Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 23,2000 00:00
sxal

Առ այսօր իմ պատկերացումները պետական մեխանիզմների մասին հետեւյալն էին. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժերը ձեւավորում են կառավարություն եւ նրանք /այդ մեծամասնությունն ու կառավարությունը/ պատասխանատվություն են վերցնում երկրի տնտեսական քաղաքականության համար: Իսկ խորհրդարանական փոքրամասնությունը այդ քաղաքականությունը քննադատում է եւ իր այլընտրական լուծումներն է առաջարկում: Ընդ որում, բաժանումը գնում է գաղափարական գծով. ասենք, կառավարությունն ու մեծամասնությունը սոցիալիստական են, փոքրամասնությունը՝ ազատական, կամ՝ իշխանությունը կոնսերվատիվ է, իսկ ընդդիմությունը` ազգայնական:

Մեզ մոտ յուրահատուկ հայկական լուծում է առաջարկվում. բոլոր խորհրդարանական կուսակցությունները կառավարության մաս են կազմում եւ, հետեւաբար, կիսում են կոլեկտիվ անպատասխանատվությունը: Նման հայկական ձեւով հասկացված կոալիցիայի արդյունքում խորհրդարանում չի հայտնվի որեւէ քաղաքական ուժ, որը իրավունք կունենա կառավարությանը գոնե թեթեւակի քննադատել: Քանի որ այդ «կոալիցիայով» որեւէ դրական արդյունքի հնարավոր չէ հասնել, վերջնականապես կփչանան բոլոր կուսակցությունները, որից հետո կարող է հայտնվել նախագահը՝ սպիտակ ձեռնոցներով: Որպես ավելի հեռահար հետեւանք՝ կարելի է կանխատեսել, որ սոցիալական դժգոհությունը դուրս կգա խորհրդարանի պատերից եւ, ավելի լայն իմաստով քաղաքական դաշտի սահմաններից ու կտեղափոխվի փողոց:

Իսկ ընդհանրապես հավատացած եմ, որ կարելի է չզբաղեցնել նախարարական աթոռ, մնալ պատգամավոր եւ, այնուամենայնիվ, հենց օրենսդրական աշխատանքով նպաստել դանդաղ, բայց դրական բարեփոխումներին: Թե չէ ի՞նչ է ստացվում. խորհրդարանական կուսակցությունների «ազգասեր» ներկայացուցիչները հավաքվում են եւ վարչապետին են բողոքում ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից: Բայց հաջորդ օրը, նույն «մտահոգված» պատգամավորները, գնում են խորհրդարան եւ տապալում են «Արժեթղթերի կարգավորման մասին» օրենքը՝ այն էլ ոչ թե գաղափարական սկզբունքներից ելնելով, այլ զուտ իրենց անփութության եւ անտարբերության պատճառով: Մինչդեռ իրենց իբր մտահոգող դժվար վիճակը պատգամավորները կարող են շտկել ոչ թե հայրենասիրական խոսակցություններով կամ նախարարական պաշտոններ կորզելով, այլ օրենքներ ընդունելով, որոնք կոչված են պաշտպանել այդ նույն ժողովրդի քիչ թե շատ ակտիվ մասը կազմող մանր սեփականատերերի շահերը բյուրոկրատիայի կամայականություններից: Այնպես որ, կարելի է գործ անել, մնալով պատգամավոր: Միայն թե ցանկություն լինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829