Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի եւ քաղաքացի Տարոնիկ Նիկողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվեց երեկ։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացած ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀԿԳ քննիչներ Ջոն Ֆարխոյանը, Հակոբ Բաբայանն ու քննչական խմբի մի անդամ էլ հաստատեցին իրենց նախաքննական ցուցմունքները։ Նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը, երբ դատարան կգան նաեւ դատաբժիշկներ։
Մասնավորապես, Ջ. Ֆարխոյանը, որի աշխատասենյակում քաղաքացին եւ փաստաբանը միմյանց բախվել էին, ասաց, որ 1999 թ. հոկտեմբերի 21-ին ժ. 10.30-ին եկել է աշխատավայր՝ նկատելով տուժողի ներկայացուցիչ Տ. Նիկողոսյանին եւ պաշտպան Կ. Գրիգորյանին։ Վերջինս հայտարարել է, որ հրաժարվում է քննչական գործողություններին մասնակցել իր պաշտպանյալի հետ, եւ բացարկ է հայտնում դատախազության քննչական վարչությանը։ Երբ Ջ. Ֆարխոյանը փորձել է փակել իր պատուհանը, խոսելով, թիկունքից լսել է Տարոնիկ Նիկողոսյանի ձայնը, որ վրդովված ասել է. «Հերիք չէ՞ հանցագործին պաշտպանեմ»։ Իր հերթին պաշտպանն ասել է. «Հանցագործը նրանց երեխան է»։ Ջ. Ֆարխոյանը պնդեց, որ փաստաբանը հարվածել է բջջային հեռախոսով, իսկ քաղաքացին՝ Տ. Նիկողոսյանը, ձեռքի «ջարդված ձեռնափայտով» փորձել է հարվածել Կ. Գրիգորյանին։ Այդ ժամանակ (ուշադրություն դարձնենք, որ այս ամենը տեղի է ունենում գլխավոր դատախազության շենքում) ներս են մտել հատկապե՛ս կարեւորագույն գործերով քննիչներ (ՀԿԳ) Արամ Խաչատրյանը, Հակոբ Բաբայանը, Տիգրան Խաչատրյանը…
Ըստ Ջ. Ֆարխոյանի՝ «Տ. Նիկողոսյանի քթից հարվածից արյուն է հոսում, իսկ Կ. Գրիգորյանի ճակատային մասը կարմրած է»։ Դեպքի օրը կողմերին «ամոթանք տված» Անդրանիկ Միրզոյանն էլ ասաց, որ միջանցքից աղմուկ լսելով, մոտեցել է Ջ. Ֆարխոյանի աշխատասենյակին, տեսել է խմբված աշխատակիցներին, որոնք դուրս էին բերում տուժողին՝ Տ. Նիկողոսյանին։ Նա ցույց է տվել քթի վնասվածքը, ասել, որ այն իրեն հասցրել է փաստաբանը։ Վերջինս էլ ցույց է տվել իրեն հասցրած վնասվածքը՝ ասելով, որ այն իրեն հասցրել է տուժողը… Ա. Միրզոյանը Ջ. Ֆարխոյանից է տեղեկացել, թե ով ինչպես եւ ինչով է հարվածել։
Կարդացեք նաև
Ռ. Մ.