Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԴՈ՛Ւ, ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵ՞Լ ԵՍ

Փետրվար 25,2000 00:00
harc

Մոտավորապես այս հարցն էին երեկ ճեպազրույցներում լրագրողներն ուղղում խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նախ, մի ընդհանուր դիտարկում. բոլոր այն կուսակցությունները, որ մաս են կազմել վարչապետի նախաձեռնած քաղաքական խորհրդին եւ առավել եւս, եթե կառավարությունում աթոռ են ստացել՝ իրենց քայլը բացատրում էին զուտ երկիրն այս վիճակից հանելու համար ուժերը համախմբելու, ծրագիր մշակելու եւ ոչ երբեք պաշտոնամոլությամբ կամ ընդդեմ նախագահի միավորվելու անհրաժեշտությամբ։ Մի պնդում էլ էր ընդհանուր՝ բոլորը պատասխանատվության առյուծի բաժինը վերապահում էին դարձյալ «Միասնությանը»։

ԱԺՄ ներկայացուցիչներին «Առավոտի» հարցն էր, թե ինչո՞ւ որոշեցին դարձյալ Դավիթ Վարդանյանին պետական ծառայության գործուղել, այլ ոչ, ասենք, Արշակ Սադոյանին, որն անընդհատ քննադատում է բոլոր կառավարություններին եւ հրաժարվում որեւէ պաշտոն ստանձնելու միջոցով իրականացնել այն, ինչի մեջ քննադատում է ուրիշներին։

դավիթ լոք  ղՇավարշ Քոչարյանը պարզաբանեց, թե ընտրության մեջ նախ տվյալ անձի ցանկությունն է հաշվի առնվել (ասել կուզի, թե ԱԺՄ-ից ուրիշ ոչ ոք չէ՞ր ցանկանում նախարար դառնալ)։ Արշակ Սադոյանը հավելեց, թե հաշվի են առնվել նաեւ գործադիր իշխանությունում աշխատելու փորձը, կարողությունները եւ հակումները (դժվար է համաձայնել, թե այս բոլոր արժանիքներով ԱԺՄ-ում միայն պրն Վարդանյանն է օժտված)։ Շավարշ Քոչարյանը նաեւ ասաց, որ Արշակ Սադոյանն իր տեղը խորհրդարանում է տեսնում, անգամ եթե ԱԺՄ-ն իշխանության անցնի։ «Իրականում մենք վերջերս ավելի շատ սպասողական դաշտում ենք»,- ասաց Շավարշ Քոչարյանը մեր երկրորդ հարցին ի պատասխան, թե արդյոք այս նշանակումը հաստատում է, որ ԱԺՄ-ն հեռանում է արմատական ընդդիմության դաշտից։ Իսկ Արշակ Սադոյանը վստահ էր, թե դարձյալ ընդդիմադրի դիրքում կհայտնվեն, եթե ծրագիրը չկատարվի։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բացահայտեց, որ անգամ խոսք է եղել ծրագրի կատարման ժամկետներ հաստատելու մասին։ Ի դեպ, նա բավական գաղտնապահ մնաց եւ այդպես էլ չբացահայտեց, թե իրեն ինչ պաշտոն է առաջարկվել, որին չի համաձայնել եւ կամ, իրենք այդ որ մի ոլորտն էին ցանկանում ղեկավարել, բայց այդ հնարավորությունը չտրվեց։ Սակայն պրն Բաղդասարյանը մի ակնարկ արեց, թե երբ խորհրդում ճշտեն սկզբունքները, գաղափարներն ու ծրագրերը, բացառված չէ, որ կառավարությունում նոր փոփոխություններ էլ լինեն։ Խոստացավ, թե անկախ պայմանավորվածություններից՝ մնալու են ԱԺ-ում այլակարծության կրողներից եւ չեն պատրաստվում աշխատանքի տեղավորվելով փակել բերանները։ «Իրավունք եւ միաբանության» հիմնական բանախոսն Արտաշես Գեղամյանն էր, որը կրկնեց կառավարության փոփոխությունների շուրջ մամուլում արդեն իսկ հրապարակված իր գնահատականները։ Նոր հավելումն էր. «Անհեթեթ բյուջեի նախագիծ են ներկայացրել ԱԺ-ի քննարկմանը։ Բոլոր քաղաքական ուժերն անխտիր ասում են, որ այս բյուջեն բյուջե չէ։ Բայց բոլոր քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնում այդ ի սկզբանե դատապարտված բյուջեն կյանքի կոչել եւ համալրել այս կամ այն նախարարի պաշտոնը։ Այստեղից էլ, բնականաբար, քիչ թե շատ տրամաբանության հետ վերջնականապես կապերը չխզած մարդը հասկանում է, որ պաշտոնի կռիվ է հերթական անգամ։ Կամ՝ խնջույք ժանտախտի ժամանակ»։

Ի դեպ, պրն Գեղամյանը բացահայտեց, թե կառավարության ընդունելությունների տանն Արամ Սարգսյանը փոքր-ինչ խմբագրել է դասականներին եւ հայտարարել, թե ո՞ւր է այն տղամարդը, որ կարող է այս պատասխանատվությունը ստանձնել։ «Գյուլաշ կռվելու մրցամարտ չի,- նրա հետ հեռակա լեզվակռվի մեջ մտավ պրն Գեղամյանը։- Դա խելքի հետ առնչվող հարցեր են, ոչ թե նրա՝ յուբկա՞ ես կրում, թե՞ շալվար։ Մի ամբո՜ղջ դաշինք պատրաստ է պատասխանատվությունը վերցնի, անգամ այս խորը ճգնաժամից երկիրը դուրս բերի։ Խունջիկ-մունջիկ չգալու համար էլ ասեմ. այո՛, պատրաստ եմ եւ պատասխանատվությամբ կարող եմ ստանձնել կառավարության ղեկավարումը»։ Այնպես որ, տղամարդը կա, բայց նա իրեն վայել է համարում առնվազն վարչապետի պաշտոնը։

Այլապես՝ «Եթե մենք հարց ենք դնում պորտֆել ստանալու՝ ապա կարող ենք գնալ ու հրապարակի խանութից գնել այդ պորտֆելը»,- հեգնեց Արտաշես Գեղամյանը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանն այն հարցին, թե արդյոք այս փոփոխություններով նախագահի իշխանությունը թուլացնելու միտում տեսնո՞ւմ են, պատասխանեց, թե այդ դեպքում դաշնակցության դիրքորոշումը բացարձակապես ուրիշ կլիներ։ Ի դեպ, եւս մեկ անգամ նշելով, թե իրենք ոչ մի հայտ չէին ներկայացրել, պրն Լոքյանը մի ակնարկ արեց. «Պահանջներ ներկայացնելն այսօրվա իրավիճակում կարող էր նոր բարդացումների բերել»։ «Առավոտը» խնդրեց մանրամասնել, բայց պրն Լոքյանն ի պատասխան խոսեց անզիջողականության մթնոլորտի մեղմացման մասին՝ մի խոսքով, խուսափեց պարզաբանումներից։ Հայկոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն ամենաբաց պատասխանները տվեց այս ճեպազրույցների ընթացքում եւ չփորձեց գաղտնիք դարձնել մի բան, որն առանց այն էլ երկուշաբթի հրապարակվելու է։ Կարո՞ղ է արդյոք օգտվեն այն հանգամանքից, որ տարածքային կառավարման նախարարը կոմունիստ է լինելու եւ ամբողջ իշխանությունը վերադարձնեն կոմունիստներին. մեր այս հարցի պատասխանից ակնհայտ դարձավ, որ խորհուրդների վերականգնումը լրիվ հնարավոր է։

Քննարկվում են տեղական ինքնակառավարման օրենքի փոփոխությունները եւ ներկայացուցչական մարմինների ստեղծման խնդիր կա։ «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանը հայտնեց, թե կառավարության կազմի հրապարակումից հետո իրենք հանդես են գալու հայտարարությամբ։ Հաշվի առնելով, որ տնտեսական, ֆինանսական ոլորտում ղեկավարում ստանձնելու վերաբերյալ այս խմբի հայտը չի բավարարվել, կարելի է կռահել հայտարարության ուղղվածությունը։ Չնայած պրն Կարապետյանը խոստացավ, որ ընդդիմադիր կարգավիճակով, թե որեւէ այլ, միեւնույն է՝ կառուցողական են լինելու։ «Միասնություն» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանին «Առավոտը» խնդրեց անդրադառնալ Պարույր Հայրիկյանի եւ Արտաշես Գեղամյանի քննադատությանն այս փոփոխությունների առիթով։ ԱԺ փոխնախագահը հերքեց Հայրիկյանի պնդումները, թե «Միասնությունն» այսպիսով փորձում է խուսափել պատասխանատվությունից կամ նպատակը սահմանադրական փոփոխություններով նախագահին մեկուսացնելն է։ Վստահեցրեց, թե որեւէ հետին եւ մութ նպատակներ չարժե փնտրել այս նախաձեռնության մեջ։ «Միասնության» ծրագրի սնանկությունն ի դերեւ ելնելու առնչությամբ Գեղամյանի պնդումներին հակակշռվեց հոկտեմբերի 27-ի մասին հիշեցումը, որի կնիքը կրեցին հետագա ամիսները։

Պետք է ասել, որ Տիգրան Թորոսյանը գերազանցեց ճեպազրույցների այլ մասնակիցներին իր հաստատակամությամբ՝ կառավարության կազմի շուրջ որեւէ բացահայտում չանել մինչեւ երկուշաբթի։ Սակայն մեր հարցին, թե գուցե զգուշավորության պատճառն այն է, որ նախագահին ներկայացվելուց հետո չի՞ կարելի բացառել կառավարության կազմի փոփոխությունները, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Ըստ էության, դժվար թե»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829