«Եթե պետությունն իր տարբեր տեսակի կիսագրագետ հրամանատարներով պիտի հզորանա, դա ժամանակավոր խաբկանք է։ Սեւ գնդապետները Հունաստանում կիսագրագետ գնդապետներ էին։ Իրենց իրավունք վերապահեցին 78 թվին իշխանությունը վերցնել՝ Հունաստանը հզորացնելու եւ Թուրքիայի հարցերը լուծելու նպատակով։ 7-8 տարի անց ստիպված եղան հրաժարական տալ, եւ մեծ մասը հայտնվեցին բանտերում»,- առանց կոնկրետ անուն տալու, երեկ խիզախորեն հայտարարեց Պարույր Հայրիկյանը։
Ճիշտն ասած, եթե չեմ սխալվում, ինքը՝ պրն Հայրիկյանն էլ Սորբոնի եւ Քեմբրիջի համալսարանների ուսանող չի եղել եւ առիթի դեպքում էլ հպարտորեն նշում է բանտում անցկացրած տարիների երկնիշ թիվը՝ 17։ Այնպես որ, այսպիսի պաթոսով գոնե նա չէ, որ պետք է փնովի կիսագրագիտությունն ու բանտային կյանքը։ Նշելով, որ բոլորովին էլ էական չէ, թե ովքեր են նորօրյա խմբապետները, Հայրիկյանը ճշտեց՝ կարեւորն այն է, որ նրանք ցանկանում են իրենց կամքը թելադրել ժողովրդին. «Արդեն 9 տարվա պետություն ենք եւ հանկարծ կարող են հայտնվել խմբապետներ եւ խմբապետիկներ ու մասնակցել քաղաքական միջոցառումներին»։
Իմիջիայլոց, Հայրիկյանը վկայակոչելով ԱԻՄ նախագահ Ն. Զեյնալվանդյանին, զգուշացրեց, թե իրենք կարող են անուններով նշել, թե այդ խմբապետներից ով ինչպես էր պահում իրեն 92-94 թթ. (մեր տեղեկություններով՝ նման բան իրեն կարող է թույլ տալ ՊԱԿ-ի կամ այլ ծառայությունների գործակալը եւ ոչ իրեն քաղաքական գործիչ եւ խոշոր դեմոկրատ համարողը։- Լ. Ա.) Հայրիկյանը պատմեց, թե ինչպես են որոշ խմբապետներ մեկ-երկու կրակոց լսելով՝ փախչել, «թողնելով նույնիսկ աղջիկներին…»։ Անհարմար էր հարցնել, թե ի՞նքն այդ պահին ինչ էր անում այդտեղ… Վարչապետի եւ քաղաքական որոշ ուժերի հանդիպմանը կառավարությունում Հայրիկյանն այս կերպ արձագանքեց. «Զարմացա, որ էդ միջոցառումը տեղի է ունեցել կառավարությունում, այլ ոչ դրամատիկական թատրոնում, Սունդուկյանում կամ, ավելի ճիշտ, տիկնիկային թատրոնում։ Դա ձախողված փորձ եմ համարում՝ ժամանակ շահելու նպատակով»։ Հայրիկյանը ցավեց, որ քաղաքական ուժերը, իր խոսքերով, «կուտը կերան»։ «Նախազգում եմ, որ սա ամենից առաջ ուղղված է սահմանադրական փոփոխություններին»։ Այստեղ Հայրիկյանը սկսեց պաշտպանել նախագահի ինստիտուտի գաղափարը (քիչ առաջ առաջարկել էր չունենալ նախագահ, այլ 3 տարով ընտրել վարչապետ եւ փոխվարչապետ)։
«Ես հիացած չեմ Քոչարյանի մարդկային եւ քաղաքական հատկանիշներով»՝ ամեն դեպքում նետեց Հայրիկյանը։ Իրավացիորեն ասվեց նաեւ հետեւյալը. «Եթե խորհրդարանական մեծամասնություն ես ստանում եւ դրանից հետո ո՛չ զանգվածային դրսեւորումներ կան, ո՛չ հանրահավաքներ, ո՛չ կառավարական ճգնաժամ, հանկարծ դու դադարեցնում ես քո գործունեությունը եւ խոսում ես նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին։ Դրանից առաջ պիտի հրաժարական տան ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանական մեծամասնությունը»։ Ապա թե՝ պետք է նրանք հասկանան, որ իրենք սնանկ են. «3 ամիս առաջ հայտարարվում էր՝ ա՜խ, եթե ընկեր Դեմիրճյանը չմահանար, ազգին փրկելու էր։ Ու մենք գնալու ենք Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի ծրագրերի ճանապարհով։ Դե գնացեք էդ ճանապարհով, ձեզ ո՞վ է խանգարում։ Գնացեք, փրկեք ժողովրդին»։ Իսկ ընդդիմադիր համարվող գործիչներին Հայրիկյանը համարեց այնքան ընդդիմադիր, որքան նախագահական ընտրություններին Ռ. Քոչարյանին ընդդիմադիր էր Կարեն Դեմիրճյանը։
Կարդացեք նաև
Հիշատակվեց նաեւ Անդրանիկ Մարգարյանի այն միտքը, թե «Երկրապահը» հասարակական կազմակերպություն է. «Հոյակապ է։ Իսկ եթե քաղաքականությամբ եք զբաղվում, դարձեք կուսակցություն»։ Այս ֆոնի վրա Հայրիկյանը դարձյալ չզլացավ ներկայացնել իր մարդկային աննման որակները. «Տեսնո՞ւմ եք, ես չեմ խոսում պաշտոնի մասին, չեմ փորձում դիվիդենտներ քաղել այս վիճակից»։ Ստիպված ենք հիշեցնել, որ անգամ եթե Հայրիկյանն ամբողջ ձայնով խոսի (կամ երգի) պաշտոնի մասին, միեւնույն է, նրա արվեստի երկրպագուներ, գոնե կառավարությունում, չկան։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ