Լրահոս
Օրվա լրահոսը

Նորակազմ կառավարության լույսն ու ստվերը

Մարտ 02,2000 14:34
aRAM SARGSYAN

Հայաստանում ձեւավորվեց մի կառավարություն, որը ոչ այն է՝ նոր է, ոչ այն է՝ հին։ Սա նորացված մի կառավարություն է, որը վաղ է գնահատել։ Բայց վարչապետի կատարած քայլի մասին, հետեւանքների առումով, թերեւս կարելի է արտահայտվել:

Վարչապետի պաշտոնավարության 100 օրվա առիթով շատերն էին գնահատել երկրի կայունության պահպանման խնդրում նրա դերը, միեւնույն ժամանակ ցանկություն հայտնելով, որ վարչապետը ներկա անիշխանությանը կարողանա վերջ դնել։ Հոկտեմբերի 27-ից ի վեր շուրջ 100 օր հանրապետությունում սպասողական, չասելու համար կաթվածահար հոգեվիճակ էր։ Որեւէ քայլ կատարվելու էր՝ արդյո՞ք կկատարեր նախագահը, թե՞՛ վարչապետը։ Արամ Սարգսյանը առաջարկելով կառավարության կառուցվածքի եւ կազմի փոփոխությունները, ըստ էության, վերցրեց պատասխանատվությունը իրավիճակի եւ իշխանությունների գործունեության համար։ Հասարակական գիտակցության մեջ ամրագրվեց, որ ներկա կառավարության ձեռքբերումները եւ բացթողումները վարչապետի պատասխանատվության ոլորտն են։ Նախագահը գործադիր իշխանության հանդեպ (գուցե ընդհանրապես պետական իշխանության հանդեպ) դիտորդի կարգավիճակում է։

Բայց չի կարելի պնդել, թե նախագահը հոժարակամ չի ընտրել այդ չեզոք դիրքը։ Կարեն Սերոբիչն ասում էր, թե որեւէ քաղաքական ուժի կամ գործչի համեստացնելու համար հարկավոր է նրան իշխանություն տալ։ Այս գիտակցությամբ էլ առանց դիմադրության կոմունիստները իշխանությունը թողեցին ՀՀՇ-ականներին։ Լեւոն Տեր- Պետրոսյանը նույն հեռատեսությամբ ասպարեզը զիջեց երկրապահներին։ Վերջիններիցս մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, արդեն իր պաշտոնավարության օրոք սեփական սխալներից թերեւս եզրակացրել է, որ իշխանություն վերցնելը չէ խնդիրը, այլ պահել եւ ի բարօրություն ժողովրդի գործադրել կարողանալը։ Դա դյուրին չէ եւ եթե որեւէ ուժ (ներկա պարագային՝ վարչապետ Արամ Սարգսյանի շրջապատը) կարծում է, թե հաջողակ կգտնվեն, պետք է այդ հնարավորությունը նրանց տրվի։

Արդյունքում վարչապետը իր ձեռքում կենտրոնացրեց պետական իշխանությունը։ Նա է փաստորեն նախարարներ նշանակում եւ ազատում, հետեւաբար եւ ի զորու է նրանց գործունեությունը լիարժեքորեն վերահսկել։ Իշխանության այս ստանձնումը վարչապետի կատարած քայլի լուսավոր կողմն է։

Մյուս կողմից՝ որքան էլ նախարարներ փոխվեն եւ որքան էլ նորերը նշանակվեն, իրավիճակի տեղաշարժ չի նկատվի։ Ինչո՞ւ։ Թերեւս որովհետեւ խորհրդային ժամանակներից ի վեր փոխվել են իշխանակարգեր, բայց չի դրվել հասարակության էվոլյուցիոն զարգացման հիմքը։ Խորհրդային Միությունը փլուզվեց ոչ միայն տնտեսության ցածր մակարդակի կամ տոտալիտար գաղափարախոսության պատճառով, այլ որովհետեւ միլիոնավոր մարդիկ, որոնք կուսակցության անդամ չէին, չէին կարող ինքնարտահայտման իրենց ուղին գտնել մշակույթի ասպարեզում, քաղաքական գործունեության մեջ կամ ազատ մրցակցային շռւկայում։ Խորհրդային համակարգի դեմոնտաժումից հետո հաստատվեց բազմակուսակցականության, ազատ շուկա, խոսքի եւ խղճի ազատություն, բայց անփոփոխ մնաց էականը՝ դարձյալ մարդիկ չեն կարող գտնել այն ուղին, որը նրանց գիտելիքները, կազմակերպչական ունակությունները կամ ստեղծագործական ջիղը նկատի առնելով, արժանի հասարակական դիրքի կբերեր։ ԱՄՆ-ն շուրջ 40 տարի նույնպիսի անորոշության եւ ցնցումների մեջ է գոյատեւել, մինչեւ 1860-ականներին ընդունեցին Civil Law (օրենք պետծառայության մասին) եւ ստեղծեցին պետական ծառայողի ինստիտուտը՝ Civil Service (պետծառայության որակավորման հաստատություն)։ Դրանից հետո արդեն ոչ ոք քաղաքականություն չէր մտնում պաշտոն զբաղեցնելու համար։

Որեւէ պաշտոն զբաղեցնելու համար նույն ճանապարհն էր հարկավոր անցնել, որն անցնում են, ասենք, բժիշկ, ինժեներ կամ փաստաբան լինելու համար՝ գիտելիքներ,    լիցենզավորման սանդղակ եւ աշխատանքային գործունեություն։ Մինչդեռ Հայաստանում կադրերի ընտրության եւ որեւէ մարդու ու այս կամ այն չափանիշներին համապատասխանելու մեխանիզմ գոյության չունի։ Եվ սա էլ ստեղծել է մի իրավիճակ, երբ փողոցից մարդիկ են հայտնվում իշխանության լծակների մոտ, իսկ փողոցում մնացածներն էլ անսխալ կերպով կռահում են, որ հերթական ցնցումը պաշտոնավարողներին վայր կգլորի եւ ասպարեզ կիջեցնի իրենց։ Չկա էվոլյուցիոն առաջընթացի մայրուղին, չկան հասարակության ներդաշնակությունը երաշխավորող մեխանիզմներ, հետեւաբար դժվար թե իշխանության լծակների մոտ հայտնվեն մարդիկ, ովքեր գիտակցում են, թե ինչ է պետությունը, քաղաքականությունը եւ հասարակությունը։

Արամ Սարգսյանը կկատարի՞ երկրում նույն կարգավորումը, ինչ անցյալ դարում տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում: Կգործի՞ արդյոք երկրում համակարգ, որը անհատին հնարավորություն տար ինքնարտահայտվելու եւ կատարելագործվելու, որպեսզի որեւէ մեկը հույս չդներ մեծ ու փոքր ցնցումների արդյունքում սեփական ճակատագիրը կտրուկ բարեփոխելու վրա։ Եթե այս խնդիրը չլուծվի, երկրի ապագայի հանդեպ աշխարհի վստահությունը կշարունակի նվազել, իսկ ցնցումները երկրի ներսում դժվար կլինի կանխել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031