Հարկադիր կատարման ծառայությունն առաջարկեց ընդհանրապես նկարահանել Մալաթիա-Սեբաստիա եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող դատական նիստը։
Հայցվոր կողմը՝ 75-ամյա Ազգուշ Միքայելյանն ընդհակառակը, ցանկացել էր, որպեսզի լրատվամիջոցները ներկա գտնվելով՝ տեսաձայնագրեն։ Նախագահող Լ. Դանիելյանը տեսաձայնագրման կապակցությամբ որոշեց հարգել պատասխանող կողմի՝ հարկադիրների միջնորդությունը։ Երեկվա նիստն ի վերջո սկսվեց։ (Երկու անգամ հարկադիրները չեն ներկայացել դատարան)։ Քաղաքացի Ա. Միքայելյանը, չնայած պաշտոնատար անձանց գործողությունների դեմ դիմում-բողոք էր բերել առաջին ատյանի դատարան եւ պատասխանատվության համար կանչել հարկադիր կատարման ծառայության հինգ աշխատակիցների, իրենց պետի գլխավորությամբ, սակայն դատարան էր ներկայացել միայն Գ. Այվազյանը։ Հայցվոր Ա. Միքայելյանը կրկին պահանջեց, որ իր 01.09.99 թ. վճիռը կատարվի, քանի որ անցել են ամիսներ, իսկ հակադիրը զբաղված է դատարանի կայացրած վճռի «սրբագրմամբ»։ Հիշեցնենք. Ա. Միքայլեյանի հարսին՝ Ռ. Մկրտչյանին, իր երեխաների հետ պետք է վտարեն «որպես փոխհատուցում սեփականության իրավունքով հատկացված» Նորքի 9-րդ զանգվածի 45 շ. թիվ 30 բնակարանը։ Ա. Միքայելյանի պաշտպան փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ հարկադիրը միտումնավոր չի կատարում դատարանի վերոնշյալ վճիռը, որ իր պաշտպանյալը հայտնվել է օրենքից հալածված վիճակում, ընկել պարտքերի տակ, անտուն է, այն դեպքում, երբ սեփականատեր է։
Փաստաբանը զարմանք հայտնեց, որ փոխնախարարի մոտ լինելով, վերջինս «չի հասկացել փոխհատուցում բառը», որ երբ ինքը վկայակոչել է օրենսգիրքը, նա կոպտորեն ընդհատել է իրեն, թե՝ «եկել ես նվաստացնելո՞ւ»։ Պաշտպանը զարմացել էր նաեւ, որ հարկադիրը վճիռը չի կատարում ասելով, թե պետք է «տունը ձեւակերպվի», այն տունը, որն այլեւս Ա. Միքայելյանինը չէ եւ նա շահագրգռված էլ չպիտի լինի ձեւակերպման հարցով զբաղվելու, ինչպես եւ հարկադիրը այդ խնդրով։
Հարկադիր կատարման ծառայության խնդիրը եղել եւ մնում է մինչեւ 2 ամսվա ընթացքում ապահովել ցանկացած դատարանի կայացրած եւ ուժի մեջ գտնվող վճիռը։ Հարկադիր կատարող Գեղամ Այվազյանը վճռի չկատարելը կապեց նախ իրենց ծանրաբեռնվածության հետ։
Կարդացեք նաև
Ազգուշ մայրիկն ասաց, որ հարսին տրամադրվելիք բնակարանի բանալին տվել է հարկադիրներին, որոնց հանձնելուց հետո պատշգամբի ապակին է կոտրվել, եւ ստիպված է եղել փաստորեն պարտքով ապակի գնել (դա եւս իր խնդիրը չպիտի լիներ)։ Հարկադիր կատարողը տեղեկացրեց, որ ապակին կոտրվել է շենքի բնակիչների կողմից, քանի որ վթար է եղել, իսկ դուռը կոտրել չեն փորձել։ Ասաց նաեւ, որ Ազգուշ մայրիկը կարող է փողն ուզել այդ շենքի բնակիչներից՝ «կոտրողներից»… Գ. Այվազյանը ասաց նաեւ, որ Ռ. Մկրտչյանի վտարումը եւ դատարանի վճիռը չի կատարում, որովհետեւ երեխաներ են, կին, ինչի կապակցությամբ էլ նախագահող Լ. Դանիելյանը նկատեց. «Մի կողմին լավություն անելու հաշվին չպետք է մի ուրիշ կողմի իրավունքները ոտնահարել»։ Դատարանը լսելով կողմերին (եղավ նույնիսկ, որ հարկադիրը չէր ուզում պատասխանել փաստաբանի հարցերին) վճռեց քաղաքացու բողոքը բավարարել, պարտավորեցնելով հարկադիր կատարման համապատասխան ստորաբաժանմանը կատարել այն վճիռը, որով փաստորեն ծեր կինը կվերադառնա սեփական բնակարան, իսկ նախկին հարսը՝ երեխաների հետ, դատարանով հատկացված բնակարանը։ Քաղաքացին հաղթեց։ Տեսնենք՝ հարկադիրը «անհապաղը» ե՞րբ կկատարի…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ