Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

Փետրվար 29,2000 00:00
Vahe Gabrielyan

Վերջին օրերին պտտվող լուրերն, ի վերջո, կանգ առան եւ հաստատվեցին. իրոք, կառուցվածքային փոփոխություններից բացի, կառավարությունը ենթարկվեց նաեւ կազմափոխության եւ, իրո՛ք, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց եւ վավերացրեց այդ փոփոխությունները։ Արդյունքում ստացանք խառնված եւ կիսված կառավարություն, որից ժողովուրդն իրականում սպասելիք չունի, իսկ կնքահայրերը, հավանաբար, ինչ-որ հույսեր են կապում։

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը դիվանագիտական հմտություններով փայլեց նաեւ երեկ, երբ ուշ երեկոյան լրագրողներին ներկայացրեց նախագահ Քոչարյանի մի քանի հրամանագրեր։ Ոչ մի խոսք չասվեց այն նախարարների մասին, ովքեր մնում են իրենց տեղերում, աշխատանքից ազատվածների մասին ասվեց, որ նրանց աշխատանքները նախագահը գնահատում է դրական. «ցավոք, նրանք ընդգրկված չեն կառավարության կազմում»։ Նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ սա կոալիցիոն կառավարություն չի, «որովհետեւ այս կառավարությունն ունի իրեն սատարող քաղաքական մեծամասնությունը՝ հանձին «Միասնություն» դաշինքի, եւ մենք հուսով ենք, որ կառավարության նորացված կազմը եւ կառավարության համար պատասխանատվություն ստանձնած «Միասնություն» դաշինքի աջակցությամբ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում իրենց թեկնածություններն առաջադրած կուսակցությունների աջակցությամբ, կկարողանա բարելավում մտցնել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մեջ»։

Ուրեմն ի՞նչ, նախագահ Քոչարյանն իրեն պատասխանատու չի՞ զգում, նա ձեռքերը լվանո՞ւմ է։ Մեզ ասացին, որ այսպես հասկանալ պետք չէ. «Իմ ասածներից նման բան չի բխել, յուրաքանչյուր բարձր պաշտոնյա, ով Սահմանադրությամբ ունի իր ամրագրված պատասխանատվության շրջանակները, շարունակում է օրենքով, Սահմանադրությամբ իրեն լիազորված պատասխանատվությունների շրջանակներում կրել այդ պատասխանատվությունը»։ Այսպիսով, նախկին 24 նախարարությունների փոխարեն ունենք 17 նախարարություն, նախկին 21 նախարարի փոխարեն՝ 16 նախարար։ Վերակազմավորվել են միաձուլման ձեւով մի շարք նախարարություններ։ Այսպիսով, սոցիալական ապահովությունը միաձուլվել է առողջապահությանը, գյուղատնտեսությունը միացել է բնապահպանությանը, ֆինանսները եւ էկոնոմիկան կրկին միացան վերաձեւման ձեւով, տրանսպորտը միացել է փոստի եւ հեռահաղորդակցության նախարարությանը, սեփականաշնորհմանը միացել է պետական գույքի կառավարման նախարարությանը, քաղաքաշինությունը միացել է տարածքային կառավարմանը։

Նախարարական աթոռներին հրաժեշտ տվեցին Խոսրով Հարությունյանը, Երվանդ Զախարյանը, Գեւորգ Վարդանյանը, Գագիկ Շահբազյանը, Հայկ Նիկողոսյանը, Արմեն Դարբինյանը, Պավել Ղալթախչյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Ռուբեն Տոնոյանը, Ստեփան Մնացականյանը, Շահեն Կարամանուկյանը, Հրայր Հովհաննիսյանը։ Նոր նշանակված նախարարներ են Արարատ Մկրտչյանը՝ առողջապահության եւ սոցապ նախարար (մեր կարծիքով, Ռազմիկ Մարտիրոսյանը կմնա սոցապ գծով փոխնախարար), Ռոբերտ Նազարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախարար, Լեոնիդ Հակոբյանը՝ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, Լեւոն Բարխուդարյանը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Դավիթ Վարդանյանը՝ պետական գույքի կառավարման նախարար, Զավեն Գեւորգյանը՝ գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարար։ Դե ինչ, ունենք այն, ինչ ունենք։ Նոր նշանակումներ տեղի են ունեցել այն նախարարություններում, որոնցում տեղի են ունեցել վերաձեւումներ եւ միացումներ, «այսինքն՝ սա մարդկանց ազատել չէ վատ աշխատանքի պատճառով, այլ՝ պարզապես քաղաքական գործընթացների արդյունք»։

Ըստ էության, ուժային նախարարները մնում են։ Նորություն է այն, որ 90-ից հետո կրկին կոմունիստները մտան կառավարություն, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը եւս հասավ իր մուրազին։ ՀՀ նախագահը Դավիթ Հարությունյանին (ոնց կդիմանա այս հարվածին Վլ. Նազարյանի սիրտը) եւ Վարդան Օսկանյանին կարողացավ պահել։ Ուժայիններից, թերեւս, վարչապետին է մնում միայն պաշտպանության նախարարը, թե ո՞ւմն են ՆԳ եւ ԱԱ նախարարները, անհասկանալի է։ ՀԺԿ-ն երեք նախարարություն է տնօրինելու, ՀՀԿ-ն իրենն է համարում տնտեսական բլոկի նախարարությունները, «Երկրապահն» էլ ասում է՝ դե որ այդպես է, ուրեմն Դավիթ Զադոյանը (այսինքն՝ էներգետիկան) մեր մարդն է։

Մի առիթով մի խելոք մարդ ասել է. «Կարեւոր չէ կատուն սեւ է, թե սպիտակ, կարեւորն այն է, որ նա մուկ բռնի»։ Այս կառավարության դեպքում, կարծես թե «մուկ բռնող» կրկին չի գտնվի եւ, ի վերջո՝ ստացվելու է մեծ աղմուկ՝ ոչնչից։ Իրոք, «կուբիկ-ռուբիկ» քանդել-հավաքելն անօգուտ գործ է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829