Լրահոս
Օրվա լրահոսը

Back in USSR?

Մարտ 01,2000 11:55
Serj Sargsyan & Robert Qocharyan

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ պահպանել իրեն հավատարիմ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին եւ Ազգային անվտանգությանը՝ որպես նախարարություն, դրանով իսկ չեզոքացնելով կառավարության թարմացման հետեւանքով իր իշխանությանը սպառնացող վտանգները։ Մնացած հարցերում նախագահը չմասնակցեց նախարարական պորտֆելների համար կուսակցական առեւտրին, եւ պետք է ասել, որ նրա դիրքը այս դասավորության մեջ բավականին շահեկան է։ Նա հեշտությամբ կարողանում է հանդես գալ դիտորդի դերում, երբ պետական ինստիտուտները քանդվում են, սոցիալ-տնտեսական իրավիճակը սրընթաց վատանում է, իսկ կառավարությունները մեկը մյուսի հետեւից տապալվում են։ Եվս մեկ-երկու «ազգային համաձայնության» նմանատիպ փորձ, եւ նախագահը բոլոր հիմքերը կունենա ցրելու անատամ եւ անարդյունավետ խորհրդարանը, հայտարարել, որ ինքն է վերցնում կառավարությունը կազմելու պատասխանատվությունը, որից հետո վարչապետ է նշանակվելու Սերժ Սարգսյանը եւ ստեղծվելու է միաբեւեռ, անվերահսկելի իշխանություն։

Իսկ ահա կուսակցությունները, որոնք ներգրավվեցին «ազգային համաձայնության կառավարության» արկածախնդրության մեջ, չափից դուրս էժան ծախվեցին։ Կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը, որը համակարգելու է տարածքային կառավարումը քաղաքաշինության հետ, կարող է, իհարկե, նպաստել կոլխոզ-սովխոզների վերականգնմանը, սակայն դժվար թե ի վիճակի լինի տուն տալ աղետի գոտու հազարավոր անօթեւաններին։ Արարատ Մկրտչյանը, որը պաշտոնապես անկուսակցական է, կիսապաշտոնապես՝ հանրապետական, իսկ հոգու խորքում՝ կոմունիստ, հաստատ չի կարողանա էապես բարձրացնել նպաստները կամ վերադարձնել «անվճար» բուժսպասարկումը։ Սակայն կոմունիստները, որոնք իրենց «էլեկտորատով» հանդերձ տասը տարի շարունակ «քլնգում էին» նոր իշխանություններին նմանատիպ մեղքերի համար, այսօր այլեւս խոսելու եւ քննադատելու տեղ չեն ունենա։ Ազգային համաձայնություն է՝ վայելեք ձեր պաշտոնները եւ լռեք։

Փոքր-ինչ ավելի հեռատես գտնվեցին ԱԺՄ-ականները, որոնք ուղարկեցին կառավարություն «փչանալու» նախագահական պալատում իր ծառայությամբ արդեն իսկ հիմնովին վարկաբեկված Դավիթ Վարդանյանին։ Բայց փաստը մնում է փաստ. ԱԺՄ-ն վերջնականապես կորցրեց իր պասիոնարությունը, դասվեց նոմենկլատուրային կուսակցությունների շարքը, իսկ որպես միակ սկզբունքային ԱԺՄ-ական հանդես է գալիս երիտասարդ Վահե Վարսանյանը։ Նույն նոմենկլատուրային կազմակերպությունների շարքում են մնացել նաեւ դաշնակցությունը եւ ՀԺԿ-ն, որոնք «յուրային» նախարարների հանգիստ կյանքը ապահովելու համար, բնականաբար, ձեռք չեն տա «ազգային համաձայնության» իրենց գործընկերներին։

Այդ ամենը մենք արդեն անցել ենք։ Տասնամյակներ շարունակ կար այդ բաղձալի համաձայնությունը։ Պարզապես այն կոչվում էր կոմունիստների եւ անկուսակցականների անքակտելի դաշինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031