Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկնապահները չեն հասցնում պետք գալ

Փետրվար 22,2000 00:00
agent

Երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների վրա կատարած մահափորձերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մեծ մասամբ հաջողվում են՝ որոշ բացառություններով (Նապոլեոն, սուլթան Համիդ, Շեւարդնաձե եւ այլն)։

Ընդ որում, քիլլերի գնդակի զոհ դարձած պետական այրերին, սպանվելու պահին, առնվազն երկու թիկնապահ են ուղեկցում։ Հենրիկ Խաչատրյանի, Արծրուն Մարգարյանի, հոկտեմբերի 27-ի զոհերի սպանությունները դարձյալ հաստատեցին, որ ծրագրված սպանությունների դեպքում չեն օգնում անգամ թիկնապահները։ Այդուհանդերձ, Հայաստանում (եւ ոչ միայն) իրենց հարգող, իրենց կյանքի եւ անվտանգության համար անհանգստության հիմքեր ունեցող այրերը շարունակում են օգտվել թիկնապահների ծառայություններից։

Ըստ գործարարներից մեկի՝ թեեւ թիկնապահները չեն կարող կանխել արդեն ծրագրված մահափորձը, սակայն նրանք 30 %-ով փոքրացնում են դրա հնարավորությունը։ Թիկնապահների ծառայությունների արդյունավետության մասին առավել մանրամասն կարող է պատմել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, որին (ընդ որում՝ չպատճառաբանված) թվում է, թե իր կյանքին եւ անվտանգությանը հայ ժողովրդի կողմից լուրջ վտանգ է սպառնում։

Վտանգի մասին ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը մինչեւ նախաքննության ավարտը «պահպանվում է» պետության եւ, ըստ որոշ աղբյուրների, գեներալ Մանվելի կողմից, ունի երկու թիկնապահ եւ երկու վարորդ (իր ասելով), որոնք զինդատախազության աշխատակիցներ են եւ, հետեւաբար, վարձատրվում են բյուջեից՝ աշխատավարձի ձեւով։ Թեեւ մեր հիշողության մեջ թարմ է պրն Ջհանգիրյանի ասուլիսից առաջ «Արմենպրեսի» սրահի «սանտիմ առ սանտիմ» ստուգումը։

Չծանրանալով պաշտպանվող այլ պաշտոնյաների թիկնապահների թվի վրա՝ նկատենք, որ նրանց թիկնապահներից ոմանք ավելի հանդուգն են, քան իրենց «տերերը»։ Այս մասին եւս առավել հանգամանալից կպատմի ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է թիկնապահների վարձատրությանը. ապա նրանցից մեկի վկայությամբ՝ իրենց միջին աշխատավարձը 500 դոլար է։ Թեեւ, դարձյալ ըստ գործարարներից մեկի վկայության՝ կան նաեւ 1500 դոլար վճարողներ, ինչպես նաեւ թիկնապահների ծառայությունից անվճար օգտվողներ, քանի որ թիկնապահների դերը կատարում են իրենց մերձավորագույն ազգականները։ Այս պնդումը հավատ քիչ է ներշնչում, որովհետեւ թիկնապահները եւս ունեն սնվելու, ընտանիք պահելու եւ այլ ծախսատար պահանջներ։

Թիկնապահների հավատարմությունը «տիրոջ» համար ամենակարեւոր գործոնն է։ Ժամանակակից գործարարներն ու քաղաքական գործիչները նախապատվությունը տալիս են իրենց ծննդավայրի կամ ազգուտակի ամուր, բարձրահասակ (այսինքն՝ 1 մ 50 սմ-ից բարձր) եւ առողջ տղաներին։ Իհարկե, դժվարը նրանց տրվելիք զենքն օրինականացնելն է։ Դա արվում է համապատասխան ձեւակերպումներով. ասենք, տվյալ երիտասարդը ձեւակերպվում է ֆինանսական որեւէ կազմակերպության պահակային ծառայությունում. այսպիսով լուծվում է նաեւ զենքի հարցը։

Հայաստանում դեռեւս 3 տարի առաջ գործում էր թիկնապահների դպրոցը, այժմ այն չի գործում։ Կա «Հայ թիկնապահների ընկերություն». երեկ ամբողջ օրը ընկերության նախագահին տեղում գտնել չհաջողվեց։

Նոր հայերի համար թիկնապահներն ունեն այն նշանակությունը, ինչ երկու տարի առաջ՝ բջջային հեռախոսը։ Իսկ իրենց անվտանգությունն ապահովելու համար նրանք դիմում են Տեր Աստծուն՝ իրենց մեղքերի թողության համար բլուրների վրա եկեղեցիներ ու մատուռներ կառուցելով։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829