Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ»

Փետրվար 25,2000 00:00
Samvel Babayan

Փետրվարի 17-ի «Առավոտում» տպագրված էր հարցազրույց Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանի հետ։ Հարցազրույցում քաղաքապետը իր եղբոր՝ Սամվել Բաբայանի անունից մի քանի հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, որ Սամվել Բաբայանը ցանկություն ունի նախագահ դառնալ, որ նա վստահում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հրաժարականը Ղարաբաղի հարցի կարգավորման այս փուլում աննպատակահարմար է գտնում։ Այս հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանը որոշ պարզաբանումներ է ուղարկել «Առավոտին»։

Իմ ԼՂՀ նախագահ դառնալու վերաբերյալ «Առավոտ» օրաթերթում Ստեփանակերտի քաղաքապետ Կ. Բաբայանի արտահայտած կանխատեսությանը հակառակ եւ նրա ցանկությունը հասկանալով հանդերձ, հայտարարում եմ, որ ոչ մոտիկ եւ ոչ էլ հեռավոր ապագայում բացարձակապես չեմ հավակնում այդ պաշտոնին: Ինչպես առիթ է եղել մոտ երկու տարի առաջ հրապարակայնորեն ասել այդ մասին, այսօր եւս կրկնում եմ, որ իմ «հետագա ճակատագիրը» ոչ մի ձեւով չեմ կապում նախագահական աթոռի հետ, որովհետեւ բազում պատճառներով (որոնց ես կարող եմ անդրադառնալ հետագայում) այդ պաշտոնը գրավչություն չի ներկայացնում ինձ համար:

Ես կուշտ եմ իշխանությունից (իմիջիայլոց՝ նաեւ իմ երկրի այսօրվա իշխանություններից) եւ իմ կյանքի նպատակները պայմանավորված չեմ տեսնում իշխանական լծակներ տնօրինելու պարզունակ շրջանակներով:

Ինչ վերաբերում է ԼՂՀ խորհրդարանական առաջիկա ընտրություններին իմ մասնակցությանը, ապա կարծում եմ՝ վաղ է դրա մասին խոսելը: Ես սպասում եմ ընտրությունների անցկացման մասին նախագահի հրամանագրին եւ ընտրական օրենքի ճակատագրի հստակեցմանը, որպեսզի որոշեմ իմ անելիքը: Կարող եմ միայն ասել այն, որ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ժամանակին՝ առանց հետաձգման: Դրանք պետք է անցկացվեն ազատ եւ արդար: Թե՛ ներքաղաքական եւ թե՛ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու գործում էական է լինելու ժողովրդի կամքը արտահայտող եւ նրա վստահությունը վայելող Ազգային ժողովի դերակատարությունը:

Իմիջիայլոց, շատ հանգիստ եմ վերաբերվում 1999թ. հունիսից հետո կրած քաղաքական իմ պարտությունների մասին զրույցներին: Համբերությամբ սպասում եմ տեսնելու, որ իմ դեմ քաղաքական հակառակորդների արձանագրած հաջողությունները ժողովուրդն արդյոք տոնելո՞ւ է որպես ի՛ր հաղթանակը: Էականը դա է ինձ համար: Որովհետեւ մեկի հաղթանակը անպայմանորեն բոլորի հաղթանակը չի նշանակում: Ի տարբերություն շատ ու շատ իշխանավորների՝ ես շատ լավ գիտեմ «հաղթանակի» եւ «պարտության» իսկական նշանակությունը: Ես ապրել եմ հոգեկան այն խոր բավարարվածության զգացողությունը, երբ տեսել եմ, որ իմ ղեկավարած հաղթանակները միանշանակորեն որպես այդպիսին են ընկալվել ամբո՛ղջ ազգի կողմից: Ցանկանում եմ, որ ներկա իշխանավորները գոնե մեկ անգամ իրենք եւս ճաշակեն այդ զգացողությունը: Դա օգնելու է նրանց հասունանալ, ինչպես օգնում է ինձ այսօր՝ իրատեսորեն գնահատելու ներկա իրավիճակը:

Իմ անունից՝ նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքական հետագա ճակատագրի վերաբերյալ եղբորս կատարած դատողությունների մասին. ինձ համար հստակ է, որ Հայաստանում վաղուց հասունացել է համակարգային փոփոխության անհրաժեշտությունը: Թե դա կլինի Ռ. Քոչարյանի գլխավորությամբ կամ առանց նրան՝ այդքան էլ էական չէ: Կողմ եմ լինելու Ռ. Քոչարյանի պաշտոնից հեռանալուն, եթե դա բերելու է համակարգի բարեփոխությանը եւ լինելու եմ դեմ, եթե մեկ ուրիշն է գալու պարզապես ավելի հմտությամբ խորացնելու համազգային այս ճգնաժամը:

Սակայն անկեղծորեն, առավել եւս՝ մեծ ցավով, կարող եմ ասել, որ ներկայումս Հայաստանում չեմ տեսնում այն ուժին, որն ի վիճակի է ներկա կործանարար ուղուց շրջադարձ կատարելու: Այս իրականության ֆոնի վրա՝ Հայաստանում շարունակվող ներքաղաքական գործընթացներից ոչ մի լավ բան չեմ սպասում դժբախտաբար, որովհետեւ սատանայական շրջանակը մնում է փակ, իսկ դրա ներսում լուծումներ ման գալու ճիգը՝ զուր աշխատանք:

Մյուս կողմից, այնքան ժամանակ, ինչ Ռ. Քոչարյանը զբաղեցնում է նախագահի պաշտոնը, նա ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես ղարաբաղյան հարցի լուծման, այնպես էլ ԼՂՀ ներքաղաքական իրավիճակի համար: Այս երկու հարցերում Ռ. Քոչարյանի՝ ԼՂՀ իշխանությունների հետ պատասխանատվության կիսումը ավելի շատ տեսական եմ համարում, քան իրական: Կարծում եմ՝ ովքեր հետեւում են բանակցությունների գործընթացին եւ ԼՂՀ ներքաղաքական զարգացումներին, կհամաձայնվեն ինձ հետ:

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ

23 փետրվարի 2000թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829