Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նա ատել չգիտեր

Մարտ 04,2000 16:49
Vazgen manukyan

«Այլ հարց է՝ ես հրաժարական կտամ, թե չեմ տա, ես հրաժարական չեմ տա»,- կտրուկ հայտարարեց Վազգեն Սարգսյանը հեղաշրջումին նախորդած իր մամուլի ասուլիսում՝ 1998թ. հունվարի 23-ին։

Քանի դեռ լռում է Հայաստանի առաջին նախագահը, կամ ավելի ճիշտ՝ հրապարակում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժեշտի խոսքն է՝ բարին ընդ ձեզ, մենք փորձելու ենք հասկանալ, թե ի՞նչ կատարվեց Վազգենի հետ բառացիորեն մի քանի օրվա ընթացքում, մինչեւ որ բոլորիս պարզ դարձավ, թե ով պիտի հրաժարական տա։ Ո՞վ համոզեց նրան Հայաստանի ճակատագիրը միանձնյա վճռելու, կամ արդյո՞ք նա էր վճիռ կայացնողը։ Այդ քայլից հետո նա անխուսափելիորեն պիտի թողներ բանակը, դառնար վարչապետ։ Այդպես էին սահմանել նրան Հայաստանի նոր կողմնորոշման անհայտ (թե հայտնի) ճարտարապետները։ Համոզված էր, որ անփոխարինելի է, միակը, որին պաշտոնանկ անել ոչ ոք չի համարձակվի։ Որ Հայաստանի նախագահն իր եղունգի գինն անգամ գիտի, որ դարերով անարգված, տեղահանված ժողովրդի բնազդները թույլ չեն տա Հերոսին, Սպարապետին պաշտոնանկ անել։ Գիտեր ու չէր թաքցնում։

«Ի՞նչ եք կարծում, ընտրություններից հետո կմնա՞ք ձեր պաշտոնում»,- «դավադիր» հարցիս գրեթե կոպիտ պատասխանեց՝ «Հարցը անհեթեթ է, որովհետեւ անհեթեթ… իհարկե կմնամ»։ Այսինքն՝ բա դա հարց ա՞։ 96-ի նախագահական ընտրությունների նախօրեին էր։ Նույն այն ժամանակ. երբ ընդգծել էր. «Պաշտպանության նախարարի կերպարն այսպես եմ տեսնում՝ զինվորին՝ հայր, իր ուղիղ ղեկավարին՝ հպատակ…»:

Հպատակ, ի վերջո հրաժարվեց դառնալ, կամ՝ ոմանք շատ աշխատեցին պաշտպանության նախարարի վրա, համոզելով, թե հանուն հայրենիքի ապագայի Սպարապետը չպիտի հպատակվի գերագույն հրամանատարին։ Մինչդեռ 1996-ի զորահանդեսին նշել էր, թե շնորհիվ ինչի էր կայացել հպարտության իր առարկան՝ հայոց բանակը. «Շնորհիվ մեր իշխանությունների է, հատկապես զինված ուժերի գլխավոր հրամանատարի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության եւ իհարկե, անշեղ ռազմավարության»։ Իզուր են բոլոր փորձերը հակառակն ապացուցելու, ճիշտ այնպես, ինչպես ապարդյուն է ոմանց ջանասիրությունը բանակի կայացման մենաշնորհը Վազգենից վերցնելու։ Այդպես է՝ Վազգեն Սարգսյանն է հայկական բանակի հիմնադիրը։ Վազգենն է ու վերջ։

Օրերս այլազգի մի դիվանագետ նման արտահայտություն էր թույլ տվել. «Վազգենն էր, որ կարողանում էր իր մոջահեդներին բռում պահել։ Այդ բուռը չկա, ու մոջահեդները ոչ ոքի չեն ենթարկվելու»։ Վազգենն է ու վե՞րջ։

Անշուշտ բոլոր մահկանացուների պես արատներից զուրկ չէր։ Բայց ատել չգիտեր ու էլ ավելի անպաշտպան էր մարդկային այդ արատի հանդեպ։ 1996-ի սեպտեմբերի 25-ը խարանված մնաց նրա ճակատին։ Նույն այդ չարաբաստիկ տարեմուտին ասաց. «Թշնամու դեմ հեշտ է։ Նրա ատելությունը քեզ ուժ է տալիս։ Քո ատելությունը նրա նկատմամբ դարձյալ քեզ ուժ է տալիս։ Ներսի ատելությունը, ներսի թշնամությունը, ահա թե ինչ է հուսահատեցնում։ Այդպիսի պահ ունեցա սեպտեմբերի 25-ի լույս 26-ի առավոտյան, ատելության այն դոզան, որ կար մեր հասարակության մեջ, ինձ հուսահատության հասցրեց։ Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ։ Ուզում էի ժողովրդին համոզել, որ մի քանի օրով ազատեն հրապարակը։ Հենց այդ նպատակով էլ զորքերը քաղաք մտցնելու հրաման արձակեցի։ Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ՝ ատելությամբ լեցուն հայացքը, որն ինձ էր ուղղել, սարսափելի էր»։

Օրերս հայ հրապարակախոսներից ամենահռչակավորը զոհեր անվանեց հոկտեմբերի 27-ի հեղինակներին։ Այդպես էլ գրեց՝ զոհեր են, սովորական զոհեր։ Անշուշտ՝ մարդասպանն էլ է զոհ։ Մեր հայկական իրականության մեջ տարիների ընթացքում անդադար ցանած ու առատ բերք տված համազգային ատելության զոհն էին նրանք։ Այսօր էլ շարունակում ենք ցանել։ Ու էլի կհնձենք…

«Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կան մարդիկ, որոնք նրա յուրաքանչյուր բառին համաձայն են… եւ այլն, եւ այլն։ Բայց ոչ ոք չգիտեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ամեն կարգի դավաճանություն տեսել ենք։ Ավելի շատ բան, քան նրանցից յուրաքանչյուրը։ Բայց նրանը մի ուղի գիտեին, թողնել-հեռանալ։ Ես ուրիշ ճանապարհներ էլ գիտեմ»,- համոզված էր Վազգենը 1997-ին։ Այսօր փորձում ենք կռահել՝ ով դավաճանեց Սպարապետին։ Մինչդեռ հայերիս համար ավելի կարեւոր պիտի լինի իր ճանապարհը շարունակելու կարողությունը։ Առանց դավաճանության ու ատելության։

Ալվարդ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031