Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՍԸ ՓՈՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Փետրվար 22,2000 00:00
bah

Օրենքների նախագծերի քննարկման բուն գործով զբաղվելուց զատ, պատգամավորները նեղ շրջանակներում քննարկում էին նաեւ վարչապետ Արամ Սարգսյանի հետ շաբաթ (ոմանք նաեւ՝ կիրակի) օրը կայացած հանդիպումները, ինչպես նաեւ՝ երեկ երեկոյան կայանալիք հանդիպումը։

Հանդիպումների թեման երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն էր, ինչպես նաեւ՝ առաջիկայում կառավարության կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների հարցը։ Խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են կազմել եւ արդեն այսօր կներկայացնեն հանրությանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե երկրի վիճակն այլեւս շատ է վատացել եւ պետք է վիճակից դուրս գալու ուղիները փնտրել միասնաբար։

Արշակ Սադոյան- ԱԺՄ խմբակցություն. «Հանդիպումները կավարտվեն նրանով, որ երեւի կընդունվեն նոր մոտեցումներ եւ այդ նորի մեջ հիմնականն այն կլինի, որ անհրաժեշտ է գերծանրաբեռնված մասնակցությամբ եւ եռանդով փորձել համատեղ մշակված ծրագրերի շրջանակում փնտրել եւ այս վիճակից ելքերի հասնել»։ Արդյո՞ք որեւէ պորտֆել առաջարկվել է ԱԺՄ խմբակցությանը. «Նոր կառավարության կառուցվածքի մասին քննարկումներ գնում են, ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ»։ Հետո պրն Սադոյանն ասաց, որ նախարարությունների թվի կրճատումները պետք է արվեն, բայց այդպես էլ չասաց, թե կոնկրետ ո՞ր նախարարությունն է առաջարկվել ԱԺՄ-ին։

Արմեն Ռուստամյան- ՀՅԴ խմբակցություն. Նրա ասելով հանդիպումների նպատակն առաջին հերթին այս վիճակից ելք գտնելն է։ Արդեն «պարզ է, որ մի ուժ, մի կուսակցություն» հնարավորություն չի ունենա շտկել իրավիճակը։ Կառավարության կազմի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանի ասելով՝ կոնկրետ խոսակցություններ չեն եղել, խոսակցությունը գնացել է կառուցվածքային փոփոխությունների մասին. «Ողջունելի է, որ վարչապետը հստակ ասում է, որ կարիք կա այս խնդիրները միասնաբար, համատեղ լուծելու, եւ այդ վստահության մթնոլորտը շատ ողջունելի է»։ Իսկ նախագա՞հը. «Նախագահը պետք է հաստատի ցանկացած փոփոխություն իր լիազորությունները օգտագործելով, ի վերջո, վերջին խոսքը նախագահինն է»։ Հնարավո՞ր է, որ վերջին հանդիպումների արդյունքում կառավարությունում նոր դաշնակցական պորտֆել հայտնվի. «Բոլորին հնարավորություն տրվել է մասնակցություն ունենալ, վարչապետի կողմից այդպիսի տրամադրվածություն կա. բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել, այդ թվում նաեւ թեկնածուների հարցում ինքը որեւէ փակուղի կամ արգելք չի դնում։ Որ կուսակցություններն ունեն բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք նաեւ մնացած կարեւոր չափանիշները կունենան, կարող են առաջադրել, եւ վարչապետը դրանց միջից ընտրություն կկատարի»։

Լեոնիդ Հակոբյան- ՀԿԿ խմբակցություն. Վարչապետի հետ հանդիպման մասին Լեոնիդ Հակոբյանը չուզեց խոսել. «Եթե ամեն պատգամավոր սկսի պատմել, թե ի՞նչ են խոսել վարչապետի մոտ, ուրեմն պատգամավորն իր գործով չի զբաղվում»։ Թեպետ պրն Հակոբյանը չէր ուզում հարցերին պատասխանել, բայց հարցրի. «Կուսակցությանը նոր կառավարության մեջ ինչ-որ պորտֆել չի՞ առաջարկվել»։ Լեոնիդ Հակոբյանն ասաց, որ ինքն այդ խոսակցությանը ներկա չի եղել. «Դուրս էինք գալիս, ծխում էինք։ Մենք մինչեւ գիշերվա ժամը մեկն անց կես վարչապետի մոտ ենք եղել»։

Տիգրան Թորոսյան- ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, «Միասնություն» խմբակցություն. Պարոն Թորոսյանը մեր հարցին պատասխանելով ասաց, որ որեւէ նախարարության կամ պաշտոնի առաջարկ վարչապետի եւ խմբակցությունների հանդիպման ժամանակ չի արվել. «Խոսք եղել է կառավարության կառուցվածքի մասին, որովհետեւ հավաքի հիմնական նպատակներից մեկն էր։ Բնական է, որ բոլորը գտնում են, որ նման մեծ թվով նախարարությունները Հայաստանի համար շատ են։ Ի վերջո, կուսակցությունները կարող են քննարկել կամ խորհուրդներ տալ վարչապետին, բայց վարչապետը ինքը պետք է որոշի այդ կառուցվածքը եւ ներկայացնի նախագահին»։ Խորհրդարանական խմբակցությունների եւ «Կայունություն» խմբի համատեղ հայտարարության մեջ խոսվում է երկրի ծանր վիճակի մասին եւ ասվում է, որ պետք է վիճակից համատեղ ուժերով դուրս գալ։ Արժե՞ր ժողովրդին ասել մի բան, որը նա վաղուց գիտի, նպատակը ո՞րն է. «Լիովին համաձայն եմ, որ այն, ինչ ասվել է հայտարարությունում, ե՛ւ ժողովրդի, ե՛ւ բոլորի կարծիքն է։ Թերեւս մեկ իմաստ կարելի է դնել դրա մեջ. ստորագրած բոլոր կուսակցություններն այդ մասին միասին են հայտարարում, ավելի մեծ իմաստ այդ հայտարարությունը չունի»։ Իմ սուբյեկտիվ դիտարկմամբ այս հանդիպումները նպատակ ունեն նախագահին մի տեսակ մի կողմ թողնել. «Կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը եւ ինքս անձամբ որեւէ միտում չունենք ՀՀ նախագահին կամ որեւէ բարձրագույն պաշտոնյայի մի կողմ թողնել»։

Արթուր Բաղդասարյան- «Օրինաց երկիր» խմբակցություն. «Վարչապետը շատ խոհեմ քայլ է կատարում, երբ ցանկանում է լսել խորհրդարանական կուսակցությունների տեսակետները։ (…) Առաջարկներ եղել են ե՛ւ կառավարության կառուցվածքի, ե՛ւ կազմի ձեւավորմանը մասնակցել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829