Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահի երգը

Փետրվար 26,2000 00:00
hay-rus

Երբեւէ լսե՞լ եք, որ զինվորականները, այն էլ խիստ բարձրաստիճան, ուշագրավ, կարեւոր եւ սենսացիոն ինֆորմացիա հաղորդեն։ Չեք տեսել եւ չեք տեսնի։ Ռազմական գործ է, հո կատակ չէ՞։

Հայաստանում էր գտնվում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Կոնստանտին Տոցկին։ Կառավարության ընդունելությունների տանը հրավիրված ասուլիսից առաջ երկու պայմանագիր ստորագրվեց. աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին, եւ հայ-ռուսական սահմանապահական խմբի նախահաշվի մասին։ Հայ եւ ռուս սահմանապահները հավասարության են հասել նաեւ ֆինանսական հարցերում եւ հաշիվը եղբայրաբար են կիսում։

Հայաստանում Կ. Տոցկին հանդիպել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ պաշտպանության նախարարին։ Ի դեպ, պարոն Տոցկին «հաճելի զարմացել է», երբ իմացել է, թե ՀՀ նախագահը որքան քաջատեղյակ է սահմանի իրավիճակին։ Լրագրողների ներկայությամբ մեդալներ հանձնվեցին լավագույն հայ սահմանապահներին։ Յուրաքանչյուր կադրային մեդալը ստանալուց հետո մի տեսակ խռպոտ ձայնով էր ասում. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Վրաստանի եւ Ադրբեջանի՝ ռուսական սահմանապահ զորքերից հրաժարվելու փաստը բոլորովին էլ վարակիչ չէր Հայաստանի համար, քանի որ մենք պահպանում ենք ռուսական սահմանապահ զորքերի ներկայության մասին պայմանավորվածությունը։

Սա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ քաղաքական քայլ։ Այս հարցին պատասխանելիս Կոնստանտին Տոցկին փայլեց ավելի շատ դիվանագիտական հմտություններով։ Նա շատ հաջող խուսանավեց հարցին պատասխանելիս, սակայն ասաց, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է։ Ի դեպ, գեներալը հենց այդպես էլ զեկուցել է Հայաստանի իշխանություններին։ Իսկ հայ-ռուս սահմանապահական համագործակցությունը նա սերտ եւ գործնական գնահատեց։ Կ. Տոցկու ասելով. «Մենք եղել ենք, կանք ու կմնանք իսկական ընկերներ»։ Սահմանը պահպանելու համար անհրաժեշտ կադրերի պատրաստման գործում ռուսական կողմը եւս պատրաստ է մեզ եղբայրաբար օգնել։ «Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են եւ դրանք սոսկ խոսքեր չեն»։

Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունները դրանում համոզված են։ Կոնստանտին Տոցկին շատ էր շեշտում. «Մենք ընկերներին չենք դավաճանում եւ փորձանքի մեջ չենք թողնում»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829