Փետրվարի 23-ին ձերբակալված Ստեփանակերտի էլցանցի տնօրեն Վալերի Բալայանի խափանման միջոցը (կալանք) փոխելու խնդրանքով երեկ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավր Ղուկասյանին երաշխավորագիր է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը։ Պրն Բաբայանին են միացել նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը (որը, ի դեպ, նախագահի ամենաջերմ կողմնակիցներից է), պատգամավորներ Աշոտ Սարգսյանը, Ներսես Օհանջանյանը, Մուրադ Պետրոսյանը, Սլավիկ Առուշանյանը, Արկադի Սողոմոնյանն ու Ալվինա Գրիգորյանը։ Երաշխավորագրում ասված է, որ «Վալերի Բալայանը ազնիվ եւ հայրենասեր մարդ է, որը մեծ ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարում, ԼՂՀ կայացման եւ ամրապնդման գործում»։ Երաշխավորագիրը ստորագրողները նաեւ հավաստիացրել են Մավր Ղուկասյանին, որ խափանման միջոցը փոխելուց հետո Վալերի Բալայանը չի խոչընդոտի նախաքննության աշխատանքներին եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակել քննչական մարմիններին։
Այս լուրն «Առավոտը» ճշտեց Ստեփանակերտի իր աղբյուրից։ Հիշեցնենք, որ Վալերի Բալայանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ ապօրինի տուգանքներով բնակիչներից գումարներ գանձելու մեջ՝ այսպիսով «հեղինակազրկելով նաեւ պետությունը»։ Մավր Ղուկասյանին Վալերի Բալայանի աշխատանքային գործունեության գնահատականն է ուղարկել նաեւ էլցանցի ներկայիս ղեկավար պրն Ալավերդյանը։ Ըստ նրա՝ 96 թվականին էլեկտրաէներգիայի գերկորուստները կազմել են 61 %, իսկ 99-ին արդեն՝ 23 % (Վ. Բալայանն այդ պաշտոնում էր 97 թվականից)։ Վալերի Բալայանի կողմնակիցներն այս ձերբակալության շարժառիթները քաղաքական են համարում՝ ասելով, որ 99-ի հուլիսին նա առաջինն էր, որ հեռուստատեսությամբ քննադատեց նախագահ Արկադի Ղուկասյանին (հաջորդ օրը աշխատանքից ազատվեց հեռուստատեսության տնօրեն Ռազմիկ Ղեւոնդյանը)։ Ղարաբաղում ընդդիմությունը լրջորեն մտահոգված է նոր հնարավոր ձերբակալություններով։
Ըստ մեր զրուցակցի, «դրանք կլինեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները»։ Խոսք կա, որ դատախազությունը հետաքրքրվում է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի ֆինանսական գործունեությամբ։
Հետաքրքիր է, որ (ըստ մեր աղբյուրի) Վալերի Բալայանի ձերբակալությունը հարուցել է նաեւ «տեղացի» դաշնակցականների լռելյայն վրդովմունքը. Վ. Բալայանը ԼՂՀ դաշնակցության հիմնադիրներից էր, սակայն վերջերս խզել էր իր կապերը այդ կուսակցության հետ։
Կարդացեք նաև
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Արցախի պատերազմի վետերանների միության հանրապետական համագումարը։ Դրան անհամբերությամբ էին սպասում նաեւ «Երկրապահները». վերջիններս ակնկալում էին, որ համագումարում կքննարկվեն երկու միությունների միավորման սկզբունքները, եւ «Երկրապահներն» ու «Վետերանները», ի վերջո, կմիավորվեն։ Նման առաջարկի հեղինակը Սամվել Բաբայանն էր, որն իր հայտնի հայտարարությունում խոստացել էր անգամ քաղաքականությամբ չզբաղվել, եթե այդ միությունը տեղի ունենա։ Սակայն միությունը չկայացավ։ Արցախի պատերազմի վետերանների համագումարը նման ցանկություն չհայտնեց։
Ստեփանակերտի աղբյուրից տեղեկացանք համագումարի որոշ մանրամասներին. համագումարի նախաձեռնող խմբի հրավերն ընդունել եւ համագումարին ներկայացել էր Սամվել Բաբայանը։ Ներկա էին նաեւ ԼՂՀ նախագահը, վարչապետը։ Պրն Բաբայանին բարեւել են, սակայն, միայն ՊՆ փոխնախարար, Արցախի պատերազմի վետերանների միության նորընտիր նախագահ Վիտալի Բալասանյանը եւ ՆԳ փոխնախարար Արշավիր Ղարամյանը։ Սամվել Բաբայանի ներկայությունը նախաձեռնող խումբը չի ողջունել, անգամ նրան կարճ ելույթի հնարավորություն չի ընձեռվել։ «ԼՂՀ նախագահն իր ելույթում նշել է 99-ի հունիսի 29-ին ասած մտքերը՝ նույն ագրեսիվությամբ»,- ասում է աղբյուրը։
Համագումարում նշվել է, որ «Երկրապահը» սխալ սկզբունքների վրա ձեւավորված կազմակերպություն է։ «Այսպիսով, «Երկրապահների» եւ «Վետերանների» միությունների միավորումը ձախողված է»։ Վաղը կաշխատենք ներկայացնել վետերանների տեսակետը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ