Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՓՍՈՍ

Մարտ 01,2000 00:00
Arthur tovmasyan

«Առավոտի» երեկվա համարում ընթերցելով Լիլիթ Ավագյանի «ԼՂՀ «Երկրապահները» եւ «Վետերանները» չմիավորվեցին» հոդվածը՝ ափսոսանք եմ հայտնում, որ ԼՂՀ պատերազմին մեծ ներդրում ունեցած երկու միությունների միավորումը ձախողվեց եւ որ հնարավորություն չի ընձեռվել Սամվել Բաբայանին՝ ելույթ ունենալ Արցախի պատերազմի վետերանների համագումարում։ Նա այդ ելույթի իրավունքը վաստակել էր։ Չմիավորվելը տանում է նրան, որ Սամվել Բաբայանը զբաղվի քաղաքականությամբ. նա իր հայտարարությամբ խոստացել էր այդ միությունների չմիավորվելու դեպքում չզբաղվել քաղաքականությամբ։

«Առավոտի» վերոնշյալ հրապարակումից տեղեկացա, որ ԼՂՀ նախագահի խորհրդականը եւ մի շարք պատգամավորներ միացել են Կարեն Բաբայանին՝ երաշխավորագիր ներկայացնելով ԼՂՀ գլխավոր դատախազին՝ փոխելու ձերբակալված Վալերի Բալայանի խափանման միջոցը՝ կալանքը։ Ես եւս միանում եմ այդ ստորագրություններին։ Նրանք, ովքեր գտնում են, որ Սամվել Բաբայանը թուլացել է կամ «չի աճել վերջին տարիներին», սխալվում են։ Սամվել Բաբայանն աճել է։ Եվ դա կարելի է նկատել նրա ելույթների բովանդակությունից։

Ինչ վերաբերում է նրա թուլանալուն, կարող եմ ասել, որ միայն ուժեղ եւ պետական մտածողություն ունեցող մարդը կարող է այդքան հանգիստ հեռանալ պաշտոնից։ Չեմ գտնում, որ Սամվել Բաբայանը բացարձակ ճիշտ է կամ Արկադի Ղուկասյանը՝ բացարձակ սխալ։ Երկուսի ծառայություններն էլ հայրենիքի հանդեպ մեծ են. նախ՝ բանակաշինարարության հարցում, ապա արտգործնախարարության՝ որպես լուրջ պետական գերատեսչություն կայանալու գործում։ Եվ հենց ԼՂՀ նախագահի շնորհիվ է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների կողմից երեւացող սխալներ չեն եղել. մեր իշխանությունները պայքարել ու պայքարում են անկախության համար, քանի որ արցախահայությունը իր կամքն արդեն արտահայտել է անկախության հանրաքվեով։ Ոչ մի ժողովուրդ երբեք կամովին չի հրաժարվել իր պատմական տարածքներից։ Եվ միամտություն կլիներ կարծել, որ Ղարաբաղի հայությունն առաջին բացառությունը կլինի աշխարհում։ ԼՂՀ անկախությունն այլընտրանք կունենա միայն այն դեպքում, երբ մենք կոգեւորենք մեր թշնամուն մեր պառակտվածությամբ ու տարաձայնություններով։

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031