տակ գտնվող ԱՀ»։ Սակայն Հայաստանում նման հաստատություն չի գործում։ Էլ չենք ասում Սերժ Սարգսյանի մասին արված ձեւակերպումները, որոնք, ինչպես ասում են, արված են ни к селу ни к городу։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը։ Հուսով եմ, որ հանրապետության նախագահը ստիպված կլինի հայտարարության հեղինակներին բացատրել պարզ ճշմարտություններ (այսինքն՝ որ ԱՀ տնօրենին հեռացնելն իր իրավասությունների շրջանակում չէ- Լ. Ա.)։ Այն մեղադրանքի մեկնությունը, որ ՀԱՀ-ը եթեր է հեռարձակել փաստաբանների ասուլիսը, այսինքն՝ լրատվություն է հաղորդել, թողնում եմ «Առավոտին»։ Կարծում ենք, որ անկախ նրանից՝ հեռուստատեսությունը պետական է, թե մասնավոր, պարզապես պարտավոր է ներկայացնել օրվա իրադարձությունը։
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՈՉ ԹԵ ԽՆԴՐՈՒՄ Է, ԱՅԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ստեփանակերտի էլցանցի ձերբակալված տնօրեն Վալերի Բալայանի մասին ղարաբաղյան մամուլում վարկաբեկիչ հոդվածներ են տպագրվել, որոնց արձագանքել է Սամվել Բաբայանը։ Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչը եւ նրա անունից ասաց հետեւյալը. «Բաբայանը նախ իր զզվանքն է արտահայտում արժեքների ոտնահարման եւ արհեստական արժեքներ ստեղծելու այս մթնոլորտի վերաբերյալ։ Առանց ամաչելու գետնին են հավասարեցնում մի մարդու եւ նրա արժանապատվությունը, որը ողջ Ղարաբաղում հայտնի է որպես արցախյան ազատամարտի 1-ին կազմակերպիչ։ Այս պատերազմում այս կամ այն մարդու ունեցած մասնակցության մասին, հավանաբար, ամենաճիշտ տեղեկությունը կարող է հայտնել այդ պատերազմի ղեկավարը՝ Սամվել Բաբայանը, եւ այդ իրավունքով էլ նա ասում է, որ Վալերի Բալայանը շարժման առաջին տարիներից եղել է ինքնապաշտպանական զինված ջոկատի ղեկավարներից մեկը, որն 91-ին, երբ բանակ տակավին գոյություն չուներ, ղեկավարում էր հայկական հետախուզական ջոկատները։ Բաբայանը բացարձակ եւ ծայրահեղ անբարոյականություն է համարում այն միտքը, թե Վ. Բալայանին համեմատում են Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ղազիեւի հետ։ Սա խիստ վտանգավոր է։ Եթե Օլեգ Եսայանն այսօր արդեն խոսում է, որ ինքն է կազմակերպել Շուշիի ազատագրման օպերացիան, պարզ է, որ այդքանից հետո պիտի ասեն, որ Վ. Բալայանը չի մասնակցել պատերազմին, իսկ Սամվել Բաբայանը եղել է առաջին դասալիքը։ Սամվել Բաբայանը դատախազությունից խնդրելու բան չունի, նա պահանջում է, որ դատախազությունը փոխի Վալերի Բալայանի խափանման միջոցը»։
Կարդացեք նաև
Լ. ԱՎԱԳՅԱՆ