Հարցազրույց Վարուժան Կարապետյանի հետ
– Վարուժան, դու արդեն 17 տարի է բանտում ես: Ի՞նչ տեղաշարժեր կան քո ազատաշնորհման գործում:
– Ինչպես գիտես, Ֆրանսիայում ցմահ դատապարտված քաղբանտարկյալները իրավունք ունեն ըստ Ֆրանսիական օրենսգրքի 729 հոդվածի՝ պայմանական ազատությամբ դուրս գալու բանտից: Իմ պարագայում սա նշանակում է երկրից արտաքսում: Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը ինձ տվել է երկրում ապաստանելու իրավունք: Ավելին, իմ թղթածրարում Ֆրանսիայի արդարադատության նախարարությանն եմ ներկայացրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք ապահովում են վերոհիշյալ օրենքի պայմանները: Անցած տարի նախարարությունը չվավերացրեց իմ ազատ արձակումը: Այս տարի մեկ անգամ եւս արդարադատության նախարարությունը քննելու է իմ գործը: Տեղին է հիշատակեմ, որ իմ ազատ արձակումը շարունակվում է դիտվել որպես քաղաքական որոշում: Այսինքն, ինձ նման բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնք եւս դատապարտված էին ցմահ բանտարկության, առավելագույնս 10 տարի մնացին ազատազրկված: Նրանք ազատ արձակվեցին շնորհիվ իրենց պետությունների կամ էլ կազմակերպությունների ծանրակշիռ միջամտության, ինչը որ իմ պարագան չէ:
– Ինչու՞ քո պարագան չի կարող ազդեցիկ սատարում ստանալ Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան կազմակերպությունների կողմից եւ ի վերջո արժանի լուծում գտնել:
Կարդացեք նաև
– Հայաստանի Հանրապետությունն իր ներկայի անհամար պրոբլեմներով եւ իր քաղաքական դիրքով ի վիճակի չէ որեւէ կերպ նպաստելու կամ միջամտելու իմ խնդրի դրական լուծմանը: Համենայնդեպս այն փաստը, որ մինչեւ այժմ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեղան նույնիսկ ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել եւ դրան համապատասխան գործողությունների կամ միջամտության դիմել, ավելի քան խոսուն է: Չմոռանանք նաեւ կարեւորագույն մի հանգամանք: Նախ, ինչպես ասացի, 1998-ից սկսած ոչ մի իրավաբանական արգելք չկա իմ ազատ արձակման հարցում: Իմ իրավիճակը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատանդի կարգավիճակ:
– Ինչպե՞ս ես գնահատում քաղաքական իրավիճակն այս պահին, երբ քո ազատաշնորհման հարցը, ինչպես ասացիր, քննվում է Ֆրանսիո արդարադատության նախարարությունում:
– Մեծ հույսեր էի փայփայում, սակայն ցավոք, հոկտեմբերի 27-ի աղետալի դեպքերը խաթարեցին արյան գնով ձեռք բերված որոշ նվաճումներ եւ մեր հայրենիքի առաջընթացը եւս մի քանի քայլ ետ մղվեց: Իմ բարդ խնդրի լուծումը, որ մի օղակն է մեր հազարավոր պրոբլեմների շղթայի, կարող է լուծվել միայն այդ ամբողջությամբ, այն է՝ Հայաստանի քաղաքական կայունությամբ:
– Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի այս խնդրի վերաբերյալ Փարիզի հայ բանտարկյալների օժանդակ հանձնախումբը: Նպաստու՞մ է քո գործին:
– Ինչպես Փարիզի այս հանձնախումբը, որը ղեկավարվում է երկու անձանց կողմից, այնպես էլ Հայաստանում գործող հայ քաղբանտարկյալների օժանդակության հանձնախումբը ժամանակին սատարում էին իմ գործին Երեւանից եւ Սփյուռքից ստորագրություններ հավաքելով: Սակայն, 87-ից ի վեր ես ստիպված էի այլեւս չհամագործակցել այս կազմակերպությունների հետ, քանի նրանք իմ ազատությունից առավել շահագրգռված էին իմ անունը շահագործել՝ արդարացնելու համար իրենց գոյությունը, ապա այն նյութական հանգանակությունները, որոնք հատկապես Սփյուռքում արվում էին իմ անունով:
– ԱՖՓ լրատվական գործակալությունը, որն անդրադառնալով ԱՍՍԱԼԱ-ի հայտարարությանը, հիշատակում է Անկարայի եւ Օրլի գործողությունները: Այսպիսով մի առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվում Օրլի գործողությանը, որի մասին, փաստորեն, ֆրանսիացիք այլեւս չէին խոսում: Ի՞նչ ազդեցություն կարող է սա ունենալ քո գործի վրա, այն էլ քեզ համար ճակատագրական այս պահին:
– Նախ, Հայաստանյան այժմյան իրավիճակում մի քանի անպատասխանատու մարդկանց սպառնալիքները Թուրքիայի դեմ, ավելի քան անլրջություն է, որոնք իրենք ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին եւ Հայաստանի պետական անվտանգությունը վտանգի տակ են դնում: Նման հայտարարությունը կարող է թուրքերի եւ միջազգային որոշ կազմակերպությունների համար պատճառ հանդիսանալ, որպեսզի առավել եւս ճնշում բանեցնեն առանց այս էլ տկարացած Հայաստանի վրա եւ զայն տեռորիստական պետությունների շարքին դասեն: Պատեհապաշտ մի քանի մարդիկ, որոնք որ ԱՍՍԱԼԱ-ի հետ ակտիվ գործ չեն ունեցել, այլ ընդամենը ժառանգել են ԱՍՍԱԼԱ-ի անունը, բնականաբար մեծագույն հարված են հասցնում նաեւ իմ գործերի ընթացքին:
– Արդյո՞ք սա նշանակում է, որ դու այլեւս չես կիսում ԱՍՍԱԼԱ-ի քաղաքական գիծը:
– Ոչ: Ես ոչ միայն չեմ կիսում ԱՍՍԱԼԱ-ի այսպես կոչված քաղաքական գիծը, այլեւ ինձ համար ԱՍՍԱԼԱ-ն ինչի համար կոչված էր ժամանակին, Հայաստանի անկախացումից հետո այլեւս անելիք չունի: Մենք, որպես ժողովուրդ, եթե չկարողանանք ունենալ պետական մտածողություն եւ հավատամք, մենք չենք կարողանա լուծել ազգային որեւէ մի հարց: Այնպես որ ես ոչ միայն հրաժարվել եմ ԱՍՍԱԼԱ-ից, այլեւ ավելի քան հավատում եմ, որ բոլոր խմբավորումների անվիճելիորեն հայրենասիրական նկրտումներն ավելի ազգանվեր եւ միասնական ուղու վրա կդրվեն: Եվ սա խելամտորեն եւ ճիշտ ժամանակին …
Հարցազրույցը՝
ՎԱՆՈՒՀԻ Ք.-ԲՂԴՈՅԱՆԻ
13.02.2000 թ.,
Սեն Մորի բանտ