«Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանից «Առավոտը» տեղեկացավ, որ մոտ օրերս իրենք հայտարարություն են հրապարակելու կառավարության կազմի վերաբերյալ։ Այն կանխատեսումներին ի պատասխան, թե պաշտոն չստանալուց հետո խումբը ընդդիմադիր կդառնա, պրն Այվազյանն ասաց. «Ոչ։ Նման խնդիր բացարձակապես չկա։ Մենք ողջունել ենք այս բազմակուսակցական կառավարությանը եւ աջակցելու ենք բոլոր կառուցողական ծրագրերին։ Կառավարությանն ընդդիմադիր դառնալու խնդիր չունենք»։ Եվ նման անշահախնդիր մոտեցումներ խումբը դրսեւորում է, երբ իր թեկնածուները՝ Մուրադ Մուրադյանն ու Լեւոն Սարգսյանը, նախարար չդարձան։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտն» Արշակ Սադոյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում է իր հարցերով նեղը լծել նաեւ Դավիթ Վարդանյանին եւ Լեոնիդ Հակոբյանին։ «Իհա՛րկե, եթե առիթ լինի, ապա ես ստիպված պիտի հարցադրումներ անեմ։ Բայց կարծում եմ, բարդություններ գոնե Դավիթ Վարդանյանի հետ չեն լինի, քանի որ մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք եւ կարող ենք ընթացքում այդ հարցադրումները ճշտել»։ Ինչեւէ, չնայած Լեոնիդ Հակոբյանին էլ խեղճ չես համարի, բայց այնուամենայնիվ կարելի է անկեղծորեն ցավակցել նրան։