Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒԺԵՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ»

Փետրվար 26,2000 00:00

Կառավարության կազմն արդեն պատրաստ է, թեպետ հրապարակավ ոչ ոք հակված չէ այս մասին խոսել՝ լրագրողներից բացի։ Երեւի ճիշտ են անում ապագա նախարարները, որ առայժմ չեն ինքնաբացահայտվում։

Ի՞նչ իմանաս, չէ՞ որ քաղաքականապես էկզոտիկ Հայաստանի համար բոլոր անոմալիաները հանկարծ իրականություն են դառնում։ Եթե իրոք երկուշաբթի է հաստատվելու եւ ներկայացվելու կառավարության կազմը, ուրեմն 17 մարդ-նախարար սրտատրոփ սպասման մեջ է՝ «կապրե՞նք մինչեւ երկուշաբթի»։

Աթոռների բաժանման պրոցեդուրան խիստ տնավարի է անցել։ Վարչապետը շտապողի կարգավիճակում է եղել, այդպես շտապելով էլ անկեղծորեն խոստովանել է, թե ցավում է, որ «խնձորները քիչ են եւ բոլոր ուզողներին բաժին չի հասնի»։ Հետաքրքիր է, որ ամենաշատ խնձորների հավակնորդը կոմունիստները դուրս եկան։ Ֆինանսների նախարարի պաշտոնին կոմունիստների հավակնությունը ներկաներին խիստ է զարմացրել. «Ախր ՀԲ կա, ՄԱՀ կա, ձեզ հետ ո՞նց են բանակցելու»։ «Ոչինչ, մի բան կանենք, լեզու կգտնենք»,- խրոխտ պատասխանել են ընկերները։ Բայց՝ անօգուտ, Լեւոն Բարխուդարյանը պինդ է նստել իր տեղում։ Շրջանառության մեջ մտավ նաեւ այն վարկածը, որ առողջապահության եւ սոցապ նախարարի թեկնածուն՝ Արարատ Մկրտչյանը ՀԿԿ թեկնածու է (թեպետ՝ ՀՀԿ անդամ է)։ Երեկ, մեր թերթին հարցազրույց տվեց ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր, նախարարի թեկնածու (կամ՝ արդեն նախարար) Լեոնիդ Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով, կառավարության կազմի այսպիսի վերաձեւումը ի՞նչ կտա Հայաստանին։

– Հավանաբար, կառավարությունը ձեւավորվելուց հետո պետք է ներկայացնի ծրագիր, այդ ծրագիրը պետք է քննարկվի համատեղ, ինչպես որ քննարկվել է կուսակցությունների համատեղ հայտարարությունը եւ ընդհանուր ուժերով ստեղծենք այնպիսի ծրագիր, որ կուսակցությունները կառավարության հետ այն կարողանան իրականացնել։ Բյուջեն, հավանաբար, այս ձեւով ընդունել ճիշտ չի լինի։ Մենք չենք կարող էկլեկտիկ ձեւով նախարարությունները գումարել իրար։ Ճիշտ կլինի, որ կառավարությունը վերջնական ձեւավորելուց հետո նորից անդրադառնանք բյուջեին, դա այնքան էլ մեծ ժամանակ չի խլի։

– Սակայն ե՛ւ ծրագիր կար՝ «Միասնություն» դաշինքի ծրագիրը, նաեւ բյուջեն էր քննարկվել։ Հիմա ստացվում է, որ այդ ծրագիրը եւ քննարկված բյուջեն մի կողմ են դրվում եւ նոր ծրագիր ու նոր բյուջե է առաջարկվո՞ւմ։

– Ես կառավարության ղեկավարը չեմ, վարչապետը չեմ, հավանաբար, պետք է բոլոր կուսակցությունները մասնակցություն ունենան կառավարության ծրագրի կազմավորմանը։ Ձեր ասած ծրագրի այն դրույթները, որոնք անմիջապես կապված են ժողովրդի վիճակը լավացնելուն, կարող են լիովին օգտագործվել։

– Դուք որպես պատգամավորական փորձ ունեցող գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում մի խորհրդարան, որտեղ չկա ընդդիմություն։

– Ես ձեզ հետ համաձայն չեմ, խորհրդարանում կա ընդդիմություն։

– Նկատի ունեք Գեղամյանի՞ն։

– Ինչո՞ւ Գեղամյանին, այնտեղ կան խմբակցություններ, ասենք՝ կոմունիստական կուսակցության խմբակցությունը, որը ռադիկալ ընդդիմություն է։ Ուժեղ ընդդիմությունը լինում է ուժեղ կառավարության դեպքում։ Ես կարծում եմ, որ ընդդիմություն կա։

– Որպես տնտեսագետ որքանո՞վ եք ռեալ եւ նորմալ համարում նոր բյուջե, նոր քննարկում, կառավարությունը 2000 թվականի բյուջեն արդեն ներկայացրել է եւ այն արդեն քննարկվել է։

– Նոր բյուջե չի կազմվելու, բյուջեի չափսերն արդեն հայտնի են եւ այս փոփոխությունները, որ տեղի ունեցան, պարզապես պետք է բյուջեում հաշվի առնվեն։ Իհարկե, լավ կլիներ, որ այս փոփոխությունները լինեին ավելի վաղ։ Շրջադարձային էր, որ բոլոր կուսակցությունները հայտնվեցին նույն տանիքի տակ եւ փոսից դուրս գալու ելքն այն է, որ համազգային խնդիրներում միասնական մոտեցում ունենանք։ Կուսակցությունները պետք է մի քայլ ավելի բարձր կանգնեն իրենց կուսակցական պատկանելությունից։

– Դուք դառնում եք տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարար։ Չի՞ բացառվում, որ հանկարծ օրենսդրական առաջարկով կմտնեք խորհրդարան եւ տարածքային կառավարման հարցերը կշեղեք դեպի սովետների իշխանություն։

– Ցանկացած կուսակցության հիմնական խնդիրներից մեկը իշխանության հարցն է։ Նոր կառավարությունը, հավանաբար, կլինի բազմակուսակցական։ Կոռեկտ չէ նախօրոք խոսել, թե դա ինչ կառավարություն կլինի, քանի դեռ նախագահը չի ստորագրել։ Հավանաբար նախագահը կստորագրի եւ դրանից հետո մենք ավելի մանրամասն կխոսենք այդ մասին։

– Պարոն Հակոբյան, ինչո՞ւ եք այդքան շահագրգռված, որ նախարարի ձեր պաշտոնի անվանման մեջ հատուկ շեշտվի՝ համակարգող նախարար բառակապակցությունը։

– Ես գտնում եմ, որ այն մասով, ինչ ինձ է վերաբերվում, կոռեկտ չէ, որ ինքս խոսեմ։ Իսկ ինչ վերաբերում է համակարգող նախարարին, «есть поле деятельности», որտեղ լիարժեք ղեկավարման համար պետք են լիարժեք իրավասություններ։ Առիթից օգտվելով հիշեմ, որ մենք ժամանակին ուզում էինք աղետի գոտու վերաբերյալ ունենալ վարչապետի տեղակալ, որը կղեկավարեր շինարարական-վերականգնողական աշխատանքները ամբողջ աղետի գոտում։ Այդ «պոստը», ցավոք, չստեղծվեց։

– Դուք խորհրդարանում միշտ բոլորից եւ ամեն ինչից դժգոհ եք եւ քննադատող։ Հիմա, որպես կառավարության ներկայացուցիչ ձեզնից են պահանջելու։ Հիմա ի՞նչ եք ասելու։

– Եթե առողջ քննադատություն է եւ կօգնի ընդհանուր աշխատանքին, իհարկե, ես պետք է ընդունեմ։ Ցավոք, միշտ չէ, որ հիմնավորված են քննադատում։

– Եթե «համակարգող» բառը չլինի ձեր նոր պաշտոնի անվանման մեջ, իրո՞ք չեք վերցնելու պորտֆելը, քանի որ դուք, կարծես թե, վարչապետի տեղակալի ակնկալիք ունեք։

– Չէ, այդպես չի, հիմա մեր Սահմանադրությամբ փոխվարչապետի պոստ չկա, դա սխալ է հանված, բայց այնտեղ մեծ գործեր կան, որոնք կապված են բոլոր նախարարությունների հետ եւ համակարգող նախարարը փաստորեն ստանձնում է կարգավորիչ դերը, միայն դրա համար, աշխատանքի բնույթից ելնելով։

– Բայց արդեն մեկ համակարգող նախարար կա՝ Վահան Շիրխանյանը։

– Դժվար է համակարգել այդպիսի մեծ քանակով նախարարություններ։ Հավանաբար, կառավարությունը եւ նախագահը գտել են հարմար, որ լինի եւս մեկ նախարար, որը կկոորդինացնի իրենց հանձնարարությամբ, կկոորդինացնի «то поле деятельности которое они сочтут целесообразнным»։

– Եվ այդ նախարարը դո՞ւք եք լինելու։

– Երկու նախարարություն միանում են եւ կոչվում է տարածքային կառավարման եւ քաղաքաշինության, ստորագրելուց հետո մենք կիմանանք, թե ինչպես կկոչվի այդ ոլորտը։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829