Մեր կառավարությունը դարձել է մանկական «կուբիկ-ռուբիկ» խաղալիքի պես մի բան։ Շուռումուռ են տալիս, համապատասխան «կուբիկներ» են շարում համապատասխան «ռուբիկների» կողքին, հաջորդ պահին կրկին քանդում են ու կրկին սարքում։ Պատգամավորներից մեկի ասելով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները դժվար թե արդյունավետ լինեն. «Երկիրը քանդել են, դրել են խեղճ տղայի առաջ, ասում են՝ սարքիր։ Մի վարչապետ ի՞նչ կարող է անել, ընենց ե՞ն քանդել, որ մեկ մարդը կարողանա սարքել»։ Այնուամենայնիվ, վարչապետը փորձում է։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ արդեն շաբաթվա վերջում կհրապարակվի կառավարության նոր կառուցվածքը եւ նոր կաբինետը։ Այսուհետեւ 24-ի փոխարեն կունենանք 16 նախարար եւ նախարարություն՝ ներքին գործերի, պաշտպանության, արդարադատության, արտաքին գործերի, էներգետիկայի, արդյունաբերության, պետական եկամուտների, մշակույթի, գիտության եւ կրթության, սեփականաշնորհման, արտադրական ենթակառուցվածքների նախարարությունները կշարունակեն մնալ այս կարգավիճակում։ Կմիանան էկոնոմիկան ու ֆինանսները, կապը եւ տրանսպորտը, բնապահպանությունն ու գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունն ու տեղական ինքնակառավարումը, առողջապահությունը եւ սոցապը։ Վիճակագրական եւ պետռեգիստրի նախարարությունը դառնում է վարչություն։ Վարչության կարգավիճակ է ստանում նաեւ Ազգային անվտանգության նախարարությունը։
Ըստ նույն աղբյուրների՝ արտաքին գործերի նախարար է դառնալու ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանը, դեռեւս փնտրվում է քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման նախարարությունների միացումից ծնվելիք, առայժմ անհայտ անունով, նախարարության գլուխը։ Ակնհայտորեն դա Խոսրով Հարությունյանը չի լինելու։ Ներքին գործերի, ինչպես նաեւ պաշտպանության, արտադրական ենթակառուցվածքները կարգավորող, պետական եկամուտների, մշակույթի եւ սեփականաշնորհման նախարարները մնում են անփոփոխ։ Մյուս նախարարությունների համար փնտրտուքները շարունակվում են։
Մ. Ե.