Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ է մնացել

Փետրվար 22,2000 00:52

Լավ է, որ 81-ամյա ընդմիջումից հետո ՀՅԴ ընդհանուր ժողովը տեղի ունեցավ Հայաստանում։ Հրաշալի է, որ մտադրություն կա Բյուրոյի կենտրոնական գրասենյակը տեղափոխել Երեւան։ Հոյակապ է, որ Բյուրոյի ներկայացուցիչ (այսինքն՝ ղեկավար) ընտրվեց մի քանի տարվա ընթացքում Հայաստանում բեղմնավոր գործունեություն ծավալած իրանահայ Հրանտ Մարգարյանը։

Մնում է միայն, որ ՀՅԴ-ն չղեկավարվի եւ չֆինանսավորվի դրսից, այսինքն՝ Սփյուռքի դաշնակցականները հրաժարվեն հայաստանյան կուսակիցների գրպանները «ինվեստիցիաներ» կատարելուց, եւ ՀՅԴ-ն լիովին կհամապատասխանի Հայաստանի օրենքներին։

Եվ այդ դեպքում կարելի է վստահ լինել, որ որեւէ նախագահ դաշնակցությունը չի արգելի։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, որին ՀՅԴ-ն «վիզ դրած» պաշտպանում էր նախընտրական կոմպանիայի ժամանակ, եւ որն այնուամենայնիվ, չարդարացրեց դաշնակցականների հույսերը, ինչում, բնականաբար, այդ կուսակցության մեղքը չկա։ Ո՛չ հաջորդ նախագահը՝ նույնիսկ այն դեպքում, եթե նա իշխանության բերվի դաշնակցականների հետ առանձնապես ջերմ հարաբերություններ չունեցող «երկրապահական թեւի» կողմից։ Ոչ էլ առավել եւս՝ ՀՅԴ-ի ոխերիմ թշնամի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին դաշնակցականները (մեր կարծիքով, առանց որեւէ հիմքի) կասկածում են վերադառնալու ցանկության մեջ։ Մի խոսքով, ներկա անկայուն իրավիճակում բոլոր կուսակցություններին արժե գործել օրենքի սահմաններում։ Դաշնակցությանը՝ առավել եւս։

Թեկուզ այն պատճառով, որ դաշնակցությունը, բոլոր մնացած ազգային ուժերի նման, խոստացել էր դատի տալ նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին։ Մասնավորապես, Տեր-Պետրոսյանին։ Բյուրոյի նորընտիր քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Ազգին» ասաց, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ էր՝ «նյութի նախապատրաստման» փուլում։ Իսկ ինչո՞ւ այդ բաղձալի վրեժը չիրականացվեց։ Որովհետեւ, ըստ պրն Հովհաննիսյանի, «հոկտեմբերի 27-ի դեպքերը ամեն ինչ խառնեցին»։ Ստացվում է, որ եթե չլինեին այդ դեպքերը, Հայաստանի առաջին նախագահը վաղուց արդեն նստած կլիներ ՊԱԿ-ի նկուղներում՝ հուրախություն բոլոր ազգային ուժերի։ Իսկ ինչո՞ւ դաշնակցականները «ժամանակավորապես նպատակահարմար չեն գտնում հիմա նման գործընթաց սկսելու»։ Որովհետեւ, ըստ Բյուրոյի քաղաքական ներկայացուցչի՝ «դա կարող է էլ ավելի սրել հարաբերությունները առանց այդ էլ խարխլված համակարգի մեջ»։

Իսկապես, ի՞նչ իմաստ ունի սրել հարաբերությունները՝ այն էլ ժամանակից շուտ։ Այ, հենց որ համակարգն ուշքի գա, ահա այդժամ կուսակցությունն իր հաշիվները կմաքրի ազգիս թշնամիների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829