Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ «ՌԵՎԻԶԻԱ» ԹԵՐԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ

Մարտ 02,2000 00:00
Davit Vardanyan

 Այս տպավորությունը ստացանք պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հետ զրույցից։

– «Օրակարգ» հեռուստածրագիրը գրեթե որպես ճակատագրի հեգնանք դիտարկեց այն, որ տարիներ շարունակ սեփականաշնորհումը ալան-թալան անվանած ԱԺՄ-ի տնօրինմանն է հանձնված այդ ոլորտը։ Դուք է՞լ եք դա ճակատագրի հեգնանք համարում։

– Իմ կարծիքով լրագրողներն ավելի շատ աշխատում են իրենց խոսքին հուզականություն եւ անսպասելիություն հաղորդել, որպեսզի այն ավելի լավ մատուցվի։ Ավելի շատ այդպիսին եմ համարում այդ արտահայտությունը։ ԱԺՄ-ն երբեք սեփականաշնորհման գաղափարին դեմ չի եղել։ Բայց նույն գաղափարը կարելի է եւ այնպես իրականացնել, որ այն իր էությամբ ներկայանա, եւ այնպես՝ որ լրիվ վարկաբեկվի։ Իմ կարծիքով սեփականաշնորհում հասկացության նկատմամբ ժողովուրդն իսկապես ալերգիա ունի, բայց դրա պատճառը մենք չենք։ Ինչպես նաեւ, իմ կարծիքով, հասարակության մեջ բացասական երեւույթների պատճառը եւ ստեղծողը լրագրողներդ չեք, այլ դրա մասին ուղղակի ասում եք։ Մեր ամբողջ գործունեության ընթացքում սեփականաշնորհման մասին ակնհայտ փաստերով ենք խոսել։ Եվ ցանկացած պահի կարող եմ բանավիճել այն ջատագովների հետ, որոնք համարում են, թե սեփականաշնորհումն այս ձեւով ճիշտ է իրականացվել, եւ ի ցույց դնել, թե ինչպե՛ս է իրականացվել։

Իմ այս պաշտոնին անցնելը դեռ չի նշանակում, թե արմատական վերաբերմունքը կփոխվի։ Նախ, պետք է ծանոթանալ իրավիճակի հետ։ Սեփականաշնորհման մեծ մասն արդեն իրականացվել է։ Եվ այստեղ մեղքի բաժին ունեն ոչ թե գնողները, այլ առաջարկողները, քանի որ գնորդներին ինչ գին առաջարկվել է՝ այդպես էլ գնել են։ Նրանց որեւէ մեկը չի կարող մեղադրել, թե ինչո՞ւ են էժան գնել կամ առանց պարտավորություններ ստանձնելու։ Ուրեմն, վաճառողներն են մեղավոր, որոնք այսպես անբարեխիղճ են վաճառել հասարակության ունեցվածքը։ Մեղք ունի նաեւ հասարակությունը, որ ժամանակին չի հսկել, թե իր ունեցվածքն ինչպես է վաճառվել։ Մենք էլ հասարակության մի մասն ենք, եւ ոչ մեկին թող տարօրինակ չթվա, որ բողոք ենք արտահայտել, թե ինչու եք մեր ունեցվածքն այսպես վաճառում եւ ոչ թե ընդհանրապես վաճառքին ենք դեմ եղել։

Ի դեպ, ԱԺՄ-ն սեփականաշնորհման օրենքին կողմ է քվեարկել։ Բայց սեփականաշնորհման գաղափարը ոչ թե այդ օրենքը վարկաբեկեց, այլ կառավարման որոշումներն, օրինակ, գնահատման գործընթացի վերաբերյալ։

– Այժմ էներգետիկ 4 բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման շուրջ են կրքեր շիկանում։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս խնդրի վերաբերյալ։

– Բաշխիչ ցանցերի խնդրում մեր վերաբերմունքը հստակ է։ Այո-ոչի հարց չէ, այլ, որ թափանցիկ ընթանա այդ գործընթացը, պայմանները քննարկվեն եւ ԱԺ-ն մասնակից դառնա այս ամենին։ Այո, կողմնակից ենք կառավարության հետ այս համատեղ քննարկումներին։

– Մի շարք խոշոր՝ ասենք, «ԱրմենՏելի» կամ կոնյակի գործարանի սեփականաշնորհումների՝ կասկածելի հանգամանքների շուրջ ասեկոսեները չեն դադարում։ Փորձելո՞ւ եք այս խնդիրները հստակեցնել։

– «ԱրմենՏելն» արդեն ավարտված գործարք է։ Ինձ անընդհատ անտեղի մեղադրում են «ԱրմենՏելի» գործով։ Ես անընդհատ անուններ եմ տալիս, եւ անընդհատ արհեստական ձեւով անդրադառնում են այս հարցին։

Հիշեցնեմ, թե ինչ էր հատկապես ուսումնասիրում մեր հանձնաժողովը. «ԱրմենՏելը» ունի 2 փուլ՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության ստեղծումը (լրիվ արհեստական գործարք) եւ երկրորդը, երբ վաճառվեց OTE ընկերությանը։ Մեր ուսումնասիրությունների հիմնական նյութն առաջին փուլն էր։

Երկրորդ փուլի վերաբերյալ ուսումնասիրություններ արել ենք։ Սակայն հանձնաժողովը բացառել է ռազմավարական հարցերը՝ մեր գործառույթների մեջ չէր մտնում քննարկելը, թե արդյոք իմաստ ունե՞ր մեր հեռահաղորդակցության համակարգն ուրիշներին սեփականաշնորհելը։ Երկրորդ փուլի վերաբերյալ մենք գնահատական չենք տվել, թե 150 մլն-ն այդ գործարքի վերաբերյալ շա՞տ էր, թե՞ քիչ, քանի որ դրա մասնագետը չեմ։ Մրցույթ էր եղել, որն օրինական ձեւով էր անցել, եւ մենք այստեղ խախտում չենք տեսել։ Հանձնաժողովը չէր կարող բացահայտել, թե այնտեղ պայմանավորվածություններ եղե՞լ էին, թե՞ ոչ, քանի որ դա փաստաթղթերից չէր երեւա։ Իսկ մենք միայն փաստաթղթերի հետ գործ ունեինք։ Մինչդեռ առաջին փուլի վերաբերյալ վստահ եմ, թե Հայաստանին 63 մլն-ով «քցել» են՝ քանի որ դա արդեն փաստաթղթերից էր հստակ երեւում։

Մենք 17 հատոր փաստաթուղթ էինք կազմել, 200 էջանոց հաշվետվություն էր։ Եվ մեր հանձնաժողովն ապացուցել է իմ այս պնդումը, որ հիմնական կրիմինալն առաջին փուլում է եղել, երբ Հայաստանը կորցրել է իր ամբողջ հեռախոսային կապի 49%-ը՝ առանց մի կոպեկ ստանալու։

– «ԱրմենՏելից» վերանանք. չե՞ք փորձելու աղմուկ հանած սեփականաշնորհման գործարքների վերանայման գործընթաց նախաձեռնել։

– Գիտե՞ք ինչ, սրանք արդեն խոշոր տնտեսական կամ քաղաքական հարցեր են։ Եթե այժմ գնանք սեփականաշնորհման վերանայման՝ դրա ընթացքը լավ չեմ պատկերացնում։ Ասենք, փորձենք «ԱրմենՏելը» հույներից ետ գնել՝ պիտի գոնե 150 մլն դոլար վճարենք։ Իրակա՞ն եք համարում այս գործընթացը։ Իհարկե՝ ո՛չ։ Նույնիսկ կոնյակի գործարանի 30 մլն դոլարը հետ վճարելն այսօր իրական չէ։ Ուրեմն, մենք կարող ենք քննարկել այդ գործարքների օրինականությունը եւ այլն, բայց հետընթացի գործընթացը լրիվ այլ խնդիր է։ Ես չեմ պնդում, թե դա հնարավոր է կամ ոչ՝ պիտի ուսումնասիրվի։ Եվ կողմ եմ, որ ուսումնասիրվի։ Բայց դա պնդելը միայն շատ գեղեցիկ է հնչում, եթե հնարավոր է՝ թող իրականացնեն։ Ես նույնիսկ շատ սեփականաշնորհված գործարաններ կարող եմ ասել, որոնք շատ էժան վաճառվել ու քայքայվել են։

– Օրինա՞կ։

– Կասեմ, բայց ոչ հիմա։ Մենք ցուցակը մի քանի անգամ ներկայացրել ենք խորհրդարանում։ Մտքիս մեջ այժմ միայն մանրներն են, որոնք իմաստ չունի ասել։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս ենք հետ բերելու դրանք՝ պարզ չի։ Շատ բարդ է թվում ինձ։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031