Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ միայն հացիվ

Մարտ 02,2000 17:42
Viktor Dallaqyan

Այդ մոգական բանաձեւը տարածված է այն ժողովուրդների մեջ, որոնք հենց հացի կարիքն ունեն։ Որպեսզի մարդիկ վերջնականապես չխրվեն առօրյա հոգսերի մեջ եւ չչարանան, հոգատար իշխանությունը նրանց համար անընդհատ նոր տոներ ու զվարճալիքներ է կազմակերպում: Նոր, գաղափարապես խայտաբղետ կառավարության կազմավորումը ազգային միասնության տո՞ն է, թե՞ ոչ։ Իհարկե, տոն է։ Անդրանիկի եւ Դրոյի թաղումը տո՞ն է։ Անշուշտ։ Ոչինչ, որ չենք կարողանում հարկեր հավաքել եւ ժամանակին աշխատավարձեր ու թոշակներ վճարել՝ փոխարենը տրվում են խանդավառվելու բազմաթիվ առիթներ։

Տոները մեր կյանքում տարեցտարի շատանում են։ Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ, մեր կյանքն ընդհանրապես անընդմեջ տոն է դառնալու։ Մասնավորապես, նրա ներկայացրած օրինագծով, այսուհետ մենք կարող ենք առանց դադարի խմել մի ամբողջ 8 օր՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը։ Եվ նույնիսկ ամենաահեղ կապիտալիստական գայլաձուկը չի ստիպի մեզ աշխատել, որովհետեւ դրանք մեր օրինական տոներն են լինելու։ Ապրիլի 7-ը, օրինակ, վաղուց արդեն ոչ աշխատանքային օր է։ Բայց Վիկտոր Դալլաքյանի շնորհիվ այդ օրվա բովանդակությունը զգալիորեն հարստանալու է։ Առաջ մենք դա նշում էինք որպես Մայրության եւ գեղեցկության տոն՝ դրանով իսկ շրջանցելով այն կանանց, որոնք առայժմ մայր չեն դարձել, իսկ արտաքինով Կլաուդիա Շիֆեր չեն։ Հիմա, եթե պրն Դալլաքյանի օրինագիծն անցնի, ապրիլի 7-ը կոչվելու է Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն։ Իսկ սերն, ինչպես գիտեք, կույր է, դրանով իսկ տոնը դառնում է համազգային։ Գումարած դրան՝ կոմունիստները, շատ հնարավոր է, ազգային համաձայնության ծրագրի շրջանակներում, կարողանան վերականգնել մարտի 8-ը, եւ ի հայտ կգա եւս մի առիթ՝ մոռանալու հանապազօրյա հացի մասին։

Ընդհանրապես կարելի է միաժամանակ պետականորեն նշել Առաջին, Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների բոլոր տոները, ինչպես նաեւ այդ հանրապետությունների երեւելի դեմքերի ծննդյան, մահվան եւ վերաթաղման օրերը՝ հատկացնելով այդ կարեւորագույն խնդրի քննարկմանը խորհրդարանի մի ամբողջ նստաշրջան։ Պատգամավորներն էլ իրենց համար զբաղմունք կգտնեն, «ազգային հարցերի» քննարկումը շատ հաճելի գործ է՝ ամեն մի երեսփոխան կարող է մոտենալ խոսափողին եւ արտաբերել «հայրենասիրական» բառակապակցությունների իր կույտը։ Այդ տնտեսական եւ իրավական ոլորտը կարգավորող օրենքներն են, որ ձանձրալի են եւ մտքի որոշակի ճիգեր են պահանջում։

Եվ ամենաէականը՝ ժողովրդին տարբեր տեսակի տոներով /վերաթաղումներով/ զբաղեցնելով, կարելի է նրան ստիպել հնարավորինս քիչ մտածել հացի մասին։ Որքան քիչ են այդ մտքերը, այնքան հանգիստ է ապրում իշխանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031