Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը փետրվարի 8-ից սկսել է ստուգել վիճակախաղերով զբաղվող բոլոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը։ Որքան էլ այս քայլը դուր գա ոմանց, անհրաժեշտ է նշել, թե առանց որոշակի բողոքների առկայության նման ստուգումների իրավունքը դատախազության գործառույթների մեջ չէ, այլ հարկային մարմինների եւ ֆինանսների նախարարության վիճակախաղերի արտոնագրմամբ ու վերահսկմամբ զբաղվող համապատասխան վարչության։
ՓՈՐՁԱՆՔՆ ԱՆՊԱԿԱ՞Ս Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՑ»
Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը գողացել են «Հայկական ժամանակի» երկու համակարգիչներն (որոնցից մեկը հատկացրել էր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը) ու տպիչը։ Զարմանալին այն է, որ բացարձակապես կոտրված չեն ո՛չ դռան կողպեքները, ո՛չ պատուհանները։ Նաեւ մտորելու տեղիք է տալիս, որ կողոպտիչները ձեռք չեն տվել գլխավոր խմբագրի սեղանին բաց դրված ձայնագրիչին եւ կամ՝ սեյֆը բացելու փորձ իսկ չեն արել։ Իրավապահ մարմինները քննում են այս պատահարը։
Կարդացեք նաև
ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ ԽԱՂԱՑԻՆ
«Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը «զուտ տեխնիկական» պատճառներով չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը։ Ավելի ուշ Հրանտ Խաչատրյանին տեղյակ են պահել հայտարարության մասին եւ խնդրել այն ստորագրել։ Դե, նա էլ ստորագրել է։ Սա չի՞ նշանակում, որ ՍԻՄ-ը այս պահին խաղից դուրս է մնում. «ՍԻՄ-ը երբեք խաղից դուրս չի»։
Ավելի մանրամասն կարդացեք 2-րդ էջում։
ՎԵՐՋՆԱԳԻՐ
Թուրքիայի վարչապետը երեկ զգուշացրել է Ֆրանսիային, որ երկու երկրների հարաբերությունները կտուժեն, եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի հայերի Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը։ «Հույս ունեմ, որ նախագահ Շիրակը եւ վարչապետ Ժոսպենը կանեն այն, ինչ պետք է»,- հայտարարել է վարչապետ Բյուլենթ Էջեւիթը։