Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԱՊՍՏԱՄԲԵԼ ԷԻՆ

Փետրվար 19,2000 00:00
dashnak

Սուր զգացողությունների սիրահարներին միանգամից հանգստացնենք՝ ասելով, որ դա մեր օրերի բան չէ, այլ՝ բոլշեւիկների։ 21 թվականի փետրվարի 18-ին Գառնի գյուղից սկսվեց դաշնակցական խմբապետերի ապստամբությունը, ալիքը հասավ Երեւան, 40 օրվա իշխանություն ստանալով՝ դաշնակներն իրենց մի քանի կարեւոր հարցեր փորձեցին լուծել եւ իշխանությունը կրկին «ետ ողորմացին» բոլշեւիկ ընկերներին։

Հայ ժողովրդի պատմության այս հատվածը եւս կարգին չի լուսաբանված։ Ազգիս պատմիչները հաճախ իրենց բուն գործով, այն է՝ պատմությունը գրելով, զբաղվելու փոխարեն, միայն պարապ խոսք ու զրույցով են զբաղված։ 1921 թվականի փետրվարի 18-ի իրադարձությունների մասին, հասկանալի պատճառներով, սովետական դասագրքերում ոչինչ չէր պատմվում, եթե ինչ-որ բան էլ լինում էր, ապա ապստամբությունը որպես ավանտյուրա հիշատակելու նպատակով։

Գառնի գյուղում ավանդաբար նշվում է այս օրը. Երեւանից գալիս են դաշնակ ընկերներ, համապատասխան ելույթներ են հնչում, «տանջված Տաճկահայաստանի» ապագա ազատության, խմբապետ Համոյի եւ մյուս խմբապետերի մասին երգեր են հնչում, տարեց գառնեցիներ են խոսում, հուշեր են պատմում եւ հանդիսությունն ավարտվում է։ Օրվա խորհուրդը զուտ որպես խորհուրդ նույն Գառնիում նշում է նաեւ ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ։ Մի քանի տարբերությամբ իհարկե. Հայրիկյանն այդ բանն անում է Գառնիի տաճարում, իսկ ՀՅԴ-ն՝ մշակույթի պալատում։ Մի քիչ դժվար է այն պալատ կոչել, քանի որ սովետական շինությունն ամեն ինչի նման է, բացի պալատից։

Գառնի գյուղում ձմռան արեւ կար, պալատի ներսում՝ ցուրտ էր ու մութ։ Բայց դահլիճը լեփ-լեցուն էր. եկել էին տարեց դաշնակներ, երիտասարդ եւ շատ երիտասարդ դաշնակներ։ Նույնիսկ հավաքին ներկա կին դաշնակները յուրաքանչյուր ելույթ ունեցողի հետ՝ որպես ասվածի համաձայնության նշան, ժամանակ առ ժամանակ թափահարում էին գլուխները։

Ծերունի դաշնակներն իրենց կուսակցության նկատմամբ խիստ լավատես էին։ Կասկածներ ունեմ, որ նրանցից մի քանիսը նախորդ կյանքում կոմունիստ են եղել, երեւի տոմսն էլ պահպանել են («Թող մնա, ո՞ւմ է խանգարում»), բայց այսօր խոսում են որպես դաշնակ, դեռ մի բան էլ ավելին։ Նրանց ասելով. «2001 թվականին արդեն ժողովուրդը պարտադրելու է, որ դաշնակցությունը վերցնի իշխանությունը, քանի որ սրանք բոլորը փուչիկ են։ Միակ ռեալ ուժը դաշնակցությունն է»։ Դաշնակ ծերունիներից մեկը նույնիսկ պնդում էր, որ բոլոր ընտրությունները համահայկական լինեն եւ Սփյուռքի հայերը հավասար իրավունք ունենան նախագահ առաջադրել եւ ընտրել։ Եթե սա հանկարծ իրականություն դառնա, ապա այն ժամանակ էլ կդժգոհենք, որ նախագահը ուրուգվայցի է, դրա համար էլ երկիրը երկիր չի դառնում։

Հանդիսավոր մասը բացեց Գերագույն մարմնի քաղաքական պատասխանատու Արտաշես Շահբազյանը, որը պատմական էքսկուրս կատարեց, ասելով. «Իրողությունն այն է, որ ժողովուրդը ցնծության արցունքներով դիմավորեց հայրենիքի փրկության կոմիտեի զորքի եւ գործիչների մուտքը Երեւան, ամենուրեք պատուհաններից կախված էին եռագույնները»։ Ըստ պարոն Շահբազյանի՝ այսօր ամենամեծ պակասը հավատի պակասն է, «հավատը իշխանավորի նկատմամբ, վաղվա օրվա նկատմամբ։ Հուսալքությունը ջարդում է ժողովրդի ողնաշարը, սպանում է նրա միջի ըմբոստության ջիղը, եւ նա ապստամբելու այլ ճանապարհ չի տեսնում, քան թքել-հեռանալը»։

Օրվա խորհրդի մասին խնդրեցինք, որ իր խոսքն ասի նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, սակայն վերջինս երեկ չուզեց խոսել, խոստանալով, որ այդ բանը կանի մի քանի օր անց։

Դաշնակցական հայտնի գործիչ Էդուարդ Հովհաննիսյանին խնդրեցինք մի քանի խոսք ասել։ Չգիտես ինչու, պարոն Հովհաննիսյանին թվում էր, թե հարցս պետք է վերաբերի 28-րդ ընդհանուր ժողովին եւ անընդհատ ասում էր, թե «համագումարի մասին ես իրավունք չունեմ խոսել, ոչինչ մի հարցրեք»։ Այդպես էլ ուզում էի անել, հարցս անմեղ հարց էր. փետրվարի 18-ի խորհուրդը։ Պատասխանն այսպիսին էր. «Հայ ժողովուրդը կանգնած էր ճակատագրական ընտրության առջեւ, մեկ կողմից Կարաբեքիրը առաջարկում էր հանձնվել Թուրքիային, մյուս կողմից խորհրդային իշխանությունն առաջարկում էր խորհրդայնացնել երկիրը։ Բոլոր քննարկումները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ Ռուսաստանը Ռուսաստան է, եւ պետք է ընտրել չարիքների փոքրագույնը, եւ մենք ընտրեցինք։ Բայց պայմանագրի պայմանները խորհրդային իշխանությունը չհարգեց, եւ սկսեց կացնահարել բանտերում ՀՅԴ անդամներին, նույնիսկ այնպիսիներին, ինչպիսին էր Համազասպը»։

Ապստամբության գաղափարն այսօր որքանո՞վ է արդիական. «Հայրենիքն ունի փրկության կոմիտեի անհրաժեշտություն»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Երեւան-Գառնի ավտոմայրուղու հենց սկզբից բազմաթիվ ռեստորաններ կան. սիրուն, ճաշակով ու անճաշակ, բայց պարտադիր՝ անչափ հարուստ։ Երեկոյան ժամերին, ականատեսների վկայությամբ, սրանցից յուրաքանչյուրի դիմաց 10-12 «Ջիպ» ու «Մերսեդես» է կանգնում։ Իսկ ասֆալտը ձեռքից գնացել է, տարբեր լայնության եւ խորության փոսերը դժվար է շրջանցել (ո՞ր մեկը շրջանցես), իսկ փոսի մեջ թրմփալը, հավատացեք, տհաճ բան է։ Չեմ ուզում առաջարկել, որ ռեստորանների տերերը եւ այցելուները (չի բացառվում, որ երբեմն դա նույն անձն է լինում) փող հավաքեն եւ ճանապարհը վերանորոգեն։ Թեպետ, եթե անեն, ես դեմ չեմ լինի։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում. յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տերը տեխնիկական սպասարկման անձնագիր ստանալիս նաեւ մոտ 8 հազար դրամ է վճարում ճանապարհի վերանորոգման համար, որտե՞ղ են իրացվում այդ փողերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829