Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Փետրվար 24,2000 00:00

Վստահեցնում է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը

Նախարար Վահան Շիրխանյանին խնդրեցինք իր կարծիքը հայտնել, թե արդյոք կառավարության այս փոփոխություններն իրոք չե՞ն նմանվում մանկական «ռուբիկ-կուբիկ» խաղի։ Արդյոք գումարելիների տեղափոխությունից որեւէ բան փոխվելո՞ւ է. «Իհարկե, նայած ինչ կառավարման համակարգ է եւ ինչքանով է ապահովում երկրի կառավարելիությունը։ Վազգեն Սարգսյանն առաջին օրվանից էր նշում, որ երկիրը կառավարելի չէ տվյալ կառավարման համակարգով։ Որ կառավարման համակարգը կարիք ունի լուրջ փոփոխությունների ներքեւից մինչեւ վերեւ, ակնհայտ է, եւ «Առավոտը» դա նույնպես նշել է բազմաթիվ անգամ։ Հիմա քննարկվում են առաջին քայլերը։ Կարծում եմ, որ եթե դրանք ճիշտ արվեն՝ անպայման արդյունք կլինի, իհարկե»։

Քաղաքական նպատակահարմարության տեսակետից, վարչապետի այս քայլն իրոք շատ ուժեղ էր։ Սակայն զուտ կուսակցական, այլ ոչ մասնագիտական ընտրությամբ նախարարներ նշանակելը որքանո՞վ նպատակահարմար եւ արդյունավետ կլինի սոցիալ- տնտեսական անկումը կասեցնելու համար։ Արդյոք երկար տարիներ շահարկվող «կոալիցիոն կառավարություն» հասկացությունը գործնականում հերթական փուչիկը չի՞ դառնա։ Մեր այս հարցադրումների «կոալիցիոն կառավարություն» բառակապակցությանը Վահան Շիրխանյանը բավական սուր արձագանքեց. «Սա կոալիցիոն չէ։ Կոալիցիոնը պարտադրված կառավարությունն է։ Այստեղ մարդիկ կամավոր հիմունքներով, մտահոգված իրավիճակով՝ փորձում են օգնել գործադիր իշխանությանը։ Ես սա դրական եմ գնահատում, քանի որ նրանք ունեն տեսակետներ։ Բացի քաղաքական կուսակցությունների գործիչներ, ղեկավարներ լինելուց՝ նրանք նաեւ խորհրդարանի պատգամավորներ են, հանձնաժողովների անդամներ ու ղեկավարներ, օրենսդիր մարմնի ղեկավարներ։ Եվ ունեն լուրջ գիտելիքներ, տեղեկություններ իրավիճակի մասին։ Մեզ, իհարկե, հետաքրքիր է նրանց կարծիքն ու առաջարկությունները»։

Կառավարության այս փոփոխությունը քաղաքական ուժեղ՝ ձիու քայլ է նաեւ պետական համակարգում «ո՞վ՝ ում» վաղուց ընթացող մրցամարտի տեսանկյունից։ Երեկ խորհրդարանում քաղաքական գործիչները քննարկում էին իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար՝ կամ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է կառավարության նոր կազմի վերաբերյալ հրամանագիրը եւ ինքն իրեն դատապարտում անգլիական թագուհու վիճակին (կարծես նրա նախասիրությունները շրջանցելով է որոշվում նաեւ արտաքին գործերի նախարարի թեկնածուն)։ Կամ էլ նախագահը չի ստորագրի եւ այդ դեպքում ստիպված կլինի պաշտոնանկ անել վարչապետին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Արամ Սարգսյանը խորհրդարանական մեծամասնությունից բացի իրենով արեց նաեւ ազդեցիկ կուսակցությունների մեծամասնությանը՝ կարելի է գրեթե ենթադրություններ չանել, թե ներիշխանական լարվածությունը շիկացման ինչ աստիճանի կհասցնի նախագահի այս քայլը։

Մեր հարցին, թե իրադարձությունների զարգացման այս երկու տարբերակներից ո՞ր մեկն է առավել հավանական համարում կամ գուցե կա՞ երրորդը, Վահան Շիրխանյանը ընդհանրական ձեւակերպումներով արձագանքեց. «Կարծում եմ, որ առաջին հերթին պիտի սպասենք, տեսնենք, թե ինչ կկատարվի։ Բայց, ամեն դեպքում, նախագահը հանդիսանում է երկրում գործադիր, օրենսդիր, դատական մարմինների բնականոն գործունեությունն ապահովող անձը։ Այս էլ պիտի կատարի»։ Կարելի է ենթադրել, որ հակառակ դեպքում կմեղադրվի կառավարության բնականոն գործունեությունը խոչընդոտելու մեջ։

Սակայն արդյոք այս փոփոխությունների մասին վարչապետը նախապես գոնե խորհրդակցե՞լ է նախագահի հետ՝ Վահան Շիրխանյանը մեր այս հարցադրմանը դրական պատասխանեց։

Ի դեպ, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը որեւէ կերպ չէր արձագանքել այն հրապարակումներին, թե քաղաքական վերնախավի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների կանխորոշվածության վերաբերյալ պնդումները հրապարակավ ազդարարելուց առաջ Վազգեն Մանուկյանն ու Աշոտ Մանուչարյանն իր հետ էին հանդիպումներ ունեցել։

Վահան Շիրխանյանին խնդրեցինք այժմ պարզաբանել, թե արդյոք հանդիպումների վերաբերյալ այդ լուրերը համապատասխանո՞ւմ էին իրականությանը. «Աշոտ Մանուչարյանը կարող է ինձ հետ ունենալ հանդիպումներ եւ քննարկել ամենատարբեր հարցեր՝ սկսած տնտեսական, սոցիալականից, ավարտած կրթականով։ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպում… չեմ կարողանում հիշել, դժվար թե»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829