Լրահոս
Օրվա լրահոսը

Ձրի առողջապահություն էլի չի լինելու

Մարտ 01,2000 00:00
Ararat Mkrtchyan

Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Արարատ Մկրտչյանի առաջին հարցազրույցն «Առավոտին»։

-Մամուլում հակասական հրապարակումներ են եղել Ձեր կուսակցական պատկանելության վերաբերյալ։ Ի վերջո պարզաբանեք՝ Դուք ՀՀԿ անդա՞մ եք, ՀԿԿ համակի՞ր, թե՞…

– Ես անկուսակցական եմ։ Ուղղակի իմ առաջադրման խնդիրը դիտարկել, քննարկել են մի քանի կուսակցություններ։ Թեեւ սա բնականոն երեւույթ եմ դիտում՝ մանավանդ սոցիալական եւ առողջապահական խնդիրների հարցում։ Քանի որ, եթե չեմ սխալվում, բոլոր կուսակցությունների եւ պատգամավորների նախընտրական ծրագրերը հիմնականում սոցիալական եւ առողջապահական ուղղվածություն ունեին։ Ի դեպ, հիշեցնեմ, որ 90-ականների սկզբին ցանկացած նախարար իր վստահության քվեն ստանում էր խորհրդարանում՝ իր ծրագիրը նույնիսկ անձամբ ներկայացնելով այստեղ։

– Կարելի՞ է ենթադրել, թե քանի որ այնուամենայնիվ կոմկուսի ներկայացրած թեկնածուն եք՝ փորձելու եք վերականգնել առողջապահական անվճար համակարգը։ Նման ծրագիր առաջադրե՞լ են Ձեզ պաշտպանողները։

– Հանդիպումների ընթացքում իմ մոտեցումները ներկայացրել եմ ոչ միայն կոմկուսին, այլեւ ՀՀԿ-ին։ Խորհրդային առողջապահության վերականգնման հույսեր ունեցողներին պիտի հուսախաբ անեմ այս առումով, այսօր անվճար առողջապահության մասին խոսելը գտնում եմ անընդունելի։ Պատճառը շատ պարզ է՝ ոչինչ անվճար չէ, ուղղակի խնդիրն այն է, թե ո՛վ է վճարում։ Եվ մեր քաղաքականությունը, բնականաբար, պիտի մեր հնարավորությունների սահմաններում իրականացնենք՝ մասնավորապես թե՛ սոցիալական երաշխիքների, թե՛ առողջապահական ծրագրերի առումով։ Ուզում եմ խուսափել պոպուլիզմից՝ այն, իր հերթին, նաեւ հուսախաբ է անում բնակչությանը։ Ուղղակի մեր քայլերում եւ ծրագրերում պետք է լինենք իրատեսական, եւ դա հնարավորություն կտա ժամանակի ընթացքում լուծումներ տալ այսօր բնակչության առջեւ ծառացած խնդիրներին։

– Սակայն կոմկուսի պարագայում հայտնի անեկդոտի պես ստացվեց՝ «Եկել եմ ասելու, որ իմ վրա հույս չդնեք»։

– Այդպիսի որակում չէի տա, քանզի կան ծրագրեր, որոնք շարունակական են՝ մասնավորապես, պարտադիր բժշկական ապահովագրության խնդիրը, որով զբաղվել եմ դեռ 1991-ին։ Այն ժամանակ նախարարությունը բավական լայնածավալ աշխատանք էր տանում այդ ուղղությամբ։ 1995-ին պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքի նախագիծը պատրաստ էր, բայց ինչ-ինչ պատճառներով այն հանվեց ԱԺ-ի քննարկումից։ Հիմա այդ քայլերը վերստին արվելու են։ Չի կարելի իրավիճակը գնահատել բավարար եւ զբաղվել զուտ կառավարման խնդիրներով։ Իրոք անհրաժեշտ են ծրագրեր, որոնք այս կամ այն չափով հասարակության մեջ կստեղծեն սոցիալական արդարության մթնոլորտ։

Հարցազրույցը վարեց

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031