Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՌԱԶՈՂԻ ՄԱՅՐԸ ՏՂԱ ՉԻ ԲԵՐՈՒՄ»Ա

Փետրվար 24,2000 00:00
aram sargsyan

Այս փաստարկով է երեկ վարչապետ Արամ Սարգսյանը հրաժարվել լրագրողներին հայտնել, թե ովքեր են մնալու հին կառավարությունից

Նա հաստատել է, թե Ռոբերտ Քոչարյանը համաձայն է եւ հավանություն է տվել կառավարության փոփոխություններին. «Նախագահի գրասենյակը պատասխանել է դրան։ Իմ հանդիպման ժամանակ նա բանավոր գոհունակություն է հայտնել»։ Սակայն Արամ Սարգսյանը բացահայտել է, թե նախագահն այնքան էլ տեղյակ չէ այս փոփոխություններից. «Կառուցվածքի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում տեղյակ է»։

Արդյոք հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը մերժի կառավարության նոր կազմի առաջարկը. «Իմ կարծիքով, հանրապետության նախագահը լավ առաջարկները չի մերժում»։ Ի դեպ, Արամ Սարգսյանը մի այսպիսի խոստովանություն է արել. «Ես հիմնականում ամբողջ կյանքում նման բաներ էլ արել եմ։ Արել եմ այնպիսի առաջարկներ, որոնք չեն մերժվել»։ Գրեթե կնքահոր պես, որն առաջարկներ էր անում, որոնք հնարավոր չէր մերժել։ Արամ Սարգսյանը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք փոխվելու են ուժային նախարարները։ Այն հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում կառավարությունը բազմակուսակցական դարձնելը, վարչապետը հարցով է պատասխանել. «Իսկ ո՞վ է ասում, որ կառավարությունը բազմակուսակցական է լինելու»։

Լրագրողների հիշեցմանը, թե ԱԺՄ-ն ու կոմկուսն էլ են կուսակցություններ, պրն Սարգսյանը դարձյալ հարցով է արձագանքել. «Իսկ ո՞վ է ասում, որ ես առաջարկել եմ պորտֆելներ կոմունիստներին եւ ժողովրդավարներին»։ Այն հարցին, թե ճի՞շտ է, որ այս նախաձեռնությունը երկրապահական շրջանակների մի մասի խուլ դժգոհությունն է առաջացրել, վարչապետը պատասխանել է. «Ուղղակի չարախոսություն է։ Չեմ կարծում։ Հանդիպել եմ «Երկրապահի» հետ, ինձ էլ էին նման լուրեր հասել։ Բառիս բուն իմաստով, այս հարցով որեւէ պրոբլեմ չկա»։

Ինչեւէ, վարչապետը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829