Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 24,2000 00:00
Hmayak Hovhannisyan

ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի վերջին նիստի մասին ունեցած ինֆորմացիան մեզ իրավունք տվեց կասկած հայտնել, որ ՀԺԿ-ում ՀՀԿ-ից հեռանալու միտումներ են նկատվում։ Հարցն առավել հստակեցնելու համար հարցազրույց ունեցանք ՀԺԿ քաղաքական քարտուղար, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հետ։

– Որքանո՞վ են ճիշտ այն կասկածները, որ միասնությունը երկու կուսակցությունների միջեւ խաթարվում է։

– Տվյալ դեպքում նման հիմքեր չկան, որովհետեւ ՀԺԿ-ի քաղխորհրդում քննարկվում էր երկու հարց. էներգետիկ համակարգի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը եւ բյուջեի հարցը։ Մենք ունենք սոցիալ-տնտեսական հանձնաժողով, որը զբաղվում է սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակմամբ եւ դա արվում է մասնագիտական պատշաճ մակարդակով։ Հանձնաժողովը ստեղծել ենք նաեւ կոնկրետ խնդիրների վերաբերյալ փորձագիտական գնահատականներ տալու նպատակով։ Նիստին ներկայացվել էր հանձնաժողովի զեկույցը՝ այդ երկու հարցի վերաբերյալ։ Մենք բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը այսօր համարում ենք ոչ նպատակահարմար եւ համարում ենք, որ պետք է հարցը քննարկվի։

– Այ, հենց այստեղ հակադրություն չե՞ք տեսնում ՀՀԿ-ի հետ։

– Հակասություն չկա, պարզապես կան մոտեցումներ, որոնք ավելի շատ ընդհանուր եզրեր ունեն, բայց նույնանման չեն։ Խոսքը գնում է հարցի քննարկման մասին, իհարկե պետք է լինեն լսումներ, բայց դա ենթադրում է նաեւ ԱԺ-ի լիագումար նիստում հարցը քննարկել։ Մյուսը բյուջեի հարցն է։ Մենք գիտենք, որ այս բյուջեն զարգացման բյուջե չի, սա մեր թշվառության օրինականացման բյուջե է։ Ես դա ցավով եմ ասում։ Բյուջեն ունի իր թերությունները, առաջին հերթին հիմքում դրված չէ այն գաղափարը, որ պետք է ուժերը կենտրոնացնել որոշակի ուղղություններով, որպեսզի հնարավոր դառնա այդ գերակայությունների հիման վրա ճգնաժամից դուրս գալու ուղիների ճիշտ ընտրությունը։ Ճիշտ կլիներ, որպեսզի կառավարության փոփոխությունները լինեին եւ հետո թարմացված կազմով կառավարությունը ներկայացներ իր բյուջեի ուղերձը, որպեսզի հետո նաեւ պատասխանատվություն կրեր այդ բյուջեի կատարման համար։ Այստեղ վտանգ է առաջանում, որը վաղը կարող են ասել. «Դա մեր ձեւավորած բյուջեն չէ»։

– Ինչպես սովորաբար լինում է մեզանում։ Դուք մասնակցել եք վարչապետի հետ հանդիպումներին, արե՞լ եք համապատասխան առաջարկ եւ ի՞նչ արդյունքի եք հասել։

– Քանի որ ներկայացվեց բյուջեն եւ հետո միայն վարչապետը առաջարկեց քաղաքական ուժերին արտահայտվել՝ ներկայացնելով սեփական կարծիքը կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, մենք պետք է գնայինք այդ ճանապարհով։ Իսկապես, կառուցվածքային փոփոխությունների խնդիր կա եւ մյուս կողմից՝ բյուջեն արդեն քննարկվել է հանձնաժողովներում։

Այս հարցերի հերթականության վերաբերյալ կառավարությունը չի խորհրդակցել, խորհրդակցել է կառուցվածքային փոփոխությունների հետ կապված եւ այն հնարավորությունը, որ այսուհետեւ պատասխանատվությունը կառավարության աշխատանքի համար ընկնի ոչ միայն «Միասնություն» դաշինքի, այլ նաեւ խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի վրա։ Վարչապետին ընդառաջելով «Միասնություն» դաշինքը համաձայնվեց հավասար կիսել պատասխանատվությունը մյուս քաղաքական ուժերի հետ ոչ այն պատճառով, որ չուներ իրավական հիմքեր վիճարկելու վարչապետի այդ որոշումը, քանզի արժանացել է ժողովրդի վստահության լիարժեք քվեի։ Պարզապես ելնելով քաղաքական իրավիճակից եւ հաշվի առնելով վարչապետի ծանրակշիռ փաստարկները այն մասին, որ դա վերջին շանսն է իր գլխավորած կառավարության հաջողությունը ապահովելու համար, համաձայնեց այդ փաստարկներին։ Կոնկրետ ՀԺԿ-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ ունենք փայլուն կադրեր եւ անհրաժեշտ մտավոր ներուժ, սակայն ինչպես ասում են՝ ապրանքի գինը պետք է որոշի գնորդը։ Ի վերջո, Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է վարչապետի իրավասությունը՝ ձեւավորել կառավարության կազմը՝ առաջին հերթին հիմնվելով խորհրդարանական մեծամասնության, ընտրությունների բովով անցած եւ ժողովրդի վստահության քվեին արժանացած ընտրական ցուցակի վրա։

– Եթե պատասխանատու են դառնում բոլորը, չի՞ նշանակում, որ ոչ ոք այլեւս պատասխանատու չէ եւ համատարած անպատասխանատվության մթնոլորտը ավելի կխորանա։

– Պատասխանատվությունն անկիսելի է, եթե պատասխանատվություն ես ստանում ինչպես կոնկրետ բնագավառի վերաբերյալ, այնպես էլ՝ ընդհանրապես։ Այսինքն՝ ընդդիմություն չես, այլ համակարգում գործող եւ այդ համակարգը կատարելագործելու նպատակ հետապնդող ուժ։ Իսկ այսօր համակարգային ճգնաժամ էլ գոյություն ունի։ Բայց կուսակցությունները հնարավոր են համարում այն հաղթահարել, գործելով համակարգի ներսում, միասին աշխատելով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829