Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Մարտ 01,2000 00:00
dolar

Լուրերը, թե Արմեն Աբգարյանի ձերբակալության հիմք դարձած 500 հազար դոլարը նախագահ Քոչարյանի կամ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական ծախսերի նպատակով է օգտագործվել, երեկ հերքեց Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչը (անունն ի՛ր խնդրանքով չենք հրապարակում)։

Ըստ նրա՝ իրականում խոսքը 257 միլիոն 941 հազար 700 դրամի մասին է։ «Այս գումարը ոչ Քոչարյանի, ոչ էլ «Իրավունք եւ միաբանության» վրա չի ծախսվել»։ Այդ գումարը 99-ի հունվարի 1-ից 5-ը պաշտոնապես մտել է ԼՂՀ պաշտպանության բանակի հաշիվ։ «Այստեղ խոսք չկա ո՛չ դրամաշորթության, ոչ էլ յուրացման մասին։ Այդ գումարը գոյացել է «Ծիծեռնակ» կոոպերատիվի առեւտրական գործունեությունը հարկերից ազատելու միջոցով»։ «Ծիծեռնակը» հարկերից ազատվելու համար ստացել է կառավարության թույլտվությունը («Առավոտն» այս մասին գրել էր. ըստ Ստեփանակերտի քաղաքապետի՝ Լեոնարդ Պետրոսյանի հրահանգով այդ թույլտվությունը տվել է Ժիրայր Պողոսյանը- Լ. Ա.)։ Ընդ որում, հարկերից ազատվելու խնդրանքով կոոպերատիվը չի դիմել կառավարությանը, այլ հակառակը։

Ըստ Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցչի՝ ԼՂՀ բարձր ղեկավարությունը տեղյակ է, որ վերոնշյալ գումարը ծախսվել է պաշտպանության բանակի համար խիստ անհրաժեշտ նպատակներով։ «Գեներալն ինքը չի ուզում բացահայտել, թե կոնկրետ որտեղ են ծախսվել այդ գումարները, քանի որ դա պետական գաղտնիքի բացահայտման հետ է կապված։ Սակայն քննիչները գործը բացահայտելուն շահագրգռված չեն եւ ուզում են Ամուլյայից գեներալի մասին ինչ-որ ցուցմունքներ կորզել»։ Մեր հարցին՝ «Ծիծեռնակը» միա՞կ կոոպերատիվն էր, որն ազատվել էր հարկերից, պրն Բաբայանի ներկայացուցիչը պատասխանեց՝ այո՛։ «Ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք մենք։ Ներկայացուցիչը պատասխանը չգիտեր։

Ըստ նրա՝ դատախազությունն ուզում է, որ Արմեն Աբգարյանը հատուցի պետությանը հասցված վնասները, այսինքն՝ գումար տա դատախազությանը, որպեսզի նո՛ր նրա խափանման միջոց կալանքը փոխվի։ «Սակայն մենք այդպիսի գործարքի չենք գնալու, անգամ 100 դոլար չենք տալու նրանց։ Այդ միջոցով նրանք ուզում են գումարներ հայթայթել խորհրդարանական ընտրություններին բուկլետներ տպագրելու եւ այլ ծախսեր հոգալու համար։ Գուցե թե գեներալը 100 դոլարի նվիրատվություն անի…»։

Մեր հարցին, ովքե՞ր են «նրանքը», աղբյուրը տվեց «իշխանավորները» պատասխանը։ Այս գործարքի մասին անձամբ Արկադի Ղուկասյանը տեղյա՞կ էր, այսինքն՝ տեղյակ էր կոոպերատիվը հարկերից ազատելու՝ կառավարության որոշմանը, պրն Բաբայանի ներկայացուցիչը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ էր ԼՂՀ քաղաքական ողջ վերնախավը։ Ամուլյայի գործի նախաքննության ավարտին մեկ ամսից ավել ժամանակ կա։ Նա եւ իր կողմնակիցները անհամբերությամբ սպասում են դատավարությանը, ուր (ինչպես ասաց աղբյուրը), արդեն ավելի բաց կխոսեն։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031