Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կառավարության կազմը

Փետրվար 25,2000 00:00
shaxmat

Ուժային 3 նախարարներն էլ մնալու են իրենց պաշտոններում։ Վարդան Օսկանյանն էլ է մնալու իր տեղում՝ սա թերեւս նախագահի հետ առճակատման չգնալու մտադրության հետեւանքն է։ Երկրապահների խնդրանքով շարունակելու է պաշտոնավարել Դավիթ Զադոյանը։ Իր տեղում է մնալու նաեւ Ռոլանդ Շառոյանը։ Դավիթ Լոքյանի պարզաբանումներից հայտնի դարձավ, որ սա վարչապետի ցանկությունն է, այլ ոչ ՀՅԴ-ի։ Կուսակցության կամքն այսպես է արտահայտվել՝ գտնում եք, որ լա՞վ է աշխատում՝ թողեք մնա։ Եվ հակառակը։

Մի խոսքով, ՀՅԴ-ն որեւէ փաստաթղթով չի ամրագրել, թե Ռոլանդ Շառոյանը կուսակցության թեկնածուն է։ Նոր կառավարությունում շարունակելու են մնալ Վահան Շիրխանյանը, Սմբատ Այվազյանը, Կարեն Ճշմարիտյանը եւ Էդվարդ Ղազարյանը։ Դառնանք այն նախարարներին, որոնց շնորհիվ էլ այս կառավարությանն անտեղի կպավ «կոալիցիոն» անվանումը։ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը գլխավորելու է պետական ունեցվածքի կառավարման նախարարությունը, որը փոխարինելու է թերեւս սեփականաշնորհման նախարարությանը։ Հայկոմկուսի երկու նախարարական աթոռների վերաբերյալ էլ նախապատմություն կա։ Լեոնիդ Հակոբյանը, որի համար հարազատ կուսակցությունը հարմար էր նկատել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը (այնուամենայնիվ այն զբաղեցնելու է Լեւոն Բարխուդարյանը) վարչապետի համար առավել ընդունելի էր դիտվել տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարի պաշտոնում։ Լեոնիդ Հակոբյանն ակնկալում էր, որ իր պաշտոնի երկար անվանմանը եւս մի մասնիկ պիտի ավելանա՝ համակարգող նախարար։ Եվ երբ կառավարության ընդունելությունների տանը պարզել է, որ համակարգող նախարարը միայն մեկն է լինելու՝ Վահան Շիրխանյանը, Լեոնիդ Հակոբյանը հայտարարել է, թե հրաժարվում է։

Ինչ որ է, Գագիկ Թադեւոսյանը վկայեց, որ նա, այնուամենայնիվ, վերջնական որոշում չի կայացրել եւ այդ հարցը դեռ քննարկվում է։ Առավել հետաքրքրական է կոմկուսի մյուս թեկնածուի պարագան, որ առողջապահության եւ սոցապ նախարար Արարատ Մկրտչյանն է (նախկինում առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ, այժմ առողջապահական գործակալության տնօրեն)։ Արարատը պրն Մկրտչյանի ոչ միայն անունն է, այլեւ ծննդավայրը (եւս մի արարատցի կառավարությունում)։ Ավելին, չնայած Գագիկ Թադեւոսյանը վստահ էր, թե Արարատ Մկրտչյանը անկուսակցական է եւ իրենց համակիրը, «Առավոտը» տեղեկություններ ունի, որ ՀՀԿ անդամ է (կոմկուսին համակիր լինելը թերեւս այս դեպքում դարձյալ բացառված չէ)։ Հանելուկ է մնում արդարադատության նախարարի պարագան։ Անկասկած է, որ Դավիթ Հարությունյանին փոխարինելու է մեկ այլ Հարությունյան։ Սակայն մինչ շատերը համոզված են, որ դա զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանն է, մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ խոսքն, այնուամենայնիվ, զինվորական դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի մասին է։

Ի դեպ, նա այս պաշտոնում է զինդատախազության ստեղծման օրվանից։ Եվ վերջապես, ՀԺԿ-ն չկարողացավ Ռուբեն Տոնոյանին պահել որպես կապի եւ տրանսպորտի նախարար։ Այս պաշտոնը զբաղեցնելու է ներկայումս էներգետիկայի փոխնախարար Ռոբերտ Նազարյանը։ Փոխարենը ՀԺԿ-ի թեկնածուն է գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը, որը երկու տասնամյակ առաջ Արտաշատի շրջկոմի քարտուղարն էր, հետո տեղափոխվել էր Մոսկվա։ Փոխնախարարների մեզ հայտնի թեկնածուներից նշենք կոմունիստ Ֆրունզե Խառատյանին՝ արդարադատության փոխնախարար։ Ու նաեւ բնապահպանության նախարարությունը վարչության վերակազմավորումից հետո մտադիր է պաշտպանության փոխնախարարի իր պաշտոնին վերադառնալ Գեւորգ Վարդանյանը։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829