Նրանք, ովքեր դեռ երեկ պնդում էին, թե խորհրդարանական կուսակցություններ-վարչապետ հանդիպումներում միայն կառավարության կառուցվածքային փոփոխություններից են խոսել, այսօր արդեն չեն թաքցնում, որ նաեւ որոշակի ոլորտների եւ կոնկրետ մարդկանց անուններ են շոշափվում։
Ըստ էության, եթե վարչապետ Արամ Սարգսյանի առաջարկն ընդունվի, ապա Հայաստանում կստեղծվի յուրօրինակ կոալիցիոն կառավարության պես մի բան։ Ստացվում է, որ բոլորը կդառնան դիմություն, ընդդիմությունը իսպառ արմատախիլ կլինի քաղաքական- խորհրդարանական դաշտից եւ կունենանք պատմության մեջ չտեսնված-չլսված մի պետություն։ Պատասխանատվությունը եթե կիսվում է, ապա ակնհայտ է, որ ոչ մեկն այն իրենը չի համարում։ Կուսակցական այս համաձայնությունը, ուզի թե չուզի, պետք է հաստատի հանրապետության նախագահը, մանավանդ տպավորությունը շարունակում է այնպիսին մնալ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թողնում են (կամ՝ ինքն է մնում) դիտորդի կարգավիճակում։ Բոլորն ամեն դեպքում համակարծիք են մի բանում. «Նախագահը այս առաջարկը կհաստատի, եթե քաղաքական մեծամասնությունը համաձայնության խորհուրդը առաջարկում է այսպիսի կազմ եւ գործունեության ծրագիր, նախագահը ինչպե՞ս կարող է չհաստատել»։
Եվ այսպես, վարչապետի առաջարկով խորհրդարանական խմբակցությունները իրենց սրտամոտ ոլորտներն են ներկայացրել, ասվել են նաեւ անուններ։ Միակ բացառությունը Դաշնակցության խմբակցությունն է, որը, փաստորեն, այս խաղի մեջ չի մտել կամ մասամբ է մտել։ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց Դաշնակցության դիրքորոշումը. «Մենք չափազանց կարեւորում ենք այն մթնոլորտը, որ ձեւավորվում է, այն գիտակցությունը, որ իսկապես երկիրը գտնվում է ծանր վիճակում եւ դրանից ելք՝ հնարավոր է միայն համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս միասնությունը լինելու է այն հիմնական գրավականը, որ որեւէ կառավարության կարող է հաջողել։ Այս հանգամանքը կարեւորելով, մենք երկրորդական ենք համարում, թե տվյալ նախարարը ԱԺՄ-ակա՞ն կլինի, կոմունի՞ստ, թե՞ մեկ այլ կուսակցությունից։ Այս փուլում, նկատի ունենալով, որ կարող են մեկ տեղի համար մի քանի թեկնածուներ լինել եւ դա, դեռ չսկսած, լրացուցիչ դժվարությունների պատճառ կդառնա, մենք ձեռնպահ մնացինք այս փուլում մեր կողմից նախարարի մակարդակով թեկնածուներ առաջարկել, մեր ակտիվությունը տեսնելով ծրագրերի մշակման մեջ»։
Ի տարբերություն Դաշնակցության, ԱԺՄ-ն, օրինակ, երեք ոլորտներում տեսնում է իր թեկնածուներին եւ փաստորեն անուններ է ասել, որոնք խմբակցության անդամներն առայժմ չուզեցին ասել՝ «ավելորդ աժիոտաժ չառաջացնելու համար»։
Կարդացեք նաև
«Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանի անունը երեկ հոլովվում էր որպես ապագա տրանսպորտի եւ կապի նախարար։ Դիմեցինք պրն Այվազյանին. նա միանշանակ հերքեց այդ լուրը, բայց չթաքցրեց, որ խումբը որոշակի ոլորտների համար առաջարկներ արել է։ «Կայունությունն» իրեն տեսնում է գործադիր մարմնի երեք ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն։
ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը եւս անուններ չասաց, բայց չթաքցրեց, որ իրենց կուսակցությունը տեղեր է ակնկալում հետեւյալ ոլորտներում՝ ներքին գործերի, արդյունաբերության, պետական եկամուտների նախարարություններում։ Ավելի կոնկրետ, թե՝ ում-որտեղ, պրն Խաչատրյանը չուզեց ասել, «նոր սկսված գործընթացը չխանգարելու համար»։ Հետաքրքիր է, ո՞ւմ է ՍԻՄ-ը առաջարկել որպես ՆԳ նախարար։
ՀԿԿ խմբակցության ղեկավար Լեոնիդ Հակոբյանը երեկ նույնպես չուզեց վարչապետի հետ հանդիպման մասին խոսել, բայց անկասկած է՝ ամենակոմունիստական ոլորտները՝ առողջապահությունը եւ սոցիալական ապահովությունը, կթողնվի կոմունիստների վզին (եթե վերցնեն)։ Կոմունիստները, բացի այս ոլորտներից, դեմ չեն լինի, եթե իրենց տրվի նաեւ համակարգող նախարարի պորտֆելը։ ՀԺԿ-ն վստահ է, որ իր երկու նախարարական պորտֆելները (կապ-տրանսպորտ եւ գյուղատնտեսություն) կպահպանվեն։
Մինչ սրանք աթոռներն են բաժանում, փորձենք պատկերացնել նախագահ Քոչարյանի դերն այս պատմության մեջ։ Ոմանց պնդմամբ, առաջարկներն անելուց առաջ վարչապետը հայտնել է, որ նախագահը տեղյակ է սպասվող փոփոխություններին, մյուս կողմից էլ բառացիորեն ոչ մեկը կասկած չունի, որ նախագահը չի ընդունի վարչապետի առաջարկը։ Ահավասիկ, Տիգրան Թորոսյան. «Կարծում եմ նախագահը հաշվի կառնի վարչապետի առաջարկները, վարչապետի, հատկապես ուզում եմ շեշտել, որովհետեւ մենք կարող ենք առաջարկություն ներկայացնել կամ խորհուրդներ տալ վարչապետին կառավարության հետ կապված»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ, պարզ դարձավ, որ երեկ երեկոյան Արամ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ կառավարության թարմացված կազմը կհրապարակվի այսօր՝ քեֆի սեղանի շուրջ։