Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱԼԱՀԱՏԱԿՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մարտ 01,2000 00:00
Aram Sargsyan

«Առավոտի» հարցերը վարչապետ Արամ Սարգսյանին

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մեկնաբանություններին, թե «Միասնության» վստահության ռեսուրսները սպառված էին եւ այդ պատճառով նման փոփոխություններ կատարվեցին կառավարությունում։

– Բացասաբար եմ վերաբերվում։ Բոլորովին սպառված չէր։ Երկիրն ուղղակի մի խնդիր ուներ՝ փոխադարձ անվստահությունից փոխադարձ վստահության անցնել։ Ես համոզված եմ, որ իմ կատարած քայլը ճիշտ էր։ Պետք չէ ամեն ինչի մեջ վատ բան տեսնել կամ կասկած։ Քաղաքական գործիչները համախմբվում են միայն այն դեպքում, երբ զգում են, որ իրենց չես խաբում։ Հակառակ դեպքում՝ իրենք հոյակապ հոտառություն ունեն եւ ոչ անկեղծության պարագայում միանշանակորեն չեն համաձայնի համագործակցել։

– Դուք հավատո՞ւմ եք, որ տարբեր գաղափարախոսություն դավանող կուսակցական գործիչները կարող են մի տնտեսական միասնական ծրագիր որդեգրել։

– Հավատում եմ։ Եթե իրենք անկեղծորեն հավատան իմ առաջարկներին՝ հավատում եմ։ Իմ կարծիքով, նրանք ներկա դրությամբ հավատում են, որ անկեղծ եմ եւ ոչինչ չեմ հորինում։

– Դուք համարում եք, թե նրանք իրենց դարակներում հակաճգնաժամային ծրագրե՞ր ունեին, որ մինչ այժմ թաքուն էին պահում, բայց այժմ երկիրն այս վիճակից դրանցով հանելու են։

– Ոչ, չեմ կարծում։ Եթե իրենք ունենային՝ կտրամադրեին անկախ իմ առաջարկից։ Ուղղակի կարծում եմ, որ ժամանակն է եկել ոչ թե դատախազի կեցվածքով նայելու եւ քննադատելու, այլ ընդհակառակն՝ օգնելու, փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու, ավելի շատ՝ չարությունը միմյանցից հանելու։ Միայն այն փաստը, որ կուսակցություններն իրար դեմ խոսելուց հետո նստեցին մի սեղանի շուրջ եւ սկսեցին որոշակի խնդիրներ միասին քննարկել, մշակել՝ ինձ շատ ուրախացնում է։

– Կարո՞ղ եք նշել, թե ինչպես է կատարվել նախարարների ընտրությունը։ Ասենք, ինչո՞ւ որոշվեց, որ Պավել Ղալթախչյանը պիտի իր տեղը զիջի Դավիթ Վարդանյանին։ Արդյոք պատճառը վատ աշխատա՞նքն էր, թե՞ նկատառումներն այլ էին։

– Բացարձակապես Պավել Ղալթախչյանի կամ մյուսների վատ աշխատանքը չէր պատճառը, բոլորովի՛ն։ Ես այն կարծիքին եմ, որ այն նախարարները, որոնք ազատվեցին իրենց գրաված պաշտոններից՝ սրտի ցավով չեն հեռանում ինձնից, քանի որ ընդունում եմ, թե իմ հետ աշխատած ժամանակահատվածում նրանք աշխատել են ազնիվ։ Առանձին-առանձին յուրաքանչյուրի թերությունների եւ առավելությունների մասին իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ։ Սակայն փոփոխությունները հիմնականում կատարվել են որոշակի նոր մթնոլորտ ստեղծելու, քաղաքական ուժերին ներգրավելու եւ ավելի թարմ աչքով ամեն ինչին նայելու համար։

– Նման մեկնաբանություններ կան, թե կուսակցությունների եւ կառավարության համախմբումից առավել կարեւոր էր, որ փորձ արվեր այդ միասնականությանը հասնել իշխանության տարբեր թեւերի միջեւ։ Ընդունո՞ւմ եք այս կշտամբանքը։

– Ճիշտն ասած, հարցը ճիշտ չհասկացա։ Կարծում եմ, որ այն, ինչ կատարվեց այս 1-2 շաբաթվա ընթացքում՝ արվել է ճիշտ։ Ես համոզվա՛ծ եմ դրանում։ Իմ կյանքում երբեք չեմ արել այնպիսի բաներ, որոնցում համոզված չեմ եղել՝ նույնիսկ ամուսնությունը։ Ամուսնացել եմ 32 տարեկանում՝ համոզված լինելուց հետո։ Վստահ եմ, որ ճիշտ եմ ամեն ինչ արել եւ արդյունք ունենալու է։ Համոզված եմ, որ կուսակցությունների հետ երկխոսությունը եւ ընդհանուր ջանքերով ուղիներ փնտրելը նման անվստահությունից դուրս գալու համար ճիշտ ուղի է։ Վստահ եմ, որ նման երկխոսությունը կարող է դառնալ նույնիսկ գաղափարախոսություն։

– Գաղափարախոսություն, որ կմիավորի ազատականներին ու ձախերին։ Դուք լրջորեն հավատո՞ւմ եք այդ հնարավորությանը։

– Գաղափարախոսություն՝ ոչ թե տնտեսության զարգացման, այլ ավելի լայն իմաստով՝ ազգային գաղափարախոսության։ Իմ կարծիքով, թե՛ ազատականները, թե՛ ձախերը ունեն ազգային գաղափարախոսություն եւ այս հարցում ընդհանուր եզրեր գտնել հնարավոր է։ Իսկ ուղղություններն, իհարկե, յուրաքանչյուրը յուրովի է տեսնում։ Եվ յուրաքանչյուրի տեսածը հակադրելով (թերեւս նկատի ուներ համադրելը- Ա. Ի.) կարելի է ստանալ մի տեսակետ, որն ավելի հղկված է եւ սուր անկյուններ քիչ ունի։

– «Երկրապահի» հետ հանդիպման ժամանակ ասել էիք, որ այս անգամ գնալու եք մինչեւ վերջ եւ լուծելու եք թե՛ արտգործնախարարի, թե՛ ԱԱՆ-ն վարչության վերակազմավորելու խնդիրները։ Եղե՞լ է նման մտադրություն եւ եթե այո՝ ի՞նչը խանգարեց, որ իրոք գնաք մինչեւ վերջ։

– Թույլ տվեք այս հարցին չպատասխանել (ավելի ուշ պրն Սարգսյանն ասաց, որ երբեք չի ստելու։ Արձանագրենք, որ այս դեպքում նրա լռությունն ավելի խոսուն էր- Ա. Ի.

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Արամ Սարգսյանը հայտնեց, թե մտադիր է առաջիկայում ասուլիս անցկացնել։ Հուսանք, որ այն կանցնի առանց շղթա կազմած թիկնապահների մասնակցության, որոնց ջանքերի արդյունքում երեկ վարչապետն ուղղակի չէր լսում որոշ հարցեր։ «Տղերք, ինչո՞ւ եք խանգարում»,- ի վերջո նրանց դիմեց Արամ Սարգսյանը։ «Շատ են մոտիկ գալիս»,- պատասխանեց թիկնապահներից մեկը։ «Ոչինչ, որ մոտ գան»,- ասաց պրն Սարգսյանը։ Հետաքրքիր է, որ այս դիտողությունից հետո էլ շղթան չթուլացավ։ Եթե սեփական թիկնապահներն անգամ չեն ենթարկվում վարչապետին՝ արդյոք դա արժե՞ սպասել նոր նախարարներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031