Լրահոս
Օրվա լրահոսը

«… И вокруг него»

Փետրվար 22,2000 00:00
Artashes Geghamyan

ՀԿԿ կենտկոմի արխիվում հայտնաբերված այս փաստաթուղթը ապացույց է, թե Ղարաբաղը Հայաստանին միավորվելու համար 1988-ին ոտքի ելածներին հետապնդողներն ինչպես են այսօր արդեն որպես նույն խնդրի համար պայքարած աննկուն մարտիկ ներկայանում։ Մինչդեռ թերեւս ավելի բարոյական կլիներ, որ ծպտուն անգամ չփորձեին հանել Ղարաբաղի մասին։

Տպագիր 5 էջանոց այս ռուսերեն փաստաթուղթը կրում է հետեւյալ անվանումը. «Տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կոմկուսի Մաշտոցի շրջկոմի եւ շրջանի կուսկազմակերպությունների կատարած աշխատանքի մասին»։ Այն ստորագրել է Մաշտոցի կոմկուսի շրջկոմի քարտուղար Արտաշես Մամիկոնի Գեղամյանը։ Եվ այսպես, նա մասնավորապես գրում է, որ 1988-ի փետրվարի 18-ից մինչեւ մարտի 28-ը «Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ» ծավալված իրադարձությունների առնչությամբ իր շրջկոմով, դրա բյուրոյով եւ սկզբնական կուսկազմակերպություններով հանդերձ «որոշակի աշխատանք» է տարել, որ կանխարգելի ու կասեցնի աշխատավորական կոլեկտիվներում այս դեպքերի շուրջ հանրահավաքներն ու հավաքները եւ գաղափարապես մեկուսացնի «այսպես կոչված, «Ղարաբաղ» կոմիտեները»։

Արտաշես Գեղամյանը ջանադրորեն թվարկում է, թե քանի խորհրդակցություն է անցկացվել, ինչպես է բացատրվել ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, ազատված կուսակցական, արհմիութենական եւ կոմերիտական գործիչներին եւ այլոց ինչպես է կցել որոշակի հիմնարկ-ձեռնարկությունների, որ «տեղերում բացատրական աշխատանք տանեն»։

Ի դեպ, նշում է, թե այդ շրջանում նման զրույցներ է անցկացվել տարբեր խավերի ներկայացուցիչ շուրջ 400 աշխատավորների հետ։

Հետո Արտաշես Գեղամյանը ներկայացնում է, թե շրջանում ծավալված իրադարձությունների մեջ ի՜նչ բեկումնային դարձավ Միխայիլ Գորբաչովի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին եւ աշխատավորներին։ Այնքան բեկումնային, որ այդ ուղերձը քննարկել է տվել 43 սկզբնական եւ 12 արտադրամասային կուսկազմակերպություններում եւ ընդհանրապես՝ աշխատավորական բոլոր կոլեկտիվներում։ Եվ, ըստ Գեղամյանի, շրջանի բոլոր կոմունիստներն ու աշխատավորներն «ամբողջապես ու լրիվությամբ» իրենց գոհունակությունն ու բավարարվածությունն են արտահայտել Գորբաչովի ուղերձից։ Եվ միայն առանձին «անպատասխանատու մարդիկ», որոնք ամբողջապես չեն ընկալել քաղաքական իրավիճակը՝ «իրենց անառողջ գործողություններով ստվեր էին նետում մեր ժողովրդի ինտերնացիոնալ կամքի արտահայտման վրա»։

Արտաշես Գեղամյանը հատկապես շեշտում է՝ «այսպես կոչված, «Ղարաբաղ» կոմիտեների» դերը։ Նրանց դիմակայելու համար 1988-ի մարտի 1-ին Արտաշես Գեղամյանը հատուկ շրջկոմի բյուրոյի նիստ էր անցկացրել եւ պարտավորեցրել ձեռնարկությունների ղեկավարներին, որ «անհապաղ եւ սուր արձագանքեն իրենց կոլեկտիվների անդամների հակահասարակական վարքի վերաբերյալ հաղորդումներին եւ ահազանգերին»։ Կարելի է ենթադրել, թե այդ ահազանգերն ու հաղորդումները որտեղի՞ց էին փոխանցվելու եւ հատկապես ո՞ր ծառայության պատվերը կատարելով պիտի հետապնդեին շարժման ակտիվիստներին։

Դեռ ավելին՝ պիտի սկզբունքային գնահատական տրվեր նրանց, ովքեր այս գործում կցուցաբերեին «բարեհոգություն եւ անփութություն»։ Հանձնարարված էր (ընդ որում՝ երկու անգամ, շրջկոմի բյուրոյի նիստերում), որ թույլ չտան կոլեկտիվներում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծեն ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորման հարցով։

1988-ի մարտի 22-ին շրջկոմի բյուրոյի նիստում քննարկվել է այն հարցը, որ «Ղարաբաղ» կոմիտեների գաղափարախոսական մեկուսացման ուղղությամբ տարվող աշխատանքն այդպես էլ պահանջվող արդյունքները չի տալիս։ Եվ որոշվում է սկզբնական կուսկազմակերպությունների ջանքերը նպատակաուղղել արդեն Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող կոմիտեների «չեզոքացմանը»։ Ի կատարումն այս որոշման՝ սկսել են կուսկոմիտեների եւ կուսբյուրոների նիստերի հրավիրել «Ղարաբաղ» կոմիտեների ակտիվիստներին եւ խիստ զգուշացնել. «Համապատասխան միջոցներ են ձեռնարկել նաեւ շրջանի իրավապահ մարմինները»։

Մասնավորապես նշվում է, թե դատախազությունը (որքան մեզ հայտնի է, այդ տարիներին Մաշտոցի շրջանի դատախազը Վլադիմիր Գրիգորյանն էր, որը հետագայում հայտնի դարձավ իր նկատմամբ իրականացված մահափորձով- Ա. Ի.) պաշտոնապես զգուշացրել է 7 անձանց՝ «Օրբիտա» գործարանից Սարգսյան Սարիկին եւ Հովհաննես Ստեփանյանին, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտից Ղուկաս Մեհրաբյանին, Ալեքսան Ավունդյանին, Էդուարդ Եգորյանին եւ Ստեփան Գրիգորյանին, Մյասնիկյանի անվան տեքստիլ թիվ 1 ձեռնարկությունից Ալբերտ Պողոսյանին։

1988-ի մարտի 24-ին շրջկոմի բյուրոյի նիստում արդեն սկսել են քննել որոշ ձեռնարկությունների «Ղարաբաղ» կոմիտեների անդամներին։ Տեղեկանքում այս քննարկման արդյունքների մասին նշված է. «Ընկերները գիտակցեցին իրենց արարքների սխալականությունը եւ պահի քաղաքական լրջության անբավարար ըմբռնումը։ Ինչպես նաեւ հավաստիացրին, որ կվերակառուցեն իրենց գործունեությունը, անշեղորեն կհամագործակցեն, որ բոլոր կոլեկտիվները կատարեն ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին ուղղված ուղերձի, ՍՄԿԿ կենտկոմում Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ խորհրդակցությունների դրույթները, ՀԿԿ կենտկոմի բյուրոյի եւ պլենումի, Երեւանի քաղկոմի բյուրոյի եւ Մաշտոցի շրջկոմի որոշումները»։

Որպես Մաշտոցի շրջկոմի բյուրոյի այս նիստի հաղթանակ՝ Արտաշես Գեղամյանը հպարտորեն նշում է. «Շրջանի ձեռնարկություններում եւ կազմակերպություններում ստեղծված բոլոր 5 «Ղարաբաղ» կոմիտեները հայտարարեցին ինքնալուծարման եւ հետագա գործունեության դադարեցման մասին»։

… Այնուամենայնիվ, զարմանալի է, որ հետագայում այս անձնավորությունը (ընդ որում՝ առանց ապաշխարելու, ինչն ուրիշներից է սովորաբար պահանջում) դաշինքի մեջ հայտնվեց մի այնպիսի կազմակերպության հետ, որն էլի շարժման ծնունդ է եւ, կարծեմ, «Ղարաբաղ» կոմիտեի Արաբկիրի սահմանադրական խմբերից էր կազմավորվել։

Առավել զարմանալի է, որ Գեղամյանին այժմ հովանավորում է մեկը, որը Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու գաղափարը գործով իրականացնողներից է։

Իսկ Արտաշես Գեղամյանը մի հարցում հետեւողական է եւ սկզբունքային՝ «Ղարաբաղ» կոմիտեների անդամները նրանից ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեն ստանա այն, ինչ մի արդեն բոլորին ձանձրացրած հերոսի մանկության ընկերը մի աղջկանից, որը սիրեց նրան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829