Հեյդար Ալիեւն ԱՄՆ-ում խոստովանել էր, թե մինչեւ հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի հետ մոտ էին հիմնահարցի լուծմանը, բայց դրանից հետո առաջընթացը դադարեց։ Այս եւ հետագա այլ տվյալները քաղել ենք «Ազատություն» ռ/կ-ի փետրվարի 15-18-ի հաղորդումներից։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փետրվարի 14-ին հայտարարել էր, թե ամերիկահայությունը բողոքի ցույցերով ուղեկցելու է Ալիեւին Ամերիկայում նրա այցելած բոլոր քաղաքներում՝ «հիշեցնելով նրա բիզնես-գործընկերներին եւ քաղաքական դաշնակիցներին, որ Ադրբեջանի ղեկավարը կաշառակեր է, ոտնահարում է մարդու իրավունքներն իր երկրում եւ ապօրինի շրջափակման է ենթարկում իր հարեւաններին»։ Եվ երբ Ալիեւն, ասենք, Ջոն Հոփկինսի համալսարան էր այցելել, ամերիկահայ ցուցարարները վանկարկել էին, թե Ղարաբաղը հայկական է եւ նավթային ընկերություններից պահանջել, որ չֆինանսավորեն բռնակալներին։ Իսկ Ալիեւն անգամ ձեռքով ողջունել էր նրանց՝ ասես գիտակցելով, թե միեւնույն է, չի կարող ազատվել իր մշտական ուղեկիցներից։
«Հայերն արդեն պետություն ունեն, հայ ժողովուրդն իր պետությունն ունի,- ասել էր Ադրբեջանի նախագահը։- Եվ շատ զարմանալի է, որ Լեռնային Ղարաբաղը ցանկանում է դառնալ երկրորդ հայկական պետությունը»։
Իր ամերիկյան նախորդ ելույթներում Ալիեւը որեւէ դրական բան չէր ասում Հայաստանի վերաբերյալ։ Այս անգամ նա արդեն հարգանքով է խոսել Հայաստանի նախագահի մասին։
Կարդացեք նաև
Տարածաշրջանում խաղաղություն չհաստատելու եւ Ղարաբաղի հարցը չլուծելու գլխավոր խոչընդոտն Ալիեւը համարել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը. «Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Հայաստանին եւ այն էլ՝ արդիական զենք»։
Այս օրերին ԱՄՆ-ում են նաեւ Ադրբեջանի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն եւ աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովը։ Երկուսն էլ հայտարարել են Ռուսաստանից սպառնացող նոր վտանգների մասին։ Ընդ որում, Ռուսաստանը ներկայացրել են որպես չարիք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ԱՄՆ-ի շահերի համար։ «Տարածաշրջանի խաղաղությունը չի բխում Ռուսաստանի շահերից»,- ասել է Գուլուզադեն, որի համոզմամբ Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ Ռուսաստանը կկորցնի ազդեցության լծակները Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Ուստիեւ, Կրեմլն օգտագործում է բոլոր լծակները տարածաշրջանի անկայունությունը երկարաձգելու համար։ Գուլուզադեի ելույթից հետո ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը ստիպված է եղել հատուկ պարզաբանումներով հանդես գալ։
Փետրվարի 15-ին Բիլ Քլինթոնի եւ Հեյդար Ալիեւի 45 րոպեանոց հանդիպման հիմնական թեմաները Ղարաբաղի խնդիրն ու նավթային ծրագրերն էին։ Այս հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն այլեւս չէր պնդել, թե Ղարաբաղի հարցը լուծվելու է այս տարվա ընթացքում։
Փետրվարի 16-ին Ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների հանձնախմբի լսումների ընթացքում պետքարտուղար Մադլեն Օլբրայթն անդրադարձել է նաեւ Հեյդար Ալիեւի հետ իր հանդիպմանը եւ հաստատել, թե հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո հակամարտության կարգավորման գործընթացն, անշուշտ, դանդաղել է։
Ի դեպ, կոնգրեսականներից մեկն այս լսումների ընթացքում արծարծել է Հայաստանին օգնության չափը կրճատելու հարցը։ Մտավախություն է հայտնվել, որ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված ուղղակի օգնությունը տեղ չի հասնում. «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ Ադրբեջանին օգնություն հասցնելու եւ օգնության չափը մեծացնելու, պետք է բացատրեն, թե ինչո՞ւ նավթային մեծ հարստություն ունեցող պետությունը, որ մեզ համոզում է, թե քաղաքականապես այնքա՜ն կարեւոր է մեզ համար՝ պետք է տնտեսական օգնություն ստանա մեզանից։ Միայն վատ կառավարությունն է, որ նստած լինելով նման պաշարների վրա՝ դեռեւս օգնություն կհայցի, չի կարողանա նեդրումներ ապահովել ու փող կխնդրի իր ժողովրդին կերակրելու համար»։
Ինչեւէ, նախագահ Ալիեւն արդեն իսկ սպառել է պաշտոնական հանդիպումների եւ ելույթների ծրագիրը, չնայած ԱՄՆ այցը նախատեսվածից դեռ մեկ շաբաթ ավելի է տեւելու։ Բալթիմորի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ուր նա փետրվարի 17-ին աչքի վիրահատության ենթարկվեց, Ադրբեջանի նախագահը մեկնելու է Քլիվլենդ, որտեղ բժիշկները քննելու են նրա սրտի աշխատանքը։
Վերջում մանրամասնենք այս նյութի նախաբանում մեջբերված տվյալը։ «Վաշինգթոն փոստի» խմբագիրների եւ մեկնաբանների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ Հեյդար Ալիեւն ասել էր, որ հոկտեմբերին ինքն ու Ռոբերտ Քոչարյանն արդեն համաձայնեցրել էին կարգավորման պայմանագիրը, սակայն Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանությունը կտրուկ փոխեց իրավիճակը։ Ալիեւը չի պնդել, թե Նաիրի Հունանյանի արարքն ուղղված էր բանակցային գործընթացի դեմ։
Պատրաստեց
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ