Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՈՉ ՄԵԿԻ ԳԼԽԻՆ ԱՂՅՈՒՍ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ

Մարտ 04,2000 00:00
Tigran Naghdalyan

«Միասնություն» դաշինքը երեկ դարձյալ հանրապետության նախագահին ընտրության առաջ դրեց՝ պահանջելով պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին եւ ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ Ապա եւ «անհապաղ ապահովել բնականոն պայմաններ հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմնի գործունեության համար»։ Հակառակ դեպքում «Միասնություն» դաշինքը «սպառնում» է նախագահին՝ խորհրդակցել նրա հետ իր ապագա քայլերի մասին։

Հայտարարությունը ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը կարդաց հետեւյալ անփոփոխ եւ կուռ կազմի ներկայությամբ՝ վարչապետ Արամ Սարգսյան, «խունտիստ» Վահան Շիրխանյան, Պնախարար Վաղարշակ Հարությունյան, Սմբատ Այվազյան, գեներալ Մանվել, գնդապետ Սեյրան, ՀՀ գլխավոր դատախազ, զինդատախազ։ Ներկա էր նաեւ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը։

Հրաժարականի պահանջը, ըստ պրն Մարգարյանի, «օդից չի ծնվել», այլ կաթիլ-կաթիլ հասունացել է ամիսների ընթացքում։ Իսկ համբերության բաժակը լցրել է մարտի 2-ին փաստաբաններ Ռ. Ռշտունու եւ Ռ. Սահակյանի ասուլիսը, որը՝ ի թիվս այլ լրատվամիջոցների, լուսաբանել է նաեւ ՀԱՀ-ը։ Սա «Միասնությունը» դիտարկում է որպես «ակնհայտ տեղեկատվական ճնշում նախաքննությունը վարող քննչական խմբի եւ նրա ղեկավարի նկատմամբ, որով ձգտում են ապակողմնորոշել հասարակական կարծիքն ու զոհվածների հարազատներին»։

Հայտարարության ընթերցմանը ներկա Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ի դեպ, հրավիրվել էին որպես տուժողներ։ Նախօրյակին փաստաբանները կոչ էին արել զոհվածների հարազատներին՝ վերահսկողության տակ պահել նախաքննությունը։ Ի պատասխան՝ տուժող Արամ Սարգսյանը հայտնեց, որ թե՛ իր, թե՛ Դեմիրճյանների ընտանիքները լիովին վստահում են քննչական խմբին եւ նրա աշխատանքը համարում անկողմնակալ։ Առավել եւս, որ զինդատախազությանը պատմություն հորինելու եւ արհեստական լուծում գտնելու պատվեր ոչ ոք չի տվել։ «Մեզ անհրաժեշտ է իմանալ իրական թշնամուն»։ Նույն կարծիքին էր նաեւ Ստեփան Դեմիրճյանը. «Ակնհայտ է, որ բարդ գործ է եւ ժամանակ է պահանջում։ Ստիպված ենք սպասել։ Անթույլատրելի եմ համարում հասարակական կարծիքի ապակողմնորոշումն ու քննչական խմբի առաջ խոչընդոտներ ստեղծելը»։

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ամեն դեպքում հիշեց, որ «Այն մեղադրանքները, որոնք հնչել են ՀԱՀ-ով, իհարկե, հնչել են պաշտպանների բերանով, անհիմն են։ Բոլոր ձերբակալվածներն ունեն փաստաբաններ։ Ես ինքս բազմիցս դիմել եմ պաշտպանյալներին, որ ովքեր վիճարկում են ներկայացված որոշումների հիմնավորվածությունը, դրանք բողոքարկեն վերադաս ատյաններում»։ Ըստ պրն Ջհանգիրյանի՝ ցանկացած հրապարակում ճնշում է նախաքննական խմբի վրա։ (Ստիպված ենք հիշեցնել, որ այդ դեպքում պետք է ճնշում որակվի նաեւ «Միասնության» ձեւակերպումը, որը նախաքննությունը չավարտված՝ հոկտեմբերի 27-ը որակում է որպես «պետական հեղաշրջման փորձ»)։

Պրն Ջհանգիրյանը նկատեց նաեւ, որ փաստաբաններն իրենց ասուլիսում հրապարակել են նախաքննության տվյալներ. «Դա քրեորեն պատժելի արարք է, եւ այդ հարցը դեռ կքննարկենք»։

Լրագրողների հարցերին երեկ վարչապետը չպատասխանեց՝ ասելով. «Այսօր տրամադրություն չունեմ»։ Պրն Ջհանգիրյանը խոստացավ խոսել ամսի 10-ի իր ասուլիսում։

Որոշ պարզաբանումներ «Առավոտը» խնդրեց Անդրանիկ Մարգարյանից. «Պահանջելով Սերժ Սարգսյանի եւ պրն Նաղդալյանի հրաժարականները՝ Դուք նրանց մեղադրում եք նախաքննության աշխատանքներին խոչընդոտելու մեջ։ Բացի փաստաբանների ասուլիսից՝ նման մեղադրանքի համար այլ հիմքեր ունե՞ք»։ Պրն Մարգարյանը պատասխանեց, որ ՀԱՀ-ը տվել է ոչ միայն նյութեր ասուլիսի մասին, «այլեւ հիշվեց Սպիվակովի եւ նրա կնոջ կողմից ուղարկված նամակը, որի մասին արդեն ասվել էր։ Մոռացության էինք տվել դա, որեւէ ռեակցիա չտվեցինք։ Հիշվեց Ֆրանսիայի մի քաղաքապետի նամակը։ Չգիտես ինչու այդ ամենը միանգամից հիշվեց։ Այստեղ միտումնավորություն ենք տեսնում»։

Մեր՝ «ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը» հարցին, պրն Մարգարյանը այսպես հիմնավորեց հրաժարականի պահանջը. «Գաղտնիք չէ, որ ՀԱՀ-ը գտնվում է հիմնականում նախագահի աշխատակազմի վերահսկողության տակ»։ Ի պաշտոնե՝ Ս. Սարգսյանը պետք է պատասխան տա կատարված «անփութության» համար։

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ՝ թե պահանջելով այդ երկու հրաժարականները, «Միասնությունը» այլ թեկնածուներ ունի՞ այդ պաշտոնների համար։ Ա. Մարգարյանը կարճ կապեց. «Տեխնիկական խնդիր է։ Ս. Սարգսյանի մասին պետք է ՀՀ նախագահը մտածի, իսկ քարոզչական դաշտի վերաբերյալ, բնական է, «Միասնությունը» թեկնածու կառաջարկի։ Չքննարկենք՝ ում, առուն չտեսած՝ հոպ չասենք»։

Մեր հարցին՝ «Միասնությունը» գտնում է, որ փաստաբաններն ասուլիսը սեփական նախաձեռնությամբ չէի՞ն կազմակերպել», պրն Մարգարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ էս երկրում ոչ մի բան հենց այնպես չի լինում»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031