Պատգամավոր Վանո Սիրադեղյանը երեկ եկավ խորհրդարան։ «Առավոտի» հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ պարոն Սիրադեղյանն այսուհետեւ կդառնա պարտաճանաչ պատգամավոր, վերջինս պատասխանեց. «Երեկ փետրվարի 20-ն էր, այդ օրը մեր մեջ է, որոշեցի այսօր գալ»։ Երբ ասացինք, թե նրա այցի մասին լուրը երեւի զետեղենք «Լավ լուր» խորագրի ներքո, Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Վատ լուրի տակ էլ գրեք, որ կարծում էի, թե բյուջեն պետք է քննարկեն, բայց դա չէր»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Հոլանդական Ասեն քաղաքում թուրքական համայնքն աղմուկ է բարձրացրել այդ քաղաքում հայերի ցեղասպանության կոթողը տեղադրելու վերաբերյալ։ Տեղական իշխանությունների հասցեով գրված նամակում թուրքերը զգուշացնում են, որ կոթողի տեղադրումը կարող է բերել անկարգությունների։ Նույնատիպ նամակ է գրել նաեւ Հոլանդիայում Թուրքիայի դեսպանը, որը, մասնավորապես, նշում է, որ այն, ինչ հայերը պնդում են այն ժամանակաշրջանի մասին՝ սուտ է։