Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱԽԵԼ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՀԵԼ

Փետրվար 29,2000 00:00
toto

Որտե՞ղ դնել ստորակետը

Առանց «հարգելի ռադիոլսողների»

Նախադեպերը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ երբ էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ նախաձեռնությունը քննարկվի արտահերթ նիստում՝ պատգամավորներն ինչ ակտիվություն հանդես կբերեն, ինչ բոցավառ ելույթներ կունենան։ Սակայն փետրվարի 26-ին այս խնդրի շուրջ միայն լսումներ էին, որոնք անգամ չէին ռադիոհեռարձակվում, ուստիեւ դահլիճում հազիվ 20 պատգամավոր կար՝ 131-ից։ Այնպես որ, ինչպես կատակեց պատգամավորներից մեկը, էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը լսարանի առյուծի բաժինը կազմող իր աշխատակազմի անդամներին էր ժամեր շարունակ համոզում, որ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելը ճիշտ է։

Ինչեւէ, ակտիվության եւ բոցավառության պակասը լրացվի թերեւս արտահերթ նիստում, որը կայանալու է ցանկացած եղանակի։ Այս ենթադրությանը հանգեցինք Հայկոմկուսի խմբակցության ղեկավար Լեոնիդ Հակոբյանի՝ որպես պատգամավոր վերջին ելույթից։ Նա համոզմունք հայտնեց, թե այս խնդիրն անգամ առանձնապես չի էլ քննարկվելու ԱԺ-ում, այլ պարզապես դրվելու է քվեարկության։ Սեփականաշնորհման ցանկից կհանե՞ն, թե՞ ոչ բաշխիչ ցանցերը՝ ապագայի հարց է, սակայն ակնհայտ է, որ կոմունիստները պատրաստվում էին պաշտոնական շրջանառության մեջ դնել իրենց հավաքած ստորագրությունները։ Ի դեպ, Վարդան Խաչատրյանը համառորեն նույն սխալը կրկնելով՝ «ստորահավաք» էր կոչում արտահերթ նիստի համար հավաքված ստորագրությունները։

Ինչո՞ւ ծախել պետք չէ

Բաշխիչ ցանցերը մասնավորեցնելու հակառակորդների փաստարկները անչափ ուշագրավ էին։ Նախ, որքան հիշում ենք, առաջին անգամ էր, որ բարձրախոսին մոտեցավ Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) ու ասաց, որ «գելի բունը ոսկոր չի մնում՝ հիմի մերն է։ Մի բան էլ թողեք նոր նախագահը ծախի՛»։ Պրն Զադոյանը նրան հանգստացրեց, թե ընդամենը 30%-ն է սեփականաշնորհվել. «Ընենց որ, լիքը ծախելու բան կա՝ թող գա ծախի»։ Սակայն պրն Հակոբյանը տեղից դեռ շարունակում էր «Օրինաց երկրի» պատգամավորներին բացատրել. «Ընենց են անելու՝ էս երկրում ոչ ոք չուզենա պրեզիդենտ դառնա»։ Երեւի իր համոզումը հաստատ էր, թե նախագահ են ուզում դառնալ ինչ-որ բան վաճառելու համար։ Ի դեպ, այս առիթով որպես փաստարկ մեկ այլ պատգամավոր անգամ անեկդոտ մեջբերեց օղի ծախողի մասին, որին քյավառցին հարցնում է. «Էս որ ծախում ես, սրանից լա՞վ բան պիտի առնես»։ Շատ պատգամավորներ հուշում էին, որ վաճառքից բացի այլ ձեւ էլ կա՝ վարձակալության տալը կամ կառավարման իրավունքը փոխանցելը։ Սրան էներգետիկայի նախարարը հակադրում էր, թե իրենց նպատակը միանգամից գումար ստանալն է եւ 160 մլն դոլարի չափով ներդրումներ ունենալը, ուստի այս առումով վարձակալությունը համադարման չէ։ «ԱրմենՏելի» ժամանակ էլ էին ներդրումներ ասում»,- դառը հեգնեց Արթուր Բաղդասարյանը։

Ի դեպ, կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի» սեփականաշնորհումների դառը փորձը հիմնական փաստարկներից էր, որի առնչությամբ Տիգրան Թորոսյանը մի պատկերավոր համեմատություն արեց. «Եթե որեւէ մեկի ճաշի մեջ թույն էր եղել, ուրեմն հետո պիտի բոլորը ճաշ չուտե՞ն»։ Պատգամավորների մտահոգությանն ի պատասխան, թե էներգահամակարգում կրճատումներ են հնարավոր՝ կառավարության ներկայացուցիչները հիշեցրին, թե հենց ԱԺ-ում էին խոսում այս համակարգի ուռճացվածության մասին։ Չնայած նաեւ հնարավոր համարեցին, որ զբաղվածության հարցերը պայմանագրով կարգավորեն։ Իսկ այն մտահոգությանն ի պատասխան, թե սոցիալապես անապահովների լույսը կանջատեն, Լեւոն Բարխուդարյանն ասաց. «Իսկ ինչ է, այսօր չե՞ն անջատում»։ Սակայն արծարծվող ամենակարեւոր փաստարկն այն էր, թե սա ազգային անվտանգության խնդիր է, եւ էներգահամակարգն էլ ռազմավարական նշանակություն ունի։ «Արտակարգ կամ պատերազմական իրավիճակների ժամանակ պետության հրահանգներով է աշխատելու։ Անվտանգությունն ապահովում ենք»,- վստահեցրեց Դավիթ Զադոյանը։

Ինչո՞ւ պետք չէ պահել

Կառավարության ներկայացուցիչները հաճախ ԱՊՀ այն երկրների օրինակն էին բերում, որտեղ էներգետիկ ոլորտը մասնավորեցված է. ասենք՝ Վրաստանի, որտեղ 30-40% է կազմում էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրումը, սակայն սեփականատերն իր գրպանից 100%-ով վճարում է արտադրված եւ առաքված էլեկտրաէներգիայի դիմաց։ Սակայն հօգուտ սեփականաշնորհման ամենակարեւոր փաստարկը բերեց այդ պահին դեռեւս միայն ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը, թե SAC-3 վարկային համաձայնագրի նախապայմանն է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, որը մայիսի վերջին է նախատեսվում ստանալ։ Նախարարը հույս ուներ, թե մինչ այդ մրցույթի հաղթողը հայտնի կլինի, այլապես 45 մլն դոլարը չեն ստանա։

Ի դեպ, Լեւոն Բարխուդարյանը ենթադրում էր, թե պատգամավորներն այս հարցում զերծ չեն լինի մասնավոր ձեռներեցների ճնշումներից, որոնք «լույսի մարդկանց» հետ լեզու գտել՝ քիչ են վճարում էներգիայի դիմաց (այլապես ձեռնտու չէր լինի, ասենք, հացաթխման արտադրամասերում էլեկտրաէներգիա, եւ ոչ թե ավելի էժան գազ օգտագործելը)։ Նախարարը վստահ էր, թե օտարերկրացի սեփականատերերի պարագայում նման կորուստներն առնվազն էականորեն կպակասեն։ «Մասնավորեցումից միայն էներգետիկ մաֆիան է տուժելու,- հայտարարեց պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Սեյրան Ավագյանը վկայեց, թե վիճակն ավելի վատ է, քան այդ լսումների ընթացքում ներկայացվեց. ամբողջ էներգահամակարգը գնահատվում է 2 մլրդ դոլար։ Մինչդեռ շուրջ 1 մլրդի կորուստ կա, որը հարկավոր է վերականգնել։ Նա ասաց նաեւ, թե բաշխիչ ցանցերը չսեփականաշնորհելը Հայաստանին չի փրկելու քաղաքական կախման մեջ ընկնելուց՝ փոխարենը վարկ ենք վերցնելու։ Այլ փաստարկներից հետո Սեյրան Ավագյանը նշեց. «Իմ վերջնական եզրահանգումն է, որ սեփականաշնորհման ցանկից բաշխիչ ցանցերը հանելու հարցադրումը միարժեք քաղաքական է»։

Մինչեւ ստորակետ դնելը

Լսումների արդյունքում մի քանի պայմանավորվածությունների եկան։ Դավիթ Զադոյանը խոստացավ գրավոր տեղեկանքով հիմնավորել, որ Մոլդովայում, Ղազախստանում եւ այլուր էներգահամակարգի մասնավորեցումը դրական հետեւանքներ է ունեցել։ Պայմանավորվեցին նաեւ քննարկել ՀՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանի այլընտրանքային առաջարկը՝ ցանցերի սեփականաշնորհումը փուլ առ փուլ իրականացնելու վերաբերյալ։ Շատ պատգամավորներ ցանկանում էին ծանոթանալ ԱԱՆ-ի եզրակացությանն այս բաշխիչ ցանցերի վերաբերյալ։ Շատերին նաեւ հետաքրքրում էր, թե արդյոք անվտանգության խորհուրդը դրական, թե՞ բացասական կարծիք ունի այս խնդրի վերաբերյալ։ Դավիթ Զադոյանը տեղեկացրեց, թե վարչապետին նամակ է գրել, խնդրելով, որ այս հարցն անպայման քննարկվի ԱԽ-ում եւ… որոշում կայացվի։ Իսկ մենք՝ միամիտներս, շարունակում էինք հավատալ օրենքներին եւ կարծել, թե անվտանգության խորհուրդը զուտ խորհրդակցական մարմին է եւ այն որոշումը, թե արդյոք պե՞տք է սեփականաշնորհել բաշխիչ ցանցերը կամ ոչ՝ բոլորովին այնտեղ չէ, որ պիտի կայացվի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829