1999-ի դեկտեմբերի 1-ի «Առավոտում» «Սա խորհրդարանի վրա 3-րդ հարձակումն էր» նյութի մեջ պատմել էինք, թե ինչպես էր 1992-ին Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ մտել նռնակը ձեռքին եղեգնաձորցի Ռուբոն եւ մեջբերել էինք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկի վկայությունը, թե այդ անձը հոգեկան հիվանդ էր։ Երեկ մեր խմբագրություն այցելեց եղեգնաձորցի Ռոբերտ Հարությունյանը, որը, պարզվեց, հոդվածում հիշատակված նույն անձն է։ Իր հետ բերել էր բազմաթիվ դրական բնութագրեր (մասնավորապես ԵԿՄ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքից) ու պահանջեց հերքել, թե իրավապահի մեջբերված կարծիքն իրականությանը չի համապատասխանում։
Իսկ նռնակով խորհրդարան ներխուժելու իր քայլը Ռոբերտ Հարությունյանն այսպես բացատրեց՝ «Զորավար Անդրանիկի պատիվը բարձր պահելու համար»։ Նրան այն ժամանակ վրդովվեցրել էր Պարույր Հայրիկյանի տեսակետը, որին, երբ հարցրել էին Անդրանիկ Օզանյանի աճյունը Հայաստան բերելու մասին՝ պատասխանել էր (Ռոբերտ Հարությունյանի վերաշարադրանքով), որ Անդրանիկը չպիտի զենքը վայր դներ ու հեռանար Հայաստանից։
Պարույր Հայրիկյանի հետ այս թեմայի շուրջ բանավիճելու անպտուղ փորձից հետո էլ Ռոբերտ Հարությունյանն (իր պնդմամբ) զինված կրակվառիչ-ատրճանակով եւ ուսումնական նռնակն էլ ձեռքին խորհրդարանի դահլիճ էր մտել եւ պահանջել, որ իրեն ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն տրվի։ Մնացածը շարադրել ենք վերոհիշյալ հրապարակման մեջ։
Միայն հավելենք, որ Անդրանիկ Օզանյանի պատիվը նման ձեւով պահելու համար նրան ընդամենը 15 օրով էին ազատազրկել։
Կարդացեք նաև
Ա. Ի.