Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ագռավաքարում

Փետրվար 25,2000 14:34

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, գրեթե բոլորը «արտահայտվեցին»։ Սակայն եթե իր անպաշտպանությունն ու անօգնականությունը գիտակցող հասարակությունը մի կերպ փորձում էր հոկտեմբերի 27-ի օրը՝ բուն կատարվածը մի կերպ մարսել ու փորձել ապրել, հիմա արդեն ուրիշ վիճակ է։

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին դիմեցի՝ խոսելու դեպքին հաջորդած այս վիճակի մասին։ Ա. Գրիգորյանը փակված էր իր սենյակում ու շատ քչերի հետ է շփվում, տեղեկացվում մամուլից ու հեռուստատեսությունից ասվող տեղեկատվությամբ։ Բոլորից փակվելու պատճառն, իր ասելով, երկրում ստեղծված անորոշությունն է. «Մարդը փակվում է անորոշությունից։ Ամեն մեկը պատասխանատու է ինչ-որ մարդկանց ճակատագրերի համար։ Ես նույնպես, թող դրանք կոչվեն՝ էստրադայի դերասաններ։ Այդ անորոշությունը զգում եմ, երբ ինքս չեմ կարողանում պատասխան տալ այդ մարդկանց ճակատագրերի համար։ Եվ դա սկսվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից, երբ այս քաոսը ստեղծվեց բոլորիս ներսում, երբ ոչ ոք չի հասկանում՝ ուր ենք գնում, ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում։ Որպես աշխատող չեմ փակվել, շարունակում եմ աշխատել։ Ամբողջ թատրոնն այսպիսի տրամադրությամբ։ Ուրախ եմ, որ նրանք հասկանում են՝ ինչ է պետությունը։ Գիտեք. թե թատրոնի երգիչ- երգչուհիներին որքան եմ տարել Ղարաբաղ, օրը երեք համերգ ենք ունեցել զինվորների համար։ Լավ է, հասկանում են, որ այս երկրի քաղաքացին են եւ ոչ թե միայն բեմի դերասան- երգիչ են։ Շարունակում ենք աշխատել։

Վարդուհի Վարդանյանը հունվարին մասնակցեց Բելառուսում կայացած միջազգային մրցույթին, երկրորդ տեղը գրավեց։ Բայց հիմա էլ Բուլղարիայում կազմակերպվելիք միջազգային մրցույթից Վարդուհի Վարդանյանը անվանական հրավեր է ստացել, չնչին գումար է պետք նրան ուղարկելու համար, բայց չենք կարողանում այդ գումարը գտնել։ Գիտեք, որ ես լաց լինողներից չեմ. բայց հիմա մարդիկ էլ չկան, որ տրամադրեն այդ գումարը։ Պարզապես ափսոս է, ի վերջո ձեր պետությունն է ներկայացվում։ Թուրքիան, օրինակ, կարողանում է 3-4 երգիչ ուղարկել մրցույթների, իսկ մենք գոնե մեկին չենք կարողանում»։

Երկրում ստեղծված այս անորոշությունը շատերն են բացատրում հետաքննության դանդաղ ու անորոշ ընթացքով. «Հիշենք թեկուզ Ալեքսան Հարությունյանի ձերբակալման դեպքը։ Եթե նա մեղավոր է, արդեն իսկ պիտի դա հասկանալի լիներ, բայց չի կարելի այսպես ձգձգել, որ հետո, պարզվի՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Գուցե պետք է, որ հետաքննությունը ձգձգվում է, բայց այս վիճակը բոլորիս մեջ տհաճ նստվածք է թողնում։ Չենք հասկանում՝ ո՞ւր է տանում այս ընթացքը։ Ալեքսան Հարությունյանին մոտիկից գիտեմ եւ նրանից չեմ սպասում նման բան։ Ես տեսել եմ նաեւ Ալեքսան Հարությունյանի ու Վազգեն Սարգսյանի ջերմ հարաբերությունները։ Չի հասկացվում՝ ինչում է Ա. Հարությունյանի մեղավորությունը, ինչո՞ւմ են մեղադրում»։

Արթուր Գրիգորյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաղեմի մտերմության մասին հայտնի է։ Ա. Գրիգորյանը մտերիմ է նաեւ Սամվել Բաբայանի հետ։ Բայցեւ հայտնի է Ռ. Քոչարյանի եւ Ս. Բաբայանի սրված հարաբերությունների մասին։ Հարցին, թե Ա. Գրիգորյանն ինչպե՞ս է համատեղում նման պայմաններում երկուսի հետ էլ մոտ լինել, ասաց. «Եթե խոսում ենք ընկերության մասին, ապա ե՛ւ նախագահի, ե՛ւ Սամվել Բաբայանի էթիկան այնքան մեծ է, որ նրանցից ոչ մեկը երբեք չի ասի՝ ինչո՞ւ ես մյուսի հետ մոտ։ Երկուսն էլ իմ ընկերներն են՝ անկախ իրենց պաշտոնից եւ ներկա վիճակից»։

Այնուամենայնիվ, Ա. Գրիգորյանը Ս. Բաբայանի մասին ասաց, որ վերջինս մենակ չէ. «Այն մարդիկ, ովքեր հավատարիմ են եղել բանակին. կայունությանը եւ խաղաղությանը՝ նրան շրջապատում են»:

Ա. Գրիգորյանը տեղյակ էր Ս. Բաբայանի՝ ԼՂՀ նախագահ դառնալու մասին խոսակցություններին. «Սամվել Բաբայանը նման մտադրություն չունի։ Ես չէի ուզենա, որ նա մեծ քաղաքականություն մտներ, որովհետեւ, իմ կարծիքով, Սամվել Բաբայանը ավելի շատ բանակի մարդ է։ Ղարաբաղից լուրեր էին մեզ հասել, թե Սամվել Բաբայանն Էլ է «փակվել»։

– Ուրեմն ինքն էլ է մտածում,- ասաց Արթուր Գրիգորյանը։

Երեւի ՀՀ նախագահն էլ է մտածում, որ այսքան մեկուսացել ու չշփվող է դարձել։ Լրագրողներն էլ հիշում են, թե ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարության սկզբում շատ անմիջական, շփվող են եղել, իսկ հետո՝ փակվել, չխոսկան դարձել։ Գուցե «աթոռի՞ց» է. «Չգիտեմ՝ աթոռի՞ց է, թե ուրիշ բանից։ Եթե մարդը փակվում է՝ ուրեմն մտածելու տեղ ունի։ Դժվար է խոսել նախագահի մասին. անհանգստանում են նրա հաճար ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես ընկեր, ե՛ւ որպես իմ նախագահ»։ Բայց չէ՞ որ երկրի այս անորոշության մթնոլորտի համար մեղավոր է հենց երկրի նախագահը։ Որեւէ քայլ նա պե՞տք է անի, թե՞ ոչ։

«Այս վիճակի համար չեմ ուզում մեղադրեք միայն նախագահին։ Կատարվել է մի սարսափելի բան, բոլորիս մեջ սեւ հետք է մնացել եւ պետք է այդ հետքը հանենք, որպեսզի ապրենք, շարունակենք աշխատել։ Բոլորիցս է կախված այս վիճակից ելքը գտնելը»,- ասում է Արթուր Գրիգորյանը։

Զրուցեց Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829