Բայց ոչ վերջինը, համենայն դեպս
2000 թվականի պետբյուջեի նախագիծը մեկ Վազգեն Սարգսյանի կառավարությունն էր ներկայացրել, ապա այն փոփոխեց Արամ Սարգսյանի կառավարությունը։ Հայտնի է, որ կառուցվածքային վերջին փոփոխությունները նույնպես անդրադառնալու են բյուջեի վրա։
Այնպես որ, շատ բան չսպասելով այս փոփոխական եւ աղքատիկ բյուջեից՝ պատգամավորները գերադասում էին երեկ այն դիտարկել ոչ թե որպես տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ (հակառակի համար նաեւ համապատասխան պատրաստվածություն էր անհրաժեշտ, որով քչերը կարող են պարծենալ)։
«Ինձ համար բյուջեն նախ եւ առաջ քաղաքականություն է, հետո նոր՝ թիվ։ Եվ թիվը պետք է պայմանավորված լինի այն քաղաքականությամբ, այն գաղափարախոսությամբ, որը տվյալ դեպքում իր մեջ ընդգրկում է բյուջեն»,- շրջանակ գծեց Ռուբեն Հակոբյանը։ Ե՛վ նա, ե՛ւ մի շարք այլ հռետորներ նշում էին, թե այս բյուջեում երկրի հեռանկարները չեն երեւում։ Բայց եթե Ռուբեն Հակոբյանն առաջարկում էր, որ կառավարությունը հետ վերցնի բյուջեի նախագիծը, լրամշակի, որ հետո նաեւ նոր նախարարները չասեն, թե իրենք կապ չունեն, չեն մասնակցել այս փաստաթղթի ձեւավորմանը, ապա պատգամավոր Սամվել Ավետիսյանը գիտակցում էր, որ խորհրդարանը դատապարտված է ընդունել այս բյուջեն, այլապես ուշացնելու դեպքում կառավարության հետ կիսելու է պատասխանատվությունը։ Մտահոգությունները, թե կառավարության կազմը ԱԺՄ-ի եւ ՀԿԿ-ի ներկայացուցիչներով համալրելը կփակի նրանց կուսակիցների բերանը խորհրդարանում՝ գոնե երեկվա քննարկումների ընթացքում լիովին անտեղի թվացին։
Կարդացեք նաև
ԱԺՄ ներկայացուցիչ Սեյրան Ավագյանն, ասենք, նշեց, թե քննարկվող բյուջեն չի բավարարում ոչ մեկին, ոչ մի պահանջի։ Սակայն եւ վերապահում արեց, թե բյուջեն ստեղծված իրավիճակի ոչ թե պատճառն է, այլ հետեւանքը, ուստի եւ դատապարտված են այս օրենքով իրավիճակը փոխելու ջանքերը։
«Սա ըմբռնումի բյուջե է»,- այս փաստաթղթի բազմատեսակ որակումներին եւս մեկը հավելեց Ալվարդ Պետրոսյանը։ Նրա կուսակցական ընկերը՝ Մուշեղ Միքայելյանը, բնորոշումների այս շարքը շարունակեց. «Մեր դատին են ներկայացրել պարզապես գոյություն ունենալու բյուջե։ Եթե սա ստեղծագործություն է՝ ապա այն չի հաջողվել»։
Ստեղծագործության ենթադրական համահեղինակներից մեկը՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը ելույթ ունեցավ եւ մասնավորապես… ուրախալի համարեց, որ «Ժողովրդի մեջ տագնապ է առաջացնում տնտեսության այս վիճակը»։ Ինչեւէ։
«Շատ ընդդիմադիր խոսակցություն ստացվեց,- տարակուսեց պատգամավոր Վանյա Հովհաննիսյանը։- Պատգամավորներն այս մեկ ամսում բյուջեի քննարկումներին չէին մասնակցում, բայց այստեղ այնպիսի՜ ելույթներ են ունենում»։
Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, թե 6 տարի է, ինչ բյուջեների քննարկմանը բոլորը քննադատում, բայց հետո կողմ են քվեարկում։ Ու կառավարությունն էլ 6 տարի շարունակ գրեթե նույն բյուջեն է ներկայացնում՝ որոշ փոփոխություններով։ Նրա գնահատականով՝ հետընթացի մասին է վկայում այս անփոփոխ վիճակը, անընդհատ նույն քայլերն անելը։
Այս ոգով շուրջ 30 պատգամավորներ ելույթ ունեցան։ Այսօր այս շարքը կեզրափակի ամենայն հայոց պատգամավոր Արշակ Սադոյանը, հետո իրենց տեսակետը կհայտնեն խմբակցությունները։ «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչներն արդեն երեկ ազդարարեցին, որ «դեմ» են քվեարկելու բյուջեի ներկայացված այս նախագծին։ Եթե անգամ նրանց օրինակին հետեւեն խորհրդարանական այլ փոքրամասնություններ եւս, դժվար թե որեւէ բան փոխվի։ Այս քարկոծված բյուջեն ընդունվելու է՝ դրան են սպասում մասնավորապես բյուջետային ոլորտի այս էլ քանի ամիս անաշխատավարձ մնացած աշխատողները։
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ