Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆԵՐԵՔԸ՝ ԲԱԽՏ ՈՐՈՆԵԼԻՍ

Մարտ 01,2000 00:00
portfel

Բախտի բերմամբ, թե պատահմամբ մեր գլխին եկած ամեն ինչ մոգական թվերով է հաշվվում։ Կազմափոխության արդյունքում կառավարություն- կառավարություն խաղից դուրս մնացին 13 նախարար։ ՀՀ 13 քաղաքացի եւս դարձան գործազուրկ։

Հասկանալի է, որ նրանք սովորական «անթրաշ» գործազուրկ չեն դառնա, նրանցից, յուրաքանչյուրը լուրջ աշխատանքային գործունեության փորձ ունի, եւ հաստատ տեղեր կգտնվեն ինֆորմացիայով եւ փորձով հագեցած 13-ի համար։ Ինչ վերաբերում է նորեկներին՝ սրանք էլ մի 4-5 ամիս կտքնեն, ինֆորմացիա եւ աշխատանքային գիտելիքներ ձեռք կբերեն, եւ եթե թողնեն՝ կշարունակեն աշխատել, եթե ոչ՝ խնդիր չկա, մենք շռայլ պետություն ենք, սրանց կհանենք, նորերին կբերենք եւ շրջանը կսկսվի նորից։ Եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, Հայաստանում կմնան գործող եւ նախկին նախարարները։ Կադրերի ինչպիսի՜ բանկ, կարող ենք նույնիսկ արտասահմանին նախարարներ հրամցնել։

Երեկ փորձեցինք ճշտել, թե ինչ տրամադրություն ունեն էքսնախարարները, ո՞վ է պատրաստվում թռիչք կատարել պահուստային օդանավակայանում, ո՞վ է սպասում՝ որ իրեն որեւէ կից վարչություն կտրամադրեն եւ ո՞վ է հեռանում օտար ափերում բախտ որոնելու։

Վերջին օրերին դիվանագիտական աշխատանքի անցնողների ցուցակում շատ էր շոշափվում նաեւ Արմեն Դարբինյանի անունը։ Պարոն Դարբինյանը երեկ մեզ հավաստիացրեց, որ ինքը չի պատրաստվում մեկնել որեւէ տեղ, առավել եւս՝ դիվանագիտական աշխատանքի։ Արմեն Դարբինյանն ասաց, թե կզբաղվի իր (մինչ այդ ունեցած) հասարակական կազմակերպության աշխատանքներով։ Ենթադրում ենք, որ «Արժանապատիվ ապագան» եւս առանց ուշադրության չի մնա։

Ի դեպ, իր նախարարության վերջին օրը Արմեն Դարբինյանը ոչ թե գուշակությամբ է զբաղվել՝ կպահեն-չեն պահի թեմայով, այլ պետական պաշտոնյային վայել (մեր իրականության համար չտեսնված-չլսված մի բան) քայլ է կատարել։ Արմեն Դարբինյանը հատուկ պաշտոնական գրությամբ շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար բոլոր նրանց, ում հետ աշխատել է որպես նախարար։ Ահա այդ գրություններից մեկը, որը մեզ է տրամադրել ՀՀ կառավարությանն առընթեր կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի նախագահ Զարեհ Սարգսյանը. «Թողնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հայտնում եմ Ձեզ իմ խորին երախտագիտությունն ու հարգանքների հավաստիքը՝ պետական շինարարության ասպարեզում աշխատանքային համագործակցության համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, նորանոր հաջողություններ եւ ամենայն բարիք։ Հարգանքներով՝ Արմեն Դարբինյան»։

Երեկվա ընթացքում տարբեր լուրեր էին պտտվում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (էքս) Շահեն Կարամանուկյանի մասին, մեզ չհաջողվեց պարզել՝ ի՞նչ կարգավիճակ ունի այժմ պարոն Կարամանուկյանը։ Այսօր, հավանաբար, հարցի պատասխանն ավելի հստակ կունենանք։

13-ի ցուցակից մի քանիսը աշխատանք փնտրելու խնդիր չեն ունենա։ Օրինակ՝ Ստեփան Մնացականյանը կդառնա դարձող՝ վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության վարչության ղեկավարը, Գեւորգ Վարդանյանը՝ կվերադառնա ՊՆ փոխնախարարի իր աթոռին, Ռուբեն Տոնոյանը, ենթադրում ենք, փոխնախարարի կարգավիճակում կկռվի «ԱրմենՏելի» հետ, գրեթե նույն ճակատագիրն է սպասվում Հրայր Հովհաննիսյանին, Ռազմիկ Մարտիրոսյանին, Հայկ Նիկողոսյանին, Պավել Ղալթախչյանին։ Հայկ Նիկողոսյանն, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ կվերադառնա «Դիագնոստիկ» կենտրոն, իսկ Պավել Ղալթախչյանը, ըստ ամենայնի՝ կհեռանա, դաշտը թողնելով նոր եկողներին։ Դավիթ Վարդանյանն էլ, իր հերթին, պնդում է, թե «այս պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ խնդիր է դրված երկիրը անդունդի եզրից հեռացնել»։

Մյուսների ճակատագրով փորձեցինք զբաղվել։ Նախարար Գագիկ Շահբազյանին աշխատանքից ազատել են՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։ Պարոն Շահբազյանն արդեն երեք շաբաթ է ոտքի վիրահատության պատճառով գտնվում է տանը, սպասվում է երկրորդ վիրահատությունը։ Փաստորեն, ՀՀ քաղաքացի Գագիկ Շահբազյանին աշխատանքից ազատել են՝ խախտելով ՀՀ օրենքը։

Սակայն զարմանալ, բնավ, պետք չէ. հիշո՞ւմ եք, նույնիսկ ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը խոստովանեց, թե «չունենք օրենքով գործելու կուլտուրա»։ Մի բան որ չունենք, ինչպե՞ս պահանջենք, որ կատարվի։ Խոսրով Հարությունյանի մասին՝ ավելի ուշ։ Առայժմ ասենք, որ պարոն Հարությունյանը չի ձգտում աշխատել Լեոնիդ Հակոբյանի թրի տակ։ Վարչապետ Արամ Սարգսյանը նորերին ներկայացնելիս մի քիչ գովում էր, հներից շնորհակալություն էր հայտնում՝ ազնիվ եւ լավ աշխատանքի համար։ Ափսոս, մեզանում «ծերունի ավազակներ» չկան։ Հետաքրքիր է, ինչ կասեր վարչապետը, եթե ազատվածներից մեկն իր հասցեին հնչող գովեստները լսելով երկու ոտքը մի տեղ դներ ու ասեր՝ «Եթե այդքան ինձ հավանում եք, մի տխրեք, ոչ մի տեղ էլ չեմ գնա, կմնամ հավետ»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031