Գյուղատնտեսության եւ բնօգտագործման նոր նախարար Զավեն Գեւորգյանը նախընտրեց առայժմ մեկնաբանություններ չանել իր տնօրինմանը հանձնված ոլորտի առնչությամբ։ «Ես դեռ մի քիչ ակլիմատիզացիայի ենթարկվեմ՝ հետո կխոսենք»,- «Առավոտին» ասաց նա։
Պարզվեց, որ Զավեն Գեւորգյանը միայն օրերս է վերադարձել Մոսկվայից։
… ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Կարդացեք նաև
Ինչպես ճշտեցինք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, փետրվարի 28-ին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ԼՂՀ տեղեկատվության պետական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը։ Վերջինիս հրաժարականի մոտիվը առողջական վիճակի վատթարացումն է։
Հիշեցնենք, որ պրն Գրիգորյանն այս պաշտոնին էր նշանակվել ընդամենը երկու շաբաթ առաջ։ Ղարաբաղի ընդդիմությունն այս պաշտոնանկությունը կապում է պրն Գրիգորյանի՝ պետական հեռուստատեսությամբ «10-րդ նահանգ» թերթի մասին դրական կարծիք հայտնելու հետ, սակայն այս վարկածը ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը հերքեց։ Առայժմ տեղեկատվության պետական վարչության պետի աթոռը թափուր է։ Արկադի Ղուկասյանը երկու շաբաթվա ընթացքում կնշանակի նոր պետ։
ՄԵԶ ՆՄԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»
Գլխավոր խմբագրի փոփոխությունից հետո երեկ (որոշ ընդմիջումից հետո) լույս տեսավ «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթը։ Թերթը լույս չէր տեսնում տպարաններին ունեցած խոշոր պարտքի (22,5 միլիոն դրամ) պատճառով։ Ըստ գլխավոր խմբագիր Վարդան Ալոյանի՝ որոշակի պայմանավորվածություն կա «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրինության հետ՝ լույս ընծայել թերթի մի քանի համար, «հետո կերեւա»։ Թերթը, ըստ խմբագրի, ունի եւս մեկ լուրջ խնդիր՝ ռուսալեզու լրագրողների պակաս։ Այս հարցը եւս պրն Ալոյանը կփորձի լուծել։ Իսկ մենք մեր գործընկերներին շնորհավորում ենք թերթի լույսընծայման կապակցությամբ։