ԱՄՆ պետդեպարտամենտի 99 թվականի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակին նվիրված տարեկան զեկույցի՝ Հայաստանին նվիրված բաժնում՝ ի թիվս այլ խնդիրների, ներկայացված են նաեւ մամուլի ու կանանց հիմնահարցերը։ Ըստ զեկույցի՝ թեեւ Հայաստանի «Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը, պաշտոնապես չկա գրաքննություն, սակայն բազմաթիվ հրապարակումներ ցույց են տալիս, որ լրագրողներն իրենք են սահմանափակում եւ գրաքննության ենթարկում իրենց։ Դա երեւում է այնպիսի հարցերի մասին գրելիս, որպիսիք են սեփականաշնորհումը, ԼՂՀ հարցի կարգավորումը, ազգային անվտանգությունն ու կոռուպցիան»։ Ամերիկացիները նկատել են, որ լրագրողները ստիպված են այդպես վարվել, որպեսզի չհետապնդվեն պաշտոնական իշխանություններից ու «որոշ անհատներից»։ Ըստ զեկույցի՝ թերթերն աշխատում են սահմանափակ աղբյուրների հետ, որոնք եւս անկախ չեն եւ ներկայացնում են տնտեսական շահագրգիռ խմբերի կամ անձանց շահերը։
Կանայք
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում չկա հատուկ օրենք, որն արգելում է բռնությունները կանանց հանդեպ։ Մեր երկրում օտարների աչքը ծակում է այն, որ ամուսիններն իրենց կանանց հետ հաճախ դաժանաբար են վարվում՝ նրանց պարբերաբար ծեծելով։ Վիճակագրությունն ամբողջապես չի ներկայացնում հայ կանանց հանդեպ գործադրվող բռնությունները։ Դրան խանգարողն արդեն հայ կնոջ մենթալիտետն է, որը ոստիկանությանը չի դիմի եւ չի բողոքի, ասենք, շաբաթը մեկ իրեն ծեծող ամուսնուց։
Կարդացեք նաև
Սեփ. լր.