Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ՝ օրերս Գագիկ Ծառուկյանի (Դոդի Գագո) արջը քոթոթ է ունեցել։ Ասում են, որ պրն Ծառուկյանը մեծ սեր ունի կենդանիների հանդեպ եւ իր բակում պահում է նաեւ եղնիկներ ու այլ կենդանիներ։ Այնուամենայնիվ քոթոթին մաղթում ենք, որ մեծանա՝ խմբագրություն չներխուժի եւ լրագրողներին չծեծի։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀԺԿ քաղաքական խորհրդի փետրվարի 17-ի նիստում որոշվել է ստորագրություններով միանալ այն պատգամավորական նախաձեռնությանը, ըստ որի էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցը պիտի քննարկվի արտահերթ նիստում։ ՀԺԿ քաղաքական խորհրդի նիստում հաղորդմամբ հանդես է եկել Մանվել Բադեյանը եւ նշել, թե կառավարության պնդումներին հակառակ՝ 2000 թ. բյուջեի նախագիծն իրատեսական չէ, քանի որ այդ փաստաթղթում արտացոլված չէ որեւէ ծրագիր՝ այն հիշեցնում է մուտքերի եւ ծախսերի հաշվապահական գրառում ու նաեւ տնտեսական ներկա իրավիճակում հնարավոր չէ բյուջեի նախատեսված մուտքերն ապահովել։ Այս ամենը «Վատ լուրի» ներքո ենք ներկայացնում, քանի որ, մեր կարծիքով, բավական անհարմար ժամանակ է ընտրել ՀԺԿ-ն կառավարությունից ձերբազատվելու եւ բնավորություն ցույց տալու համար։